Լրահոս

Ռուսաստանը գիտի ինչպես դա անել

 

Մեր զրուցակիցն է Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի տնօրեն Ստյոպա Սաֆարյանը

Պարոն Սաֆարյան, ինչպե՞ս եք գնահատում Պուտին-Մակրոն հանդիպումը, որի արդյունքում Պուտինը, ըստ էության, ձեռնունայն վերադարձավ այդ հանդիպումից։

 

Կարծում եմ՝ Ռուսաստանը մեծ անակնկալի եկավ, երբ երկար աշխատանքից հետո չկարողացավ ազդել ֆրանսիական նախագահական ընտրությունների ելքի վրա։ Երբ ուկրաինական դեպքերից հետո աշխարհը պատժամիջոցներ կիրառեց, Պուտինը սկզբում փորձեց այլ եղանակներով հասնել դրանց վերացմանը, բայց կարծեք թե այդ երկրները տեղի չտվեցին և մի քանի երկրներում ընտրական արշավներին ընդառաջ Ռուսաստանը սկսեց հիբրիդային պատերազմ կոչվածը այդ երկրների ներքին քաղաքական կյանքի և ընտրությունների ելքի վրա ազդելու առումով։ Կարծում եմ՝ Ֆրանսիան տոտալ ձախողում էր Պուտինի համար, ձախողում էր Գերմանիան։ Անգամ ձախողում էր ԱՄՆ-ը, ի վերջո, Թրամփը դիտարկվել էր աշխարհի վրա մեծ ազդեցությամբ մարդ, և դա ցույց տվեցին վերջին շրջանի զարգացումները, այդ թվում` «Մեծ յոթնյակի» և նաև ՆԱՏՕ-ի վերջին հանդիպման ժամանակ։ Ես չեմ ուզում ասել, որ ԱՄՆ-ի դերն իջեցվել է աշխարհում, բայց համենայնդեպս, կարծեք թե, ԱՄՆ-ի որդեգրած դիրքորոշման արդյունքում մի կողմից ցանկություն կա ամերիկյան գլոբալ հեգեմոնիան առաջ տանելու, ինչպես իր նախորդներն են արել, մյուս կողմից ՆԱՏՕ-ի դիրքորոշումները առաջ մղելու զարգացում է ընթանում։

Հետևաբար, այս ֆոնին, հենց Միացյալ Նահանգները Ռուսաստանի համար հաջողություն չեն կարող դիտարկվել, որքան էլ որ Թրամփի հաղթանակը Մոսկվան ցանկանում է ներկայացնել որպես հաջողություն։ Այս ֆոնին Մակրոնի և Պուտինի հանդիպումը ցույց տվեց, որ Ֆրանսիայի նախագահը բացարձակապես մտադիր չէ վերացնել Ռուսաստանի հանդեպ պատժամիջոցները։ Դա միայն Ֆրանսիայի դիրքորոշումը չէ։ Փաստացի Եվրոպան մինչ այժմ որևէ տեղաշարժ չի կատարել այս ուղղությամբ, չի կիսում Ռուսաստանի նախագահի մոտեցումը սահմանափակումների հետ կապված։ Նաև Մակրոնը բացահայտ մեղադրեց Ռուսաստանին երկու պետական լրատվամիջոցների միջոցով հիբրիդային պատերազմ վարելու մեջ։

Որքան էլ Մակրոնը խոսում էր լրատվությունից, լրագրողների պարկեշտությունից, էթիկայից, պրոֆեսիոնալիզմից, այնուամենայնիվ, դա հիբրիդային պատերազմ վարելու մեղադրանք էր։ Այս առումով, թերևս Պուտինն իսկապես պաշտպանության տակ չառավ իր կողմից ստեղծված երկու լրատվամիջոցներին, որպեսզի ցույց տա, որ ինքը այդ երկու լրատվամիջոցների հետ որևէ առնչություն չունի։ Ստանձնել պաշտպանությունը, կնշանակեր այդ լրատվամիջոցներն իր պաշտպանության ներքո են գործում, իսկ չստանձնել դրանց պաշտպանությունը ծիծաղելի կլիներ, որովհետև բոլորը գիտեն, որ դրանք պետական գործակալություններ են։ Հետևաբար այս կտրվածքով, կարծում եմ՝ Եվրոպա-Ռուսաստան պատը սասանման նշաններ ցույց չի տալիս։ Ֆրանսիան և Գերմանիան որպես Եվրոպայի լիդեր երկրներ բացահայտ արդեն ցույց տվեցին, որ ոչ միայն չեն ցանկանում վերանայել Ռուսաստանի նկատմամբ իրենց դիրքորոշումը, այլև անգամ Մերկելի շուրթերով հայտարարվեց, որ Եվրոպան իր ձեռքն է վերցնում իր ճակատագիրը լուծելու խնդիրը։

Ֆրանսիայից վերադառնալուց հետո Պուտինը  շատ արագ մի շարք պայմանագրեր ստորագրեց Թուրքիայի հետ։ Արդյոք այդ երկու իրադարձությունների միջև կապ կա, երբ Պուտինը փաստորեն հույսը կտրելով Եվրոպայից, հույսը դնում է Թուրքիայի հետ հարաբերությունները խորացնելու վրա։

Այո։ Ռուս-թուրքական օղակը օղակ է Եվրոպայի համար։ Սա ոչ թե միայն տնտեսական և այլ առումներով այլընտրանք չունենալու հետևանք է, որովհետև ըստ էության տնտեսական դաշտում Ռուսաստանի վրա լրջագույն սահմանափակումներ են դրված։ Եվ Ռուսաստանը իր գոյատևման համար աշխարհում ինչ-որ մեկի հետ պետք է իր տնտեսական հարաբերությունները վերագործարկի, բայց այժմ նաև որպես քաղաքական դաշինք Եվրոպան օղակելու մասին է։ Ի վերջո հիբրիդային պատերազմի մեջ մտնում է նաև սիրիական պատերազմի միջոցով Եվրոպային միգրացիայով խեղդելը, որը նա անում էր Թուրքիայի հետ միասին։ Եվրոպացիները որքան էլ անվտանգության խնդիրներ ունեցան,  դա էլ չազդեց ներքաղաքական պրոցեսների և զարգացումների ելքերի վրա։ Եվ այս կտրվածքով, բացի տնտեսական շերտից, Պուտինը և Էրդողանը, որպես Եվրոպայից մերժվածներ, շարունակելու են այդ օղակը ամրապնդել ընդդեմ Արևմուտքի և Եվրոպայի։

Ռուս-թուրքական մերձեցումից ի՞նչ սպասի Հայաստանը, ի՞նչ խնդիրների առաջ մենք կարող ենք կանգնել։

Մի կողմից Հայաստանի նկատմամբ ռուսական պրոտեկցիան կարծես թե անվտանգության ռիսկերը  չեզոքացնում է, բայց մյուս կողմից, եթե նկատի ունենանք, որ ռուս-թուրքական տանդեմը պատ է ընդդեմ Եվրոպայի, այդ դեպքում, իհարկե, մենք պետք է սպասենք խնդիրներ Հայաստան-Եվրոպա առանցքով։

Իսկ Եվրոպայի հետ Թուրքիայի հարաբերությունների սրումը ի՞նչ հետեւանք կունենա Հայաստանի համար։

Թուրքիային, ըստ էության, վերջնագիր է տրված, որ եթե նա մահապատիժը վերականգնի որպես պատամիջոց, դա կլինի ընդհանրապես Թուրքիայի անդամության կարգավիճակի ավարտը։ Որքանով կխորանա Թուրքիան հետագա զարգացումներում, դեռ կտեսնենք, բայց այն, որ Թուրքիայի նախագահը շարունակում է ծայրաստիճան դժգոհ լինել Թուրքիայի հանդեպ ԵՄ վերաբերմունքից, և ԵՄ-Թուրքիա հարաբերությունները ծայրահեղ լարված են, թերևս այս կտրվածքով, իհարկե, Հայաստանի համար եվրոպական որևէ այլ լավ զարգացում չի կարող լինել, մանավանդ որ նշածս ռուսական աղեղը կանգնած է Եվրոպայի և Հայաստանի, Եվրոպայի և Կովկասի միջև։

Իշխանությունը լիահույս է, որ Հայաստան-ԵՄ նոր փաստաթուղթը կյանքի կկոչի։

Այս պահի դրությամբ ԵՄ դեսպանների հայտարարությունները ինձ հակառակը մտածելու առիթ են տալիս, բայց չեմ կարծում, թե հարյուր տոկոսանոց երաշխիքներ կարող են տրվել այս պահին, որ այս պայմանագիրը կարող է վավերացվի, դրա չստորագրման թեկուզ ցածր, բայց ռիսկեր կան, Ռուսաստանը գիտի ինչպես դա անել, ինչպես դա արեց 2013-14 թթ., դա ղարաբաղյան խնդրի թեժացումն էր։ Այս կտրվածով իրսվիճակի շիկացում չպետք է բացառենք։ Եվ միջազգային ճգնաժամային խմբի զեկույցը գալիս է վկայելու շիկացման բարձր ռիսկերի մասին, և Ռուսաստանը գիտի ինչպես դա օգտագործել քաղաքական նպատակներով։  Ռուսաստանի նոր մարտավարությունը այս առումով կլինի այն, որ ստորագրի այնպիսի մի փաստաթուղթ, որը ոչինչ չտա Հայաստանին, այնպես, որ Հայաստանի հասարակությունը չտեսնի լուրջ և շոշափելի արդյունք։ Հետևաբար երկու տարբերակն էլ հաստատապես Հայաստանի համար լավը չեն։ Եվ նկատի ունենալով Հայաստանի իշխանության որակը, որը, ցավոք սրտի, ռեկորդակիր է իմիտացիաների մեջ, բայց ոչ երբեք բովանդակային առումով և ստորագրման փոքր հավանականությունը, կամ ստորագրման, բայց իմիտացիա անելու ռիսկերը առանձնապես փայլուն հեռանկար չեն կարող ստեղծել Հայաստան-ԵՄ հարաբերությունների համար։



Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing