Ռոբերտ Քոչարյանի մատնությունը. հարված բոլորին

188

Հատուկ քննչական ծառայությունում հուլիսի 26-ին ավարտվել է Մարտի 1-ի գործով Ռոբերտ Քոչարյանի հարցաքննությունը: Ավելի ճիշտ կլինի ասել, որ հարցաքննությունը չի էլ սկսվել: Ռոբերտ ՔՈչարյանը ՀՔԾ-ից հետո Երկիր Մեդիա հեռուստաընկերությանը տված բացառիկ հարցազրույցում, որն ի դեպ պատկանում է Դաշնակցությանը, հայտարարել է, թե հենց սկզբից քննիչը իրեն հայտնել է մեղադրանքի մասին, եւ դրանից հետո ինքը որոշել է ցուցմունք չտալ:

Այն պահին, երբ գրվում է ու հրապարակման պատրաստվում հոդվածը, դատարանը որոշում է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը՝ կալանք, թե այլ: Քննչական խումբը ներկայացրել է կալանքի հայց:

Մարտի 1-ի գործը մտել է խոշոր շրջադարձի մի փուլ, եւ այստեղ արդեն Քոչարյանի խափանման միջոցի հարցը դրվագներից մեկն է:

Անսպասելի չէ, որ Ռոբերտ Քոչարյանը շինծու է որակում իրեն ուղղված մեղադրանքը՝ սահմանադրական կարգի տապալում: Նա ասում է, որ Մարտի 1-ին ինքն է եղել այդ կարգի կրողը եւ Տեր-Պետրոսյանն էր փորձում նախագահի ընտրությանը հավաքած 21 տոկոսով կասկածի տակ դնել այդ կարգը, հայտարարելով, թե հաղթել է: Իսկ եթե ընտրության արդյունքը կեղծ է, ապա ըստ Քոչարյանի մինչեւ իրեն մեղադրանք ներկայացնելը պետք է նախ պատասխանատվության ենթարկվեն այդ արդյունքը հաստատած ԿԸՀ անդամներն ու Սահմանադրական դատարանը:

Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ պատրաստ է բանտ նստել անգամ, սակայն մինչեւ վերջ պայքարելու է իր իրավունքների համար: Նա հայտարարել է, որ այդ նախադեպը կարող է դառնալ պետության տակ դրված ական եւ Մարտի 1-ն անեծք կդառնա պետության համար, քանի որ ամեն հաջորդ իշխանություն միշտ կասկածի տակ կդնի նախորդի օրինականությունը: Քոչարյանը խոսելով այդ մասին, շղթայական ապօրինությունների մասին, ըստ երեւույթին ակնարկել է այն, որ ինքնապաշտպանության մեջ կներառի Հայաստանի բոլոր ընտրական գործընթացներն ու կեղծիքները, սկսած 1995-96 փուլից:

Ռոբերտ Քոչարյանի բացառիկ հարցազրույցում ընդհանրապես բավական թափանցիկ էին Լեւոն Տեր-Պետրոսյանին ու Սերժ Սարգսյանին ուղղված ակնարկները՝ իշխանության կրող եղած լինելու մասով, ակնարկով, որ իրեն խորտակելու փորձը կարող է ավարտվել նրանով, որ ինքն էլ նրանց կխորտակի իր հետ:

Սակայն կարո՞ղ են Տեր-Պետրոսյանն ու Սերժ Սարգսյանը կանգնեցնել Նիկոլ Փաշինյանին: Արդյոք Ռոբերտ Քոչարյանը համարում է, որ նրանք են այդ ամենի թիկունքում, թե՞ուղղակի ուզում է, որ նրանք շտապեն իրեն օգնության, մտածելով նաեւ իրենց մասին: Այս ֆոնին հետաքրքիր է դառնում օրերս տեղի ունեցած Տեր-Պետրոսյան-Փաշինյան հանդիպումը, որում իհարկե ներքին հարցեր, համենայն դեպս ըստ վարչապետի՝ չեն քննարկվել: Մյուս կողմից արդյոք նա ուղղակի չի մերժել այդպիսի հարցեր քննարկելու փորձը:

Իրավիճակը իսկապես հետաքրքիր է, որովհետեւ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է ներկայացվում մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ սահմանադրական կարգը տապալելու մասին: Ովքե՞ր են այդ մի խումբ անձինք: Երկրորդ նախագահը հայտարարել է, թե նրանց ազգանունները այսօր-վաղը կլինեն, որոնք բանակի բարձրաստիճան զինվորական են եղել այդ ընթացքում: Բայց, Քոչարյանը նաեւ ակնարկել է, որ Մարտի 1-ի որոշումները, արտակարգ դրություն մտցնելը քննարկել է վարչապետի եւ ԱԺ նախագահի հետ, որոնք չեն առարկել: Արդյոք Սերժ Սարգսյանն ու Տիգրան Թորոսյանն էլ մտնում են ՙնախնական համաձայնության՚, ասել է թե մեղադրյալների շրջանակ: Համենայն դեպս Քոչարյանին մեղադրանքից հետո առնվազն տարօրինակ կլինի Սերժ Սարգսյանին չհարցաքննելը:

Քոչարյանը մեղադրեց նաեւ Նիկոլ Փաշինյանին, ակնարկելով, որ նա թույլ չտվեց, որ Դավիթ Շահնազարյանը պայմանավորվի իրավապահների հետ՝ Մյասնիկյանի արձանից հանրահավաքը այլ տեղ տեղափոխելու հարցում:

Իհարկե, հիմնական մեղադրանքը նաեւ այն էր, արդեն ներկայիս ռեժիմում, որ իրեն այդպիսով փորձում են մեկուսացնել ակտիվ քաղաքականությունից՝ արտահերթ ընտրություններից առաջ: Իհարկե Քոչարյանն այդպես էլ չմանրամասնեց, թե ունե՞ր արդյոք դրանով զբաղվելու մտադրություն, կամ արդյոք սրանից հետո կզբաղվի:

Միով բանիվ, Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը ըստ էության մոբիլիզացիայի կոչ էր, նախկին համակարգի մոբիլիզացիայի կոչ, Քոչարյանը ակնհայտորեն փորձում էր ակնարկել, որ խնդիրը միայն ինքը չէ, այլ իր հանդեպ հետապնդումը այս կամ այն կերպ ունենալու է շղթայական ռեակցիա, եթե անգամ իրեն որոշեն մենակ թողնել, ապա այդ ռեակցիան կխթանի ինքը: Այսպիսով, Քոչարյանը բավական թափանցիկ ակնարկում էր, որ հին համակարգի ճակատագիրը նոր Հայաստանում կախված է իրենից, եւ հիմա բոլորը այլ ելք չունեն, քան պաշտպանել իրեն եւ դրանով պաշտպանել իրենց:

Խոշոր հաշվով, այդ բանը Քոչարյանը ասում էր նույնիսկ հին Հայաստանում, Սերժ Սարգսյանի տասնամյակում, դարձյալ ներկայանալով որպես համակարգի երաշխավոր եւ զգուշացնելով, որ Սերժ Սարգսյանը բոլորին չեզոքացնելու է: Սերժ Սարգսյանին հաջողվեց չեզոքացնել այն վախերը, որ սերմանում էր երկրորդ նախագահը: Սակայն խոշոր հաշվով ստացվեց նաեւ այնպես, որ Սերժ Սարգսյանը չկարողացավ լինել համակարգի անխափանության եւ անվտանգության երաշխավոր:

Հիմա Ռոբերտ Քոչարյանը անում է վերջին կռվի փորձ, այլապես սպառնալով մատնել բոլորին: Բայց մատնություն փաստորեն ստացվելու է այսպես թե այնպես՝ պաշտպանեն Քոչարյանին, թե ոչ: Այդ իմաստով, երկրորդ նախագահն առերեւույթ սպառնալիք է կառուցում նոր Հայաստանի համար, բայց խորքային առումով նա պարզապես օգնելու է բացահայտել հնի ամենաթաքնված մասերն անգամ, այդ իմաստով ակամա ծառայություն մատուցելով նոր Հայաստանին:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache