Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցով բողոքի քննությունը վերսկսվեց. պաշտպաններն ինքնաբացարկ են հայտնում դատավորին

82

armtimes.com — Վերաքննիչ դատարանում՝ դատավոր Ռուբեն Մխիթարյանի նախագահությամբ, քիչ առաջ վերսկսվեց Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու վերաբերյալ բողոքի քննությունը: Նիստին մասնակցում է նաեւ Ռոբերտ Քոչարյանը:

Մինչ բողոքի քննությանն անցնելը պաշտպանական կողմը ինքնաբացարկ է հայտնում դատավոր Մխիթարյանին, թե ինչ հիմքով դեռ հայտնի չէր: Երեկ բողոքի քննությունը հենց այս պատճառով էր հետաձգվել: Երեկվա նիստին մասնակցում էր նաեւ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, ինչն աննախադեպ երեւույթ էր:

Մինչ նիստի վերսկսումը, Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ իրենք դեմ չեն, որպեսզի իրենց պաշտպանյալի խափանման միջոցի հարցի քննությանը մասնակցի ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:

«Ուղղակի տարօրինակ է, որ ինքը ներկա էր, մենք դեմ չենք, ճիշտ է, որ այսպիսի գործերով բարձր ներկայացուցչություն ապահովվի նաեւ մեղադրական կողմից»,- ասաց պաշտպանը:

Դիտարկմանը, թե նախորդ դատական նիստին գլխավոր դատախազի մասնակցությունը վկայում է արդյոք այն մասին, որ նրանք ավելի լուրջ են տրամադրված, Օրբելյանը պատասխանեց. «Դեռ առաջին օրվանից ենք մենք ընկալել, որ լուրջ են տրամադրվել: Իրականում ճիշտ կլիներ, որ գլխավոր դատախազը կամ առնվազն տեղակալը ներկայացված լինեին խափանման միջոցի քննության առաջին իսկ օրվանից, տարօրինակ է, որ նոր են սկսել ներկայանալ, որովհետեւ ակնհայտ է՝ գործը բավականին բարդ է»: Նա նկատեց, որ ԶԼՄ-ներն են արձանագրել, որ գլխավոր դատախազն անգամ Հոկտեմբերի 27-ի գործով նիստին ներկայացված չի եղել եւ դա ըստ նրա, նույնպես որոշակիորեն տարակուսանք է առաջացնում:

Հիշեցնենք, որ այսօր ՀՔԾ-ում  ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը լրագրողների հետ զրույցում դիրքորոշում էր հայտնել, որ Մարտի 1-ի գործի քննության այս փուլում անհրաժեշտություն կա, որպեսզի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը գտնվի կալանքի տակ. «Մեր դիրքորոշումն այն է, որ Ռոբերտ Քոչարյանը պետք է մնա կալանքի տակ: Եվ մենք բերում ենք մեր հիմնավորումները, որոնք վկայում են, որ քննության այս փուլում կա անհրաժեշտություն, որպեսզի երկրորդ նախագահը գտնվի կալանքի տակ, թե ինչ որոշում կկայացնի դատարանը, կարծում եմ դա գիտի միայն դատարանը»,- մասնավորապես, ասել է Դավթյանը:

Մեր հարցին, թե երեկ դատարանում գլխավոր դատախազը արդյո՞ք նշել է այդ հիմքերից մեկը, Օրբելյանը նշեց. «Երեկ գործի, ըստ էության քննարկում դեռեւս տեղի չի ունեցել: Ես հույս ունեմ, որ գլխավոր դատախազը կարծում է, որ կան հիմքեր, որովհետեւ եթե ինքը կարծում է, որ հիմքեր չկան ուրեմն՝ կալանավորման միջնորդության հետ կապված խնդիր կտեսնենք, կարեւորը ոչ թե գլխավոր դատախազի կամ քննիչի կարծիքն է, այլ, թե ինչ կորոշի վերջում դատարանը:




Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache