Ռոբերտ Քոչարյանը նախագա՞հ էլ չի եղել. անխուսափելի առերեսում

160

1in.am — Ռոբերտ Քոչարյանի փաստաբանը հայտարարել է, որ իր պաշտպանյալը կապ չունի Մարտի 1-ի լուսադեմին ոստիկանության իրականացրած գործողության հետ, որի առնչությամբ ՀՔԾ-ն նոր քրեական գործ է հարուցել, և որը փաստորեն երրորդ գործն է Մարտի 1-ի առումով:

Մարտի 1-ի լուսադեմին ոստիկանությունը հատուկ գործողություն իրականացրեց և Ազատության հրապարակից հեռացրեց խաղաղ ցուցարարներին: Ըստ էության հենց այդ գործողությամբ էլ սկիզբ դրվեց օրվա արդեն ողբերգական իրադարձություններին, որովհետև մինչ այդ տասնօրյա հանրահավաքների ընթացքում տեղի չի ունեցել որևէ բախում, որևէ սադրանք կամ անկարգություն:

Փաստաբանը հայտարարում է, որ Ռոբերտ Քոչարյանը չի տվել հատուկ գործողության հրաման: Եթե այդպես շարունակվի, ապա թերևս հեռու չէ այն օրը, երբ Ռոբերտ Քոչարյանը իր կամ փաստաբանների շուրթերով կհայտարարի, որ 2008 թվականի մարտի 1-ին ինքն ընդհանրապես չի եղել Հայաստանի Հանրապետության նախագահ և չի զբաղեցրել որևէ բարձրաստիճան պաշտոն: Համենայնդեպս, ստացվում է հետաքրքիր պատկեր՝ գերագույն գլխավոր հրամանատարը կապ չի ունեցել բանակի զորանոցային վիճակի վերաբերյալ հրամանագրի հետ, կապ չի ունեցել ոստիկանության հատուկ գործողության հետ: Այդ դեպքում ինչի՞ հետ է կապ ունեցել Ռոբերտ Քոչարյանը՝ զբաղեցնելով գերագույն գլխավոր հրամանատարի պաշտոնը:

Ի վերջո խոսքը վերաբերել է պետության համար բախտորոշ խնդրի, իշխանության ձևավորման հարցի: Եվ առավել ևս, եթե առաջնորդվենք այն կանխավարկածով, որ ինքը՝ Ռոբերտ Քոչարյանն է առաջ քաշում, այսինքն՝ ընդդիմությունն էր ուզում սահմանադրական կարգ տապալել և, ստացած լինելով ընդամենը 21 տոկոս, կազմաքանդել պետական կառավարումը, ապա Ռոբերտ Քոչարյանն այդ օրերին էլ ավելի ամուր պետք է պահեր կառավարման ղեկն իր ձեռքը և պետք է ղեկավարեր ամենափոքր գործողությունն անգամ՝ հատկապես ուժային կառույցներին առնչվող: Չէ՞ որ հակառակ դեպքում կարող էր լինել ցանկացած սադրանք, այդ թվում՝ հենց ուժային կառույցների միջոցով:

Եվ այս առումով առնվազն տարօրինակ է, որ Ռոբերտ Քոչարյանը մի կողմից՝ փորձում է իր պաշտպանության հիմքում դնել սկզբունքը, որ ոչ թե ինքը, այլ Լևոն Տեր-Պետրոսյանն էր պետական կարգը տապալում, մյուս կողմից՝ այդ ամենով հանդերձ պարզվում է, որ Քոչարյանը բացարձակապես տեղյակ չի եղել և որևէ պատասխանատվություն չի կրել պետության ուժային կառույցների գործողությունների համար:

Այդ դեպքում ո՞վ է եղել պատասխանատուն, ո՞վ է տեղյակ եղել, թե ինչ էր անում բանակը կամ ինչ էր պատրաստվում անել, կամ ինչ էր անում ոստիկանությունը, ինչպես և ում հետ է համաձայնեցված եղել Ազատության հրապարակում լուսադեմի հատուկ գործողությունը: Ոստիկանապետ Հայկ Հարությունյանը ինքնագլու՞խ է գործել՝ փաստորեն այդպիսով սկիզբ դնելով պետական ու մարդկային ողբերգական իրադարձությունների, թե՞ իր գործողությունները համաձայնեցրել է այլ անձանց հետ: Այդ անձանց թվում եղե՞լ է Սերժ Սարգսյանը, որը գործող վարչապետ էր, իշխող խորհրդարանական մեծամասնության ղեկավար, պաշտոնապես ընտրված նախագահ:

Ակնհայտ է, որ առնվազն նոր քրեական գործով անխուսափելի է դառնում Սերժ Սարգսյանի հարցաքննությունը և, իհարկե, ոստիկանապետ Հայկ Հարությունյանի: Սակայն առանցքայինն անշուշտ Սերժ Սարգսյանի հարցաքննությունն է՝ նկատի ունենալով այն, որ Սարգսյանը գործնականում եղել է Ռոբերտ Քոչարյանի կալիբրին համարժեք երկրորդ ֆիգուրը, և այստեղ կարծես թե անխուսափելի է դառնում նույնիսկ առերեսումը:




Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache