Լրահոս

Ռուս-թուրքական պատասխանը Հռոմի Պապին

 

e694cec4decba5f3a5122285c66137e0

1in.am-Հազիվ էր Հռոմի Պապն իր հայ-թուրքական հաշտության ուղերձով հայաստանյան այցից վերադարձել Վատիկան, երբ տեղեկություն հրապարակվեց հաշտության մասին, բայց ոչ թե հայ-թուրքական, այլ ռուս-թուրքական: Իհարկե, հաշտության մասին միգուցե վաղ է խոսելը, սակայն Թուրքիան մի քանի ամիս համառությունից հետո արել է հաշտության պայմաններից մեկի բավարարման քայլը, որ դրել էր Ռուսաստանը օդանավի հետ կապված հայտնի միջադեպից և հարաբերությունների լարումից հետո:

Երեկ Կրեմլի մամուլի ծառայությունը տարածել է Թուրքիայի նախագահ Էրդողանի նամակը Վլադիմիր Պուտինին, որտեղ, համենայնդեպս, ըստ Կրեմլի հրաարակած տեքստի, Էրդողանը ներողություն է խնդրում կատարվածի համար և պատրաստակամություն հայտնում անել ցանկացած անհրաժեշտ քայլ, որ հարկավոր է ռուս-թուրքական հաշտության համար: Իսկ ի՞նչ է նշանակում ռուս-թուրքական հաշտություն: Ռուս-թուրքական հաշտությունը նշանակում է հայ-թուրքական անհաշտություն՝ այն պարզ և տրամաբանական պատճառով, որ Ռուսաստանի համար հայ-թուրքական անհաշտությունը Հայաստանի վրա ազդեցության առանցքային լծակներից մեկն է, հայկական մտքի, հոգեբանության վրա ազդեցության կարևորագույն տարր:

Թուրքական վտանգը շահարկելով է, որ Ռուսաստանը քայլ առ քայլ կարողացել է տիրել հայկական մտքին, տիրել հայկական գիտակցությանը, սնուցել անփոխարինելիության, միակ փրկիչ լինելու միտքը: Իսկ դա այսօր Ռուսաստանին առավել քան անհրաժեշտ է, ապրիլյան պատերազմից հետո, որը ըստ էության քարը քարին չթողեց այդ միակ դաշնակցի կամ փրկչի միֆից:

Այսպիսով, եթե տեղի է ունենում ռուս-թուրքական հաշտությունը, ապա հայ-թուրքական հաշտության հեռանկարները դառնում են մշուշոտ, կամ այդ հաշտությունը լավագույն դեպքում կարող է տեղի ունենալ 2008 թվականի հունիսին Մոսկվայից ազդարարված «ֆուտբոլային դիվանագիտության» տրամաբանությամբ, որն արտացոլվել է հայ-թուրքական արձանագրություններում: Այդ արձանագրություններն, ըստ էության, ոչ այլ ինչ են, քան հարյուր տարի առաջ ռուս-թուրքական պայմանագրերի վավերացում արդեն Հայաստանի ստորագրությամբ:
Բանն այն է, որ ռուս-թուրքական այդ պայմանագրերը՝ Մոսկվայի, Կարսի, ըստ էության առանց հայկական ստորագրության են, դրանց տակ չկա հայկական պետականության կնիքը: Եվ սրանով իսկ դրանք, այսպես ասած, ոչ լեգիտիմ են, ցանկացած պահի վիճարկման ենթակա: Հայ-թուրքական արձանագրությունները նոր շունչ և ըստ էության հավերժ լեգիտիմություն են հաղորդելու ռուս-թուրքական պայմանագրերին, որոնց միջոցով՝ հայերի կյանքի, անվտանգության, տարածքների, շահերի հաշվին տեղի է ունեցել կովկասյան ռեգիոնի ռուս-թուրքական բաժանումը: Սա է լինելու հայ-թուրքական առավելագույն «հաշտությունը», եթե հաշտվեն Ռուսաստանն ու Թուրքիան:

Եթե Մոսկվան ու Թուրքիան հաշտ չեն, դա դեռ չի նշանակում իհարկե, որ հայ-թուրքական հարաբերության հաշտությունն ավտոմատ կերպով կդառնա իրականություն: Բայց դրա հավանականությունը մեծանում է, քանի որ առանց Ռուսաստանի դաշնակցության մնացած Թուրքիան, համենայնդեպս, հայտնվում է առավել բարդ վիճակում, հատկապես հայկական հարցի պարագայում, և ի վերջո՝ մեծանում է հավանականությունը, որ Անկարան մի օր կարող էր հանգել հարցը հայերի հետ հաշտության միջոցով լուծելու մտքին:

Խոսքը տվյալ պարագայում առանց նախապայմանների հաշտության մասին է, ինչը նշանակում է առանց Ղարաբաղի վերաբերյալ Անկարայի հայտնի պայմանների, և առանց ռուս-թուրքական պայմանագրերով ձևավորված իրականության տակ հայկական պետականության կնիք դնելու պայմանի: Վերջին հաշվով, հայ-թուրքական հաշտեցումն ունի ոչ միայն կարևոր նշանակություն Հայաստանի համար, այլ նաև ամբողջ տարածաշրջանի, քանի որ դա լիովին կփոխի նաև ղարաբաղյան խնդրում Ադրբեջանի գործողությունների տրամաբանությունը: Միաժամանակ, հայ-թուրքական հաշտեցումը կնվազեցնի թուրքական վտանգի կարծրատիպային շահարկման ռուսական հնարավորությունները՝ դրանով իսկ նվազեցնելով Ռուսաստանի ազդեցությունը Հայաստանի ու տարածաշրջանի վրա:

Թուրքիան, մնալով աշխարհաքաղաքական այդ հրամայականների առաջ, հատկապես երբ ներկայումս գտնվում է իսկապես բավականին բարդ խնդիրների հորձանուտում, կարող էր մտորել Հայաստանի հետ հարաբերության մասին: Հատկապես այժմ, երբ կարծես թե Հայոց ցեղասպանության ճանաչման խնդրում տեղի է ունենում օղակի սեղմման երկրորդ ալիքը՝ Գերմանիայի առաջնորդությամբ: Իսկ Գերմանիան ամենևին պատահական կամ խորհրդանշական առաջնորդ չէ, Գերմանիան Եվրոպայի և համաշխարհային քաղաքականության առաջատարներից է:

Ահա այս մթնոլորտում Թուրքիան կարծես թե իր ձեռքը նետում է փրկօղակին՝ Ռուսաստանի հետ հաշտությանը: Թուրքիայի համար նախընտրելի է դա, քան Հայաստանի հետ հարաբերվելու անխուսափելիությունը, որը Անկարայի համար կնշանակի տարածաշրջանային հավակնությունների նվազեցում:
Ռուսաստանը միանգամի՞ց կընդունի հաշտության մեկնած այդ ձեռքը, թե՞ կփորձի հնարավորինս թանկ գնահատել իր պատասխանը՝ այդպիսով հատուցելով Թուրքիային, որն ամիսներ շարունակ անտեսում էր Ռուսաստանի հաշտության փորձերը: Բոլոր դեպքերում, եթե այդ հաշտությունը տեղի ունենա՝ ուշ, թե շուտ, և առավել ևս եթե տեղի ունենա Ռուսաստանի համաձայնության, այսպես ասած, բավականին բարձր գնով, թե՛ Հայաստանին ու Լեռնային Ղարաբաղին, թե՛ ամբողջ տարածաշրջանին դրանից կարծես թե այդքան էլ լուսավոր հեռանկար չի սպասում:

Եվ այս առումով բոլորովին պատահական չէ, որ Ռուսաստանն ու Թուրքիան հաշտության ակտը պահել էին Հռոմի Պապի հաշտության այցին ի պատասխան՝ ցույց տալով, որ պերմանենտ պատերազմների միջոցով մեկ դարից ավելի տարածաշրջանը կառավարող տանդեմը, որն այժմ եռյակ է Ադրբեջանի միջոցով, չի պատրաստվում տարածաշրջանի օրակարգը զիջել խաղաղությանը:


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing