Ռուս-ամերիկյան պարեկություն Բաքվում. ինչ կանեն Ալիեւին

0

lragir.am — Բաքվում հանդիպում են Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Գերասիմովը ու Եվրոպայում ՆԱՏՕ Միավորված զինուժի շտաբի պետ Սկապարոտին: Ըստ տեղեկության, նրանց քննարկման առարկան կլինի Եվրոպայում ՆԱՏՕ-ի եւ Ռուսաստանի ռազմական գործողություններն ու Սիրիայի հարցը: Այդ մասին տեղեկություն տարածել է ՌԴ պաշտպանության նախարարությունը: Երկու շտաբի պետերի հետ, առանձին-առանձին, կհանդիպի նաեւ Իլհամ Ալիեւը:

Բաքուն կարծես թե դարձել է Ռուսաստան-Արեւմուտք այդօրինակ հանդիպումների վայր: Բանն այն է, որ ամիսներ առաջ Բաքվում երկու անգամ հանդիպել են ԱՄՆ ու ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբների պետերը:

Այս անգամ տեղի է ունենում հանդիպում ՌԴ-ՆԱՏՕ մակարդակում:Ինչու՞ է հանդիպման վայր ընտրվում Բաքուն, արդեն երրորդ անգամ: Արդյոք Ադրբեջանն այդ իմաստով դիտարկվում է «չեզոք» տարածք, որը չի գտնվում ԱՄՆ կամ Ռուսաստանի ազդեցության կամ այսպես ասած պատասխանատվության գոտում: Բայց միթե կողմերը չեն գտնում այդպիսի այլ տարածք, եթե խնդիրը հենց չեզոքությունն է: Ինչու՞ հենց Բաքվում, այն էլ արդեն երրորդ անգամ:

Արդյոք Բաքվի ընտրությունն ունի «զուգահեռ» նշանակություն, կապված հենց Ադրբեջանի հետ, որտեղ «չեզոք», այսինքն պատասխանատվության գոտուց դուրս գտնվելու հանգամանքը ունի դեր, սակայն այլ իմաստով:

Բացառված չէ, որ ձեւավորված է Ռուսաստան-Արեւմուտք որոշակի ֆորմատ, որի նպատակներից մեկը Բաքուն վերահսկողության տակ պահելն է, նկատի ունենալով օրինակ հանգամանքը, որ Ադրբեջանում բավական մեծ ազդեցության լծակներ ունի Իրանը:

Իհարկե կարող է հարց առաջանալ, թե ինչու կա այդպիսի ֆորմատի կարիք, եթե գոյություն ունի Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափը, որտեղ նույնպես Ռուսաստանն ու Արեւմուտքը կարող են լուծել այդ հարցը:

Խնդիրը սակայն այն է, որ տվյալ պարագայում խոսքը նաեւ բարձրաստիճան զինվորականների մասին է, ոչ թե դիվանագետների: Այլ կերպ ասած, տվյալ պարագայում խոսքը ոչ թե Ադրբեջանի հետ ինչ որ քննարկումների, այլ Ադրբեջանի հարցով ինչ որ քննարկումների եւ դրանց «եզրահանգումը» Ալիեւի առաջ դնելու մասին է:

Մինսկի խմբի ձեւաչափում կա Արցախի հարցը, որը Ալիեւի ձայնի որոշակի իրավունք է: Զինված ուժերի գլխավոր շտաբի պետերի պարագայում Ալիեւը դե ֆակտո զրկված է «ձայնի իրավունքից», իհարկե բառի ոչ բուն իմաստով:

Ընդ որում, հետաքրքիր է, որ նախօրեին Ալիեւը փորձել է խոսել, ըստ երեւույթին ՌԴ ու ՆԱՏՕ-ի շտաբի պետերի ժամանմանն ընդառաջ, ասելով, թե ոչ միայն Արցախը, այլ նաեւ Հայաստանն է ադրբեջանական պատմական հող եւ իրենք դա կհասցնեն աշխարհին, ունեն ապացույցներ:

Կլսե՞ն, կքննարկեն ու կընդունե՞ն ՌԴ եւ ՆԱՏՕ ԶՈՒ գլխավոր շտաբի պետերն Ալիեւին եւ նրա «ապացույցները», թե՞ նրան կներկայացնեն իրենց «ապացույցները», հորդորելով նրան ձեռնպահ մնալ «պատմական հավակնություններից» եւ համակերպվել ստատուս-քվոյին, ավելորդ խնդիրներ չստեղծելով Սիրիայում ու ՌԴ-Եվրոպա սահմանային «պարամետրում» գերզբաղված Արեւմուտքի եւ Ռուսաստանի համար: Ի դեպ ուշագրավ է, որ նոր հանդիպումը հաջորդում է Ալեւի նոր՝ արդեն յոթնամյա ժամկետի պաշտոնամուտին, ու նաեւ Թուրքիայում արտահերթ նախագահի ընտրություն անցկացնելու նրա «ավագ եղբոր»՝ Էրդողանի որոշմանը:




Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache