Ռուսահայ օլիգարխիայի ողբերգությունը

458

1in.am — Ռուսահայ օլիգարխան հայտնվել է չափազանց ծանր վիճակում, քանի որ Ռուսաստանի իշխանությունները համարում են, որ Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունը նրանց տապալումն է: Ռուսահայ օլիգարխիան տևական ժամանակ Ռուսաստանի իշխանություններին հավատացրել է, որ Հայաստանը իրենց վերահսկողության տակ է, որ իրենց հայրենիքում նույնիսկ ճանճը չի կարող տզզալ առանց իրենց համաձայնության, ուր մնաց՝ իշխանության խնդիր լուծվի: Մինչդեռ հիմա Ռուսաստանի իշխանությունները համոզվել են, որ այդ մարդիկ ոչ միայն կտրված են իրականությունից, այլ ոչ մի ազդեցություն չունեն Հայաստանում ընթացող հասարակական քաղաքական գործընթացների վրա: Որոշ տեղեկությունների համաձայն՝ օլիգարխների մի մասը այնքան է սարսափած Ռուսաստանի իշխանությունների զայրույթից, որ նույնիսկ չեն համարձակվում վերադառնալ Ռուսաստան, դառնալով քաղաքական վտարանդի:

Ռուսահայ օլիգարխիան միայն այն մարդիկ չեն, որոնք բիզնես են արել Ռուսաստանում: Այդ շարքում պետք է դիտարկել նաև նախկին վարչապետ Կարեն Կարապետյանին և բոլոր նրանց, ովքեր թեև բիզնես են արել Հայաստանում, բայց այդ բիզնեսը ուղղակիորեն կապված է եղել Ռուսաստանի հետ: Օրինակ՝ Ռուսաստանը գազը Հայաստանին վաճառում էր 150 դոլարով, իսկ Կարեն Կարապետյանը այն հայ ժողովրդի վրա վաճառում էր կրկնակի թանկ գնով: Ռուսաստանում իհարկե գիտեին, որ Կարապետյանն ու իր շրջապատը թալանում են հայ հասարակությանը, բայց դրա առաջ աչք էին փակում, որովհետև Կարապետյանը համոզել էր, որ այդ թալանից որոշակի գումար է օգտագործում հանրային կարծիքը գնելու վրա: Ռուսաստանը համարում էր նաև, որ այդ ձևով ինքը վճարում է Հայաստանի իշխանությանը Ռուսաստանի նկատմամբ ունեցած լոյալության դիմաց, վճարում էր Հայաստանի իշխող վերնախավին, այսպես կոչված, ռուսամետ դիրքորոշման դիմաց: Օրինակ՝ ինչու Ռուսաստանի իշխանությունը պատժեց Լևոն Հայրապետյանին, ըստ էության՝ բերդում սպանելով նրան, որովհետև Հայրապետյանը հանդես էր գալիս Հայաստանի իշխանության ընդդիմության դիրքերից, այսինքն՝ Ռուսաստանում աշխատած փողը օգտագործում էր, ոչ թե Հայաստանի իշխանությանը ամրապնդելու, այլ թուլացնելու համար, իսկ դա համարվում էր ընդունված խաղի կանոներից շեղում, մահացու մեղք, որի համար նա վճարեց իր կյանքով:

Նույն սխեման գործում էր Ռուսաստանում ապրող օլիգարխիայի մասով: Ռուսաստանի իշխանությունները թույլ էին տալիս, որ այնտեղ ապրող հայ օլիգարխիան միլիոններ աշխատեր, մասնակցեր տենդերների և հաղթեր, ոչ միայն այն պատճառով, որ նրանք ժամանակին և պատշաճ վճարում էին ատկատները, այլ նաև վստահեցնում էին, որ իրենց աշխատած փողի մի մասը ներդնում են Հայաստանում քաղաքական ազդեցություն գնելու համար: Ռուսաստանը համաձայնվեց, որ Հայաստանի էլեկտրական ցաները «Ինտեր ՌԱՕ»-ից անցնի «Տաշիր» խմբին, որովհետև եթե ռուսական կազմակերպությունը այստեղ որևէ քաղաքական պրոյեկտ չէր իրականացնում, ապա Կարապետյանը համարվում էր ռուսական շահերի ներկայացուցիչը, և Ռուսաստանը ՀԷՑ-ի նման հսկայական կառույց դնելով Կարապետյանի տակ, ուզում էր ավելի ուժեղացնել նրան: Դրա համար ՀԷՑ-ի ու «Գազպրոմ Արմենիա»-ի աշխատակիցները մի օրվա ընթացքում դարձան ՀՀԿ-ական, համալրելով իշխանության ֆորմալ կողմնակիցների բանակը: Մինչդեռ դա ոչնչով չօգնեց իշխանությանը, ընդհակառակը՝ այդ կառույցների աշխատակիցները, ամենաակտիվ մասնակցությունն էին ունենում բողոքի ցույցերին, իրենց դժգոհությունը հայտնելով ոչ միայն երկրի, այլ նաև իրենց անմիջական ղեկավարությունից:

Ռուսաստանից շատ վատ լուրեր են հասնում այն մասին, որ Ռուսաստանի իշխանությունները կարող են զրկել հայ օլիգարխիային բոլոր այն արտոնություններից, որոնք նրանք ունեցել են մինչև հիմա: Արդեն ստուգումներ են սկսվել նրանց կազմակերպություններում, և դրանց արդյունքում խլում են արդեն տրված տենդերները, մրցույթների արդյունքները չեղյալ են հայտարարվում, սահմանվում են բազմամիլիոնանոց տույժեր ու տուգանքներ: Լևոն Հայրապետյանի օրինակը ցույց է տալիս, որ Ռուսաստանը կարգազանցներին կարող է զրկել ոչ միայն ունեցվածքից, այլ նաև կյանքից:

Ռուսաստանը մտադիր է վերաբաշխել Հայաստանում ունեցած իր բիզնեսները: Հայաստանում արդեն լուրջ պայքար է սկսվել «Գազպրոմ Արմենիա»-ի համար: Այն որ տապալված վարչապետ Կարեն Կարապետյանը չի կարող կապ ունենալ «Գազպրոմ Արմենիա»-ի հետ, այլևս ոչ մի կասկած չկա: Այդ կառույցը և դրանից ստացվող եկամուտները Ռուսաստանը պետք է տա այն մարդուն կամ մարդկանց խմբին, որը հայտ կներկայացնի լինելու Հայաստանում ռուսական գծի ներկայացուցիչը, որը կկարողնա համոզել, որ ինքն ավելի արդյունավետ կօգտագործի այդ գումարները, քան տապալված իշխանությունները: Բայց Ռուսաստանի իշխանությունները չպետք է տապալման ամբողջ մեղքը բարդեն ռուսահայ օլիգարխիայի վրա: Ի վերջո սա ռուսական քաղաքական վերնախավի առաջին տապալումը չէ, ու ոչ էլ վերջինը կլինի: Ուղղակի իրեն սպառած և ուղն ու ծուծով կոռումպացված ռուսական քաղաքական համակարգը չի կարող դիմանալ ավելի առաջադեմ քաղաքական համակարգի մրցակցությանը:



Загрузка...