Լրահոս

Ռուբեն Հայրապետյանն ընդդեմ Հենրիկ Մխիթարյանի

 

ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանը, որը նաեւ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործկոմի անդամ է, ասում է, որ Հայաստանի հավաքականի անհաջող ելույթների համար ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը մեղավոր չէ: Թովմասյանն ասում է, որ Հայրապետյանն իր ընկերն է եւ նա գիտե, թե ինչպես է ֆեդերացիայի նախագահը ծանր տանում հավաքականի որեւէ անհաջողություն, ինչպիսի սրտացավություն ունի հայկական ֆուտբոլի հանդեպ, ինչ մեծ գործ է կատարում դրա զարգացման համար, հատկապես մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման, ապագայի հիմքի ամրացման համար:

Հրայր Թովմասյանն իհարկե իրավացի է՝ հավաքականի անհաջող ելույթի համար պատասխանատուն ֆեդերացիայի նախագահը չէ: Բայց Հայաստանի դեպքում դա տեսական դատողություն է, քանի որ Հայաստանի դեպքում ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը անմիջականորեն միջամտում է հավաքականի կազմի որոշմանը: Կարեւոր չէ՝ նրա միջամտությունն առնչվում է մեկ, թե տասնմեկ ֆուտբոլիստի: Եթե անգամ կա միջամտություն մեկ ֆուտբոլիստի մասով, ապա դա արդեն միջամտություն է, հետեւաբար արդեն պատասխանատվություն է խաղի համար, որովհետեւ տեսականում հնարավոր է ասել, որ եթե լիներ այդ ֆուտբոլիստը, ապա արդյունքը կլիներ այլ:

Մյուս կողմից, հավաքականի անհաջող ելույթը առիթ է, ոչ թե պատճառ՝ հայկական ֆուտբոլի խնդիրներին անդրադառնալու առիթ: Իհարկե, խոշոր հաշվով խնդիրը հենց այն է, որ ֆուտբոլի համակարգային խնդիրների անդրադարձ Հայաստանում լինում է այդ առիթի դեպքում, որովհետեւ, երբ արդյունքը լավն է, բոլորը մոռանում են խնդիրների մասին:Մինչդեռ առնվազն ծիծաղելի է մտածել, թե հայկական ֆուտբոլի խնդիրը միայն հավաքականի խաղերի արդյունքներն են, եւ եթե դրանք լավն են, ուրեմն հայկական ֆուտբոլի հետ ամեն ինչ լավ է, ուրեմն 6 ակումբ ունեցող առաջնությունն այլեւս խնդիր չէ, Եվրագավաթներում այդ ակումբների խայտառակ ելույթները այլեւս խնդիր չեն, ու այդպես շարունակ:

Եվ այստեղ իհարկե իրավճակը հանգում է նաեւ նրան, որ Հայաստանում չկա ֆուտբոլային փորձագիտական հանրության բանավեճի, քննարկումների այնպիսի մակարդակ, որը հայկական ֆուտբոլի համակարգային խնդիրները օրակարգում կպահեր՝ անկախ հավաքականի խաղերի այս կամ այն արդյունքից:Որովհետեւ փորձագիտական հանրույթի խնդիրը հենց այն է, որ բարձրացնի հաջորդ քայլի հետ կապված հարցեր, տեսնի այսպես ասած մոտ հեռանկարը, գնահատի ռիսկերը, խնդիրները, ոչ թե իրավիճակը չափի ներկայիս արդյունքով:

Այդ դեպքում գուցե Հայաստանի հավաքականի Եվրո 2012-ի ընտրական մրցաշարի համեմատաբար հաջողված մրցաշրջանից հետո կնկատվեր հայկական ֆուտբոլի աճ, զարգացում, ընդ որում հաստատուն աճ եւ առաջընթաց: Դրա փոխարեն ակնհայտ է հետընթացը, նահանջը, ինչը անկասկած թե ֆուտբոլային կառավարման պատասխանատուների, եւ թե փորձագիտական հանրության պատասխանատվության դաշտում է:Այդպիսով, բուն խնդիրը հավաքականի խաղը չէ, ելույթների արդյունավետությունը չէ: Հայկական ֆուտբոլի բուն խնդիրը համակարգային է եւ հավաքականը դրա մի մասն է: Հետեւաբար պատասխանատվությունն այստեղ ֆեդերացիայի նախագահինն է, բայց նաեւ նույն Հրայր Թովմասյանինը, որպես գործկոմի անդամ, եւ գործկոմի մյուս 14 անդամներինը:

Հայկական ֆուտբոլի կառավարումն ունի ժողովրդավարացման եւ արդիականացման խնդիր:Գուցե Ռուբեն Հայրապետյանը հայկական ֆուտբոլի հանդեպ Հայաստանի ամենասրտացավ քաղաքացին է, որն ամենածանրն է տանում ցանկացած անհաջողություն: Բայց ամբողջ հարցն այն է, որ սրտացավությունը որեւէ գործի, որեւէ առաքելության կարեւոր, բայց ոչ բավարար նախապայման է: Հարցը այն չէ՝ սրտացավ է, թե ոչ: Հարցը այն է, որ պետք է լինել արդյունավետ մենեջեր: Իսկ արդյունավետությունն էլ միայն ֆուտբոլային ակադեմիաների քանակով չէ, որ չափվում է: Հիանալի է, որ դրանք կառուցվում են, բայց պետք են քայլեր նաեւ Հայաստանում ակումբային ֆուտբոլը հնարավորինս արագ տեղից շարժելու, փոքր ինչ բարելավելու ուղղությամբ:

Մինչդեռ ֆուտբոլի ֆեդերացիան անգամ հանդես չի գալիս այդ հարցում լայն քննարկումներ ծավալելու նախաձեռնությամբ, պարզելու համար, թե չկա՞ն արդյոք դրա վերաբերյալ ռացիոնալ, կրեատիվ առաջարկներ, մոտեցումներ, որոնցով հնարավոր է համակարգային լուծումներ ապահովել ֆուտբոլի համար: Գուցե այն պատճառով, որ դա կարող է բերել ֆեդերացիայի ղեկավար կազմի փոփոխության հանրային անհերքելի պահանջի:

Ի դեպ, Լեհաստանից Հայաստանի հավաքականի կրած խոշոր պարտությունից հետո Հայաստանի հավաքականի ավագ Հենրիկ Մխիթարյանը հայտարարել էր, որ դա խայտառակ խաղ էր եւ ինքը պարտության ամբողջ պատասխանատվությունը վերցնում է իր վրա, որպես թիմի ավագ: Անհեթեթ է իհարկե մտածել, որ պատասխանատուն կամ մեղավորը Հենրիկ Մխիթարյանն է, բայց լեգենդար Յունայթեդում հանդես եկող ֆուտբոլիստը ցուցաբերում է հենց այդ լեգենդար ավանդույթներին բնորոշ պատվախնդրություն եւ իր վրա վերցնում ծանր պարտության պատասխանատվությունը:Ի տարբերություն Հայաստանի ֆուտբոլային չինովնիկների, ու նաեւ նրանց «փաստաբան» քաղաքական գործիչների, որոնք արդեն մի քանի օր է զբաղված են հավաքականից ու պարտությունից «ձեռքերը լվանալով», ու թերեւս ձեռքերը շփելով, որ Հենրիկը իր վրա է վերցնում ամեն ինչ: Այն դեպքում, երբ հաղթանակների պարագայում նրանք գուցե հերթ չտային Մխիթարյանին:

Աղբյուր` lragir.am


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

hing.am

hing.am