good-banner
Լրահոս

Ռոբերտ Քոչարյանն ավարտո՞ւմ է խաղը, թե՞ խաղում

 

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր ոչ պաշտոնական կայքին տված հարցազրույցում դիրքորոշումն ու վերաբերմունքն արտահայտելով նախընտրական գործընթացի հանդեպ՝ հայտարարել է, ըստ էության, դե ֆակտո, որ դիրքորոշում և վերաբերմունք, որպես այդպիսին, չունի: Այսինքն՝ Քոչարյանի արտահայտած դիրքորոշումն այն է, որ չկա ծրագրային ու գաղափարական պայքար, աշխատելու է փողի և զոռբայության ուժը, և պարզ է, թե ինչ պատկեր է լինելու: Քոչարյանը հայտարարել է, որ չունի այդ ամենին առնչվելու ցանկություն:

Նրա գնահատականն, իհարկե, դիպուկ է ընտրական գործընթացի մասով: Դիպուկ է, իհարկե, մի կողմ թողնելով այն, թե իսկ ինչն է աշխատել այն ժամանակ, երբ Ռոբերտ Քոչարյանն էր ընտրություն կազմակերպում: Թեև այն ժամանակ գուցե իսկապես փողին ու զոռբայությանը հավասար աշխատում էր նաև պարզապես ֆիզիկական ուժը, որը իր գագաթնակետին հասավ 2008 թվականի մարտի 1-ին: Այդ ամենի մասին, սակայն, շատ է խոսվել, և դեռևս, իհարկե, հանրությունը կունենա խոսելու տարբեր առիթներ:

Տվյալ պարագայում, իհարկե, ուշագրավ է Քոչարյանի խոսքը, որով նա փաստորեն «լվանում» է ձեռքերը կամ, այսպես ասած, եկել և ասում է, որ «իր վրա հույս չդնեն»: Հույս դնողներ կային, թե ոչ՝ պարզ չէ, սակայն աներկբա է, որ հանրային գիտակցության մեջ կար ուժ, որն ասոցացվում էր Ռոբերտ Քոչարյանի հետ: Իհարկե, ոչ միայն հանրային գիտակցության մեջ, այլ նաև մամուլի տարբեր հրապարակումներով:

Մասնավորապես, Ռոբերտ Քոչարյանի հետ կապվում է «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը: Այդ կապն ունի երկու հիմնական պատճառ՝ դաշինքի հանդեպ Արցախի պաշտպանության նախարար Սամվել Բաբայանի համակրանքը, որը չի թաքցնում նաև Ռոբերտ Քոչարյանի հետ իր շփումները, և մյուսը՝ Ռոբերտ Քոչարյանի արտգործնախարար Վարդան Օսկանյանի հանգամանքը: ՕՐՕ դաշինքն, իհարկե, հերքում է Ռոբերտ Քոչարյանի հետ առնչությունն ու որևէ կապը, առավել ևս նրա թելադրանքի տակ գործելու հանգամանքը:

Այժմ փաստորեն Ռոբերտ Քոչարյանն է հայտարարում, որ կապ չունի ոչ մեկի հետ, ընդհանրապես գործընթացի հանդեպ ունի մերժողական վերաբերմունք: Քոչարյանը հայտարարում է, որ սխալ էր համարում Հայաստանի անցումը խորհրդարանական մոդելի: Արդյո՞ք դա նշանակում է, որ Քոչարյանը ներքաղաքական զարգացումների հանդեպ ակտիվ հետաքրքրությունը կորցրել է, քանի որ այլևս չկա նախագահի ընտրովի ինստիտուտ, այսինքն՝ նախագահական իշխանություն, իսկ Քոչարյանին իշխանությունը հետաքրքրում է միայն այդ կառուցվածքով ու տրամաբանությամբ: Դժվար է ասել, սակայն այն, որ նրա հարցազրույցն ունի հետաքրքրության անկման բավականին ընդգծված տոն, նկատելի է անզեն աչքով:

Խա՞ղ է դա: Չի բացառվում՝ առավել ևս, երբ Քոչարյանը գիտի, որ որևէ ուժի աննշան աջակցության, դրվատանքի մասին ակնարկն իսկ կլինի հարված այդ ուժին՝ հաշվի առնելով իր հանրային վարկանիշը: Երկրորդ նախագահը դա գործնականում տեսավ ոչ իշխանական բևեռի և ԲՀԿ-ի պարագայում, երբ իր հարցազրույցներից մեկում գոհունակություն էր հայտնել ԲՀԿ վարկանիշի աճի կապակցությամբ՝ 2012 թվականի ընտրությունից առաջ: Երկրորդ անգամ նույն սխալը երկրորդ նախագահն, իհարկե, չի անի, դա կլինի պարզունակ սխալ:

Մյուս կողմից, սակայն, իրավիճակի իրապես պրագմատիկ դիտարկումը հուշում է, որ Ռոբերտ Քոչարյանը որևէ առավելագույն իրատեսական քաղաքական ակնկալիք ունենալու մասով բաց է թողել հետնախագահական տասնամյակի ամենապատեհ առիթները և պահերը, և այժմ այդ իմաստով թերևս ամենաանպատեհ և անիրատեսական շրջանն է: Այդ իմաստով Քոչարյանի կարճ հարցազրույցը գործնականում հայտարարություն է «սուրը պատյան դնելու» մասին: Ընդմի՞շտ, թե՞ առժամանակ: Սա է հարցը:

Загрузка...
Մանրամասն սկզբնաղբյուրում՝

1in.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

armhing

armhing