Ռուբլին շարունակում է գահավիժել․ ինչ է սպասվում հայկական դրամին

0

Այն, ինչ այսօր կատարվում է ռուսական արժույթի հետ, փորձագետները որակում են խուճապ, ռուբլին շարունակում է արագ արժեզրկվել` եվրոն արժե արդեն 78 ռուբլուց ավելի, իսկ դոլարը` 63 ռուբլի: Խուճապը սկսվել է երեկ, երբ հանգստյան օրերից հետո բացվել է մոսկովյան բորսան, և շուրջ 50 ընկերություններ մի օրում կորցրել են 14 միլիարդ դոլարից ավելի գումար, իսկ ամերիկյան պատժամիջոցների ցուցակում հայտնված օլիգարխ Օլեգ Դերիպասկան կորցրել է իր հարստության գրեթե կեսը՝ շուրջ 3․5 միլիարդ դոլար, և հայտարարել է, որ իր «Ռուսալ» ընկերությունը կանգնած է տեխնիկական դեֆոլտի առջև։ Սա ամերիկյան վերջին պատժամիջոցների առաջին հետևանքներն են: Ապրիլի 6-ին պաշտոնական Վաշինգտոնը հայտարարել է, որ նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի 38 պաշտոնյաների, խոշոր գործարարների ու ընկերությունների նկատմամբ:

Ուրբաթ օրը հրապարակված ցուցակում հայտնված մարդկանց մուտքը ԱՄՆ արգելվում է, սառեցվում են նրանց բոլոր հաշիվները Միացյալ Նահանգներում, ամերիկյան ընկերություններին էլ արգելվում է որևէ գործ ունենալ ցուցակում հայտնված մարդկանց և ընկերությունների հետ։ Ակնհայտ է, որ պատժամիջոցները միայն այս հետևանքներով չեն սահմանափակվելու, մանավանդ, որ ռուսական ռուբլին, ըստ էության, փլուզվել է և ֆինանսական կատարյալ ֆիասկո չի արձանագրվել միայն նավթի բարձր գների շնորհիվ: Նավթի համաշխարհային շուկայում բարենպաստ ֆոնը կարող է փոխվել ամեն պահի և այդ դեպքում Ռուսաստանին չի կարող փրկել որևէ բան, որովհետև տոխնոգիական հետամնացությունը թույլ չի տալիս դիմագրավել մարտահրավերներին: Իհարկե, ամերիկյան պատժամիջոցների թիրախը ոչ միայն Ռուսաստանի տնտեսությունն է, այլ` առաջին հերթին, Պուտինի շրջապատը, որը փաստորեն հատուցում է դիկտատորին հանդուրժելու, նրա ռեժիմը, քաղաքականությունը ֆինանսապես սնուցելու համար: Պատահական չէ, որ Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը հանդես է գալիս էմոցիոնալ, իրարամերժ գնահատականներով` ըստ էության, բացահայտելով այն փաստը, որ Ռուսաստանի իշխանությունը չունի համարժեք քաղաքական և տնտեսական քայլեր` ճգնաժամը հաղթահարելու համար:

Ակնհայտ է, որ Ռուսաստանի ֆինանսական շուկայի փլուզումը էապես ազդելու է Հայաստանի տնտեսության վրա` հաշվի առնելով նրա գերկախվածությունը ռուբլուց: Բացի այդ, էապես նվազելու է տրանսֆերտների ծավալը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ տրանսֆերտները Հայաստանի բնակչության մեծ մասի համար միակ կայուն ֆինանսական աղբյուրն են, ապա դժվար չէ կանխատեսել, որ առաջիկա շաբաթներին Հայաստանում աճելու է սոցիալական լարվածությունը, ինչն, իր հերթին, հանգեցնելու է հասարակական տրամադրությունների արմատականացման, մանավանդ, որ Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնածների մեծ մասը վերադառնալու է Հայաստան` համալրելով գործազուրկների բանակը:

Ի դեպ, 2008-ին Սերժ Սարգսյանի նախագահական կառավարման մեկնարկը համընկավ համաշխարհային տնտեսական ճգնաժամի հետ, ինչի հետևանքով պայթեց Ռոբերտ Քոչարյանի թմբկահարած տնտեսական երկնիշ աճի փուչիկը: Սերժ Սարգսյանի վարչապետությունը նույնպես` մեկնարկելու է տնտեսական ճգնաժամով, ինչը հետևանք է ռուսական ռուբլու փլուզման: Ինչպես տաս տարի առաջ` այսօր ևս, Հայաստանի իշխանությունը և տնտեսությունը պատրաստ չեն դիմագրավել մարտահրավերներին: Սա խոսուն վկայությունն է նրա, որ անցած տաս տարիների ընթացքում գործնական որևէ քայլ չի արվել Հայաստանի տնտեսության օլիգոպոլ կառուցվածքը փոխելու, այն դիվերսիֆիկացնելու համար:

Հայաստանի իշխանություններն` արդյունավետ և որակյալ կառավարում իրականացնելու փոխարեն, փորձում են հասարակությունից քողարկել, թե ռուսական տնտեսության կոլապսը ինչ հետևանքներ է ունենալու Հայաստանում: Նման վարքագիծն ավելի է ընդգծում Հայաստանի իշխանության քաղաքականության անհամարժեքությունը:



Загрузка...