Ռուսական հատուկ ծառայությունները թակա՞րդ են լարում Փաշինյանի դեմ

161

Մայիսի 24-ին ռուս  պրանկերներ Վովանն ու Լեքսուսը (Վլադիմիր Կուզնեցով ու Ալեքսեյ Ստոլյարով) ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից զանգահարել են Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Բորիս Ջոնսոնին։ Այս մասին գրել էր The Guardian–ը։

Մի քանի շաբաթ անց, հունիսի 13-ին նույն պրանկերները ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից  խոսել են  ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերի հետ: Այս մասին տեղեկացնում է Россия 24 հեռուստաընկերությունը:

Դժվար է հավատալ, որ այս զանգերը պատահականություն են և ռուս պրանկերները զվարճանում են միայն: Այս տեսակետին հատկապես դժվար է հավատալ այն դեպքում, երբ այս պրանկերների անունը կապվում է ռուսական հատուկ ծառայությունների հետ: Նրանց և ռուսական հատուկ ծառայությունների կապի մասին գրել է հեղինակավոր  The Guardian պարբերականը: Պրանկերներ Վովանն ու Լեքսուսը հատկապես Ուկրաինայի դեմ իրենց գործողություններով են հայտնի դարձել:

Այս ամենը հայկական կողմին պետք է մտահոգվելու տեղիք տա, քանի որ արդեն երկրորդ անգամ, արևմտյան լիդերների մոտ, Նիկոլ Փաշինյանի անունից ներկայանում են պրանկերներ և դեռևս անհասկանալի է, թե ինչպես են նրանք կարողանում կապ հաստատել քաղաքակիրթ աշխարհի առաջնորդների հետ: Չպետք է մոռանալ, որ պետությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարները չեն շփվում սովորական հեռախոսային կապով և այս դեպքում պրանկերները օգտվում են հատուկ կապից, կամ կարողանում են օգտվել Հայաստանի կառավարական կապից: Ռուս պրանկերների և ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի զրույցի ամենաանհասկանալի պահն այն է, որ պրանկերները, որոնք ներկայացել են Փաշինյանի անունից, խոսակցության ընթացքում հայտարարում են, որ ԵԱՀԿ գլխավոր քարտուղարն է իրեն զանգահարել: Խոսակցության հատկապես այս հատվածը մտահոգության տեղիք է տալիս, արդյո՞ք անվտանգ է ՀՀ կառավարական կապը:

Հայաստանի կառավարական կապի անտվատնգության մասով մտահոգություններ առաջացան նաև Բորիս Ջոնսոնի հետ տեղի ունեցած միջադեպից հետ, բայց այն ժամանակ ի պատասխան Politik.am-ի հարցման ՀՀ ԱԱԾ-ն հայտարարեց, որ Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունը ՀՀ կառավարական կապի համակարգի բաժանորդ չի հանդիսանում, վերջինիս հետ ֆիզիկապես համակցված չէ և հետևաբար անվտանգության խնդիր չկա:

Հիմա սակայն այդքան էլ առժանահավատ չի թվում ՀՀ ԱԱԾ հայտարարությունն այն մասին, որ ՀՀ կառավարական կապը անվտանգ է: Հաշվի առնելով  ռուս պրանկերների կապը ռուսական հատուկ ծառայությունների հետ, կարելի է եզրակացնել որ ՌԴ ԱԴԾ-ն ինչ որ սադրանք է պատրաստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ ու պրանկերների զանգերը կոնկրետ մշակված պլանի մասնիկներ են: Այդ գործողության նպատակը գուցե Փաշինյանի միջազգային հեղինակության վնասումն է կամ կա մեկ այլ նպատակ, բայց մի բան հստակ է, որ   ամեն դեպքում ՀՀ ԱԱԾ-ն պետք է զբաղվի այս խնդրով, քանի որ սեղանին դրված է Հայաստանի միջազգային հեղինակությունը



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache