Ռուսաստանը ցուցադրաբար հրաժարվեց Ղարաբաղից

3

Լեռնային Ղարաբաղը ՀԱՊԿ անդամ չէ, եւ կազմակերպությունը Ստեփանակերտին ռազմական օգնություն չի ցուցաբերի, մարտի 6-ին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր շտաբի պետ Անատոլի Սիդորովը Մոսկվա-Երեւան-Աստանա-Բիշքեք-Մինսկ տեսակամուրջի ժամանակ:

Նա իհարկե նորություն չի ասում, նման հայտարարություններ կամ ակնարկներ եղել են նաեւ նախկինում: Սակայն այս հայտարարությունը հետաքրքիր է այլ իրադարձությունների ֆոնին, որոնք տեղի ունեցան վերջին օրերին:Երեւանում ՌԴ Դաշնային խորհրդի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Կոսաչովը հայտարարեց, որ ապրիլի պատերազմից հետո Ռուսաստանը փոխել է իր ռազմական քաղաքականությունը եւ Ադրբեջանին նույն ծավալով զենք չի մատակարարում: Նա ասել է, որ ներկայիս մատակարարումները նախկինում կնքված պայմանագրերով են:Մեկ օր անց բրիֆինգի ժամանակ ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան հայտարարեց, որ Մոսկվայում Արցախի ներկայացուցչություն չկա:

«Մոսկվայում գոյություն չունի Արցախի Հանրապետության ոչ մի ներկայացուցչություն: Նշված հաղորդագրություններում պարոն Անդրյանն (Անդրյանը ԼՂՀ ներկայացուցիչն է Մոսկվայում. Խմբ.) իրականում Ռուսաստանում Հայաստանի դեսպանատան խորհրդականն է: Ամեն դեպքում նա Ռուսաստանի ԱԳՆ-ում հենց այդպես է հավատարմագրված», ասել է նա:Նույն այս օրերին տեղի է ունենում ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի այցն ԱՄՆ: Նա հանդիպումներ է ունեցել ԱՄՆ Կոնգրեսում: Ի դեպ, ԼՂՀ ներկայացուցչությունն ԱՄՆ-ում գրանցված է այդ երկրի Արդարադատության նախարարությունում:Նույն բրիֆինգում Զախարովան խուսափել է պատասխանել հարցին, թե արդյոք Մոսկվայում նույն կերպ կընդունեն ԼՂՀ նախագահին, ինչպես ԱՄՆ-ում: Իսկ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը, ի պատասխան Բաքվի ԱԳՆ բողոքի նոտայի, ադրբեջանցիներին հիշեցրել է, որ Արցախն ինքնորոշման իրավունք ունի:

ՌԴ պաշտոնական դեմքերը նման հայտարարություն չեն արել:Ստացվում է՝ ԱՄՆ-ն դե ֆակտո ճանաչում է ԼՂՀ-ն, իսկ Ռուսաստանը՝ ոչ:Ռուս-ղարաբաղյան հարաբերություններն ընդհանրապես հետաքրքիր պատմություն ունեն: Ռուս-պարսկական պատերազմներից հետո իրեն միացնելով Ղարաբաղը, որն այն ժամանակ կիսանկախ պետություն էր, ռուսները Ղարաբաղի իշխանությունը հանձնեցին մահմեդականներին: 1921 թ. Մոսկվան Ղարաբաղը նվիրեց Ադրբեջանին: 1990-ականներին Մոսկվան երկու պատժիչ արշավ իրականացրեց Ղարաբաղի դեմ, որի հետեւանքով տեղահանվեց հայկական երկու տասնյակից ավելի բնակավայր, սպանվեցին հարյուրավոր հայեր:Ռուս փորձագետները նշում են, որ ժամանակի ընթացքում Ռուսաստանը կորցնելու է իր առաջատար դերը ղարաբաղյան գործընթացում: Ռուսաստանը նույնիսկ դե ֆակտո չի ճանաչում ԼՂՀ գոյությունը, իսկ դա նշանակում է, որ Ռուսաստանը չի կարող միջնորդ լինել այդ հարցում: Բացի այդ, ներկայիս միջազգային բուռն իրադարձություններն անհնար են դարձնում իրողությունները չընդունելը. ովքեր համարժեք չեն այս տրամաբանությանը, դուրս են մնում որոշումներ կայացնողների շրջանակից: Այդ թվում Ղարաբաղի խնդրում:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache