Լրահոս

Ռուսական ցինիզմ կամ Մոսկվան ծաղրում է Հայաստանին

 

Մոսկվայում բացասական են արձագանքում ԱՄՆ պետքարտուղարության ու Պենտագոնի մտադրությանը` Ուկրաինային հակատանկային հրթիռներ և այլ սպառազինություն մատակարարելու վերաբերյալ: Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել է, թե այն երկրները, որոնք հավակնում են դեր ունենալ ուկրաինական հակամարտության կարգավորման գործընթացում` պետք է խուսափեն գործողություններից, որոնք կարող են մեծացնել լարվածությունը:

Պեսկովի ասածը, առաջին տպավորությամբ, դասագրքային ճշմարտություն է, սակայն ավելի շատ հարցեր է ծնում, քան պատասխաններ է տալիս:

Նախ` եթե Ռուսաստանը պաշտոնապես հայտարարում է, թե ուկրաինական հակամարտության կողմ չէ, ինչո՞ւ է նրան մտահոգում երկու այլ երկրների ռազմական համագործակցության հարցը: Մյուս կողմից` ԱՄՆ-ը Նորմանդական քառյակում չէ և պաշտոնապես միջնորդական առաքելություն չի ստանձնել ուկրաինական հակամարտության կարգավորման գործընթացում` ի տարբերություն նույն Ռուսաստանի, որը լինելով Մինսկի համաձայնությունների երաշխավոր, բացահայտ հակաուկրաինական քաղաքականություն է վարում`աջակցելով Ուկրաինայի արևելյան շրջանների ռուսամետ անջատողականներին:

Սակայն Պեսկովի ասածներն ավելի ցինիկ են հնչում մեկ այլ հակամարտության` ԼՂ խնդրի կարգավորման գործընթացի համատեքստում, որտեղ Ռուսաստանը երեք համանախագահ միջնորդ երկրներից մեկն է, սակայն ի հեճուկս իր առաքելության`սպառազինում է Ադրբեջանին`դա համարելով կոմերցիա, բիզնես: Եթե առաջնորդվենք Պեսկովի տրամաբանությամբ, ապա Մոսկվան Ղարաբաղի խնդրում հետապնդում է ոչ թե խաղաղության հաստատման, այլ հակամարտությունը «տաք» պահելու քաղաքականության:

Ցավալին այն է, որ Մոսկվայում բացահայտ ծաղրում են Հայաստանին` թաքնվելով միջնորդի կամ դաշնակցի ցուցանակի հետևում, իսկ Երևանում ամենաբարձր մակարդակով պնդում են, թե հայ-ռուսական այսօրվա հարաբերություններն այլընտրանք չունեն:



Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing