good-banner
Լրահոս

Ռուբլին ձեռնոց է նետում դոլարին…

 

Օրերս, ինչպես հայտնի է, պաշտոնական այցով ՌԴ-ում էր գտնվում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Այցն այդ, պետք է նկատել, բավական դրական արդյունքներով էր աչքի ընկել ու խոսքը ոչ միայն Հայաստանի անվտանգությանը վերաբերող հարցերին է վերաբերում, այլև, որ ոչ պակաս կարևոր է, տնտեսական: Մասնավորապես՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նախագահ Սարգսյանի հետ հանդիպումից հետո կայացած համատեղ ասուլիսում մի ուշագրավ հայտարարությամբ էր հանդես եկել՝ նշելով. «Առևտրի հետագա ընդլայնման և դիվերսիֆիկացման նպատակով այժմ ուսումնասիրվում է ազգային արժույթներով փոխհաշվարկների հնարավորությունը»:

Այն, որ երկու երկրների միջև կատարվող առևտուրն ազգային փոխարժեքներով իրականացնելու հարցում թիվ մեկ շահագրգիռ կողմը հենց Հայաստանն է, ոչ ոք չի կասկածում: Ինչպես հայտնի է, մեր երկիրն անցյալում ևս հանդես էր եկել նմանատիպ առաջարկությամբ, ինչը, սակայն, Մոսկվայում կարծես ադեկվատ արձագանք չէր ստացել: Հիմա, փաստորեն, Մոսկվան փորձում է վերանայել իր դիրքորոշումն այս հարցում, ինչը, պետք է նկատել, կարելի է հայկական կողմի ձեռքբերումը համարել:

Եվ այսպես, հարց է առաջանում՝ կոնկրետ ի՞նչ կարող է մեզ տալ ազգային արժույթով կատարվող առևտուրը Հայաստանի համար այդքան կարևոր երկրի հետ: Նախ պետք է հասկանալ, թե ինչ է նշանակում այս քայլը կամ ինչին է միտված այն:

Առաջինն, ինչին կարող է նպաստել այս որոշումը, եթե, իհարկե, այն վերջնականապես կյանքի կոչվի, ԵՏՄ կախվածության թուլացումն է լինելու աշխարհում գերիշխող ֆինանսական համակարգից: Այլ կերպ ասած՝ ազգային արժույթներին անցումը մեծապես կնպաստի դոլարի ազդեցության թուլացմանը ԵՏՄ անդամ երկրների ֆինասատնտեսական համակարգի վրա: Իսկ դա, ինչպես հայտնի է, օդ ու ջրի պես հարկավոր է նախևառաջ Հայաստանին, քանի որ մեր երկրի տնտեսությունը դոլարիզացվածության ամենաբարձր մակարդակն ունի: Պետք է նկատել, որ այս պրակտիկան՝ ազգային արժույթներով կատարվող առևտուրն, բավական տևական ժամանակ է, ինչ կիրառվում է ԵՏՄ անդամ որոշ երկրների միջև, ինչը բավականին դրական ազդեցություն է թողել նույն այդ երկրների տնտեսության վրա. Ռուսաստանի ու Բելառուսի միջև կատարվող առևտրի բացարձակ մեծամասնությունը կատարվում է ազգային արժույթներով, իսկ արդյունքում, ինչպես հայտնի է, մեծապես շահում է Բելառուսը:

Հաջորդ կարևորագույն հանգամանքը, որ խիստ կարոր կարող է լինել մեր երկրի համար, նավթամթերքի գների էժանացումն է լինելու՝ ապրանքատեսակների խումբ, որի առյուծի բաժինը մեր երկիրը ներկրում է Ռուսաստանից: Չի բացառվում, իսկ ավելի ճիշտ՝ միանգամայն օրինաչափ կլինի, եթե նման պարագայում Հայստանում վառելանյութի գներն էականորեն իջնեն. Հայաստանի ֆինանսական շուկայում առկա ռուբլու չափաքանակը միանգամայն բավարար է ներկրվող գազի և նավթամթերքների դիմաց վճարումներ կատարելու համար:

Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա առևտրի այս կերպը նրան ևս ձեռք է տալիս. այդ կերպ նա ուժեղացնում է ռուբլին, բարձրացնում դրա դերն ԵՏՄ տարածքում ու հիմքեր ստեղծում առնվազն միջնաժամկետ հեռանկարում՝ ԵՏՄ-ում միասնական արժույթի ներդրման համար, որի հիմքը, բնականաբար, ռուբլին է դառնալու: Ազգային արժույթներով կատարվող առևտրի ընդլայնումը Ռուսաստանի կողմից, ըստ էության, առաջին քայլն է՝ ԵՏՄ անկախ ֆինանսական համակարգի կայացման ճանապարհին, ինչը, բնականաբար, հիմնահենքային նշանակություն կունենա ՌԴ աշխարհաքաղաքական շահերի տեսանկյունից: Չմոռանանք, որ կապիտալիստական հասարակարգում ամենամեծ զենքը հենց փողն է, ու այն երկիրն է աշխարհում գերիշխող համարվում, որն ունի անկախ, ինքնուրույն ֆինանսական համակարգ ու կայուն, հզոր արժույթ. փողն աշխարհի կառավարման շվեյցարական մոդելի պարագայում շատ ավելի հզոր զենք է, քան ցանկացած հզորության միջուկային ռումբ: Այս ճշմարտությունը հասկանում են նաև Կրեմլում ու փորձում թոթափել դոլարի լուծն իրենց ուսերից:

Թե որքան ժամանակ կպահանջվի երկու կողմերի՝ ՀՀ-ի ու ՌԴ-ի միջև կատարվող առևտրի գոնե որոշակի մասը ապադոլարիզացնելու համար, թերևս, դժվար է ասել, բայց որ դրա ժամանակը վաղուց հասունացել է, փաստ է. անիմաստ է հապաղել:

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

Загрузка...
Մանրամասն սկզբնաղբյուրում՝

lurer.com

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

armhing

armhing