Ռոբերտ Քոչարյանը շտապեց Պուտինի մոտ՝ սխալն ուղղելու

157

lragir.am — Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հերթական հարցազրույցն է տվել, այս անգամ ռուսական Կոմերսանտին: Հարցազրույցն ունի մի քանի հատկանշական հանգամանք, առանց իհարկե բովանդակային նորության եւ առավել եւս առանց քաղաքական նորարարության:

Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցի առանցքային շեշտադրումներն առնչվում են Ռուսաստանի հետ հարաբերության առումով Նիկոլ Փաշինյանի «անվստահելիությանը», եւ Պուտինի հետ իր՝ Ռոբերտ Քոչարյանի անձնական հարաբերության խորությանը:

Կոմերսանտին տված հարցազրույցում Ռոբերտ Քոչարյանը փաստացի խոստովանում է, որ սեպտեմբերի 8-ին ՌԴ նախագահի հետ հանդիպումից հետո թե նրա հետ անձնապես, թե Ռուսաստանի ու Հայաստանի մասով հարաբերության «փայլուն» լինելու մասին Նիկոլ Փաշինյանի գնահատականը առնվազն զգալիորեն մոտ է իրականությանը:

Հակառակ դեպքում երկրորդ նախագահը չէր ունենա կարիք հարցազրույց տալ նույն Կոմերսանտին, որին Պուտինի հետ հանդիպումից հետո հարցազրույց էր տվել Նիկոլ Փաշինյանը, եւ այդ հարցազրույցում բավականին երկար փորձ աներ համոզել Պուտինին, որ չի կարելի վստահել Նիկոլ Փաշինյանին: Եթե Ռոբերտ Քոչարյանը զգալի ջանք է գործադրում այդ հարցում, ուրեմն դա նշանակում է, որ Փաշիյան-Պուտին մակարդակում այդուհանդերձ ձեւավորվել է որոշակի փոխվստահություն, ինչն ուզում է ճեղքել Ռոբերտ Քոչարյանը:

Միաժամանակ, նա բավականին մանրամասն փորձում է ներկայացնել իր եւ Պուտինի հարաբերության պատմությունը, թե երբ այն ստացավ ջերմ ընկերական բնույթ, առաջացավ «քիմիան» եւ այլն: Ռոբերտ Քոչարյանն ասում է, որ երկու տարի պահանջվեց ընկերական եւ փոխվստահելի հարաբերության համար, եւ դրա համար երկու, երեք հանդիպումը բավական չէ:

Ակնառու է Նիկոլ Փաշինյանին ուղղված ակնարկը, թե միեւնույն է ինքն ավելի մոտ է Պուտինին, քան Փաշինյանը: Այդ «մրցակցությունը», որ դրսեւորում է երկրորդ նախագահը, մատնում է նրա վերաբերմունքը ընդհանրապես քաղաքական եւ պետական խնդիրներին ու հեռանկարներին: Ի դեպ, ամենեւին զարմանալի չէ, որ նա հենց դրա վրա էր շեշտը դնում նաեւ Սերժ Սարգսյանի հետ հարաբերություն պարզելիս՝ նախորդ, իր համար հետնախագահական տասնամյակում:

Մյուս կողմից, մանրամասն եւ հանգամանալից նկարագրելով ՌԴ նախագահի հետ ընկերությունը, Ռոբերտ Քոչարյանը կարծես բավական նուրբ ակնարկով հանդիմանում է նրան, մեղադրելով նրան Նիկոլ Փաշինյանի հանդեպ վստահությամբ այդ ընկերությանը «դավաճանելու» համար:

Դրա հետ մեկտեղ, Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը թողնում է նաեւ սխալը շտապ ուղղելու տպավորություն, որի առանցքային վկայություն է ոչ միայն Ռուսաստանին իր հավատարմության եւ Պուտինի հետ ընկերության հավաստիացման բուռն ջանքը, այլ նաեւ անդրադարձը հետխորհրդային տարածքի «արեւներին»: Ռոբերտ Քոչարյանը մի կողմից մեղադրել էր Նիկոլ Փաշինյանին, որ նա միակն է, որից հետո թիմ չկա, մյուս կողմից լրագրողը անմիջապես հիշեցնում է նրան, որ հետխորհրդային տարածության շատ երկրներում գործնականում բոլոր առաջնորդներն են «միակ», «արեւ», որոնց շուրջ պտտվում են մնացածը: Այստեղ երկրորդ նախագահը պատասխանում է, որ նրանք փորձառու «արեւներ» են, իսկ դա լավ է, ապահովում է առաջընթաց:

Այստեղ բանն այն է, որ իր նախորդ՝ «Երեւան թըդեյ» կայքին տված հարցազրույցում, որն ըստ երեւույթին եղել էր հապշտապ, Ռոբերտ Քոչարյանը թույլ էր տվել երկու առանցքային սխալ: Նա Նիկոլ Փաշինյանին ու Հայաստանը որակել էր բռնապետ, ու խոսել էր նաեւ այն մասին, որ Հայաստանի ժողովրդավարության հարցը կքննարկի Եվրոպան:

Երկրորդ նախագահը թերեւս զգացել է, որ Մոսկվայի, ՌԴ նախագահի հանդեպ թույլ է տվել մեծ սխալ: Նա խոսել է այսպես ասած «ոչ եվրասիական» բառապաշարով: Այն դեպքում, երբ նա փորձում է այդ խաղաքարտը օգտագործել Մոսկվայի մոտ Նիկոլ Փաշինյանի դեմ, օրինակ սխալ համարելով ՆԱՏՕ Վեհաժողով գնալու նրա քայլը:

Մինչդեռ Ռոբերտ Քոչարյանն ինքը խոսում է այսպես ասած արեւմտյան լեզվով ու դիմում Եվրոպային, խոսում Հայաստանի հարցը Եվրոպա տանելու մասին:

Երկրորդ նախագահը զգացել է կոպիտ սխալը եւ շտապել Պուտինի մոտ, սխալն ուղղելու, իհարկե Կոմերսանտի միջոցով, քանի որ ինքն էլ նշել է, որ չունի նրա մոտ գնալու հնարավորություն՝ քննության տակ է, իսկ վերցնել հեռախոսն ու զանգելն էլ, ինչպես ինքն է նշում, այդքան հեշտ չէ: Ի վերջո նաեւ ապահով էլ չէ, ով իմանա, թե հետո ինչ կարող է հայտնվել համացանցում:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache