Լրահոս

Ռուսաստանը համակերպվեց

 

Ռուսաստանի դեմ ԱՄՆ պատժամիջոցները, ինչպես նշում են փորձագետները, ոչ միայն կոշտացնում են Ռուսաստանի նկատմամբ վերաբերմունքը, այլ նաեւ արձակում են ԱՄՆ ձեռքերը եւ թույլ տալիս պատժամիջոցներ կիրառել ցանկացած երկրի դեմ, եթե Վաշինգտոնը համարի, որ այն գործում է Ռուսաստանի օգտին:
Այդ պատժամիջոցներն ունեն նաեւ այլ գործառույթ: Դրանք կապում են Ռուսաստանի ձեռքերը եւ թույլ չեն տալիս միջամտել վերափոխումներին, որոնք ընթանում են շատ տարածաշրջաններում: Այս վերափոխումները վաղուց են սկսվել, սակայն նախկինում Ռուսաստանի ուժերն ու ռեսուրսները բավարարում էին դրանց խանգարելուն, ինչպես օրինակ տեղի ունեցավ Ուկրաինայում, Մերձավոր Արեւելքում եւ Եվրոպայում:
Այժմ Ռուսաստանն ուժասպառ է եղել բազմաթիվ հակամարտություններին մասնակցելու եւ պատժամիջոցների պատճառով. այսուհետ ցանկացած միջամտություն կարող է ավարտվել Ռուսաստանին վերջնականապես խեղդելով:
Այդ կաշկանդվածության արդյունքներն ակնառու են նախ եւ առաջ Եվրոպայում. Չեռնոգորիան ՆԱՏՕ-ի անդամ է դարձել՝ չնայած հեղաշրջման փորձին, որում երկրի ղեկավարությունը մեղադրել է Ռուսաստանին: Մոլդովան, չնայած մարգինալ ռուսամետ նախագահ Դոդոնին, պահանջում է զորքերը դուրս բերել Մերձդնեստրից, Ռոգոզինին անցանկալի անձ է հայտարարում եւ խորացնում հարաբերությունները Եվրամիության հետ: Վրաստան է ժամանում ԱՄՆ փոխնախագահը, որը հայտարարում է ՆԱՏՕ-ին այդ երկրի անդամակցությանն աջակցելու եւ Ռուսաստանի ագրեսիայի դեպքում ԱՄՆ-ի պարտավորությունները կատարելու մասին: Բացի այդ, Մակեդոնիան եւ Բուլղարիան պատմական պայմանագիր են ստորագրում՝ չնայած Բալկաններում պառակտում սերմանելու Մոսկվայի եւ Անկարայի փորձերին:
Այս բոլոր նշանակալի իրադարձություններին Ռուսաստանը չի պատախանում դեմարշներով եւ Սերգեյ Լավրովի եւ Կիսելյովի հայտարարություններով: Վերջինս մի քանի տարի սպառնում էր միջուկային փոշով, եթե որեւէ մեկը նեղացնի Ռուսաստանին: Մոսկվան լուռ կուլ է տալիս այն, ինչը մի քանի տարի առաջ անհավատալի էր թվում: Այնպիսի տպավորություն է, որ Կրեմլում համակերպվել են «տարածաշրջանային տերության» նոր կարգավիճակով, հատկապես այն բանից հետո, երբ Պուտինը հայտարարեց, որ աշխարհում մեկ գերտերություն կա՝ ԱՄՆ-ն:
Առայժմ, սակայն, ով չի ալարում, շահագործում է Ռուսաստանի դիվային կերպարը: Միայն Հայաստանում են դեռ վախենում Ռուսաստանից: Չնայած Հայաստանում էլ կարելի է նկատել, որ փորձում են ստուգել, թե ինչպես կվարվի Մոսկվան, եթե Երեւանը փորձի ինքնուրույն քայլեր ձեռնարկել: Կարող է պարզվել, որ պատժամիջոցներից ուժասպառ Մոսկվան չի կարող ազդել անգամ Հայաստանի վրա:
Իրանի հետ համատեղ ձեռնարկություններ ստեղծելու եւ Եվրոպա արտահանում սկսելու Սերժ Սարգսյանի առաջարկն այդ փորձերից է, ինչպես եւ հայ զինվորականների մասնակցությունը Վրաստանում ՆԱՏՕ-ի զորավարժություններին: Կա «տրամադրությունները ստուգելու» եւս մեկ գործիք. Ղարաբաղում հայտարարել են, որ Ադրբեջանի ագրեսիայի դեպքում Հայաստանը կճանաչի Ղարաբաղը, իսկ «անվտանգության գոտին» կընդլայնվի: Պատժամիջոցների մասին օրենքով կա կետ, որով Ռուսաստանից պահանջվում է չմիջամտել Աբխազիայի, Հարավային Օսիայի, Ուկրաինայի եւ Մերձդնեստրի հակամարտություններին:
Այս բոլոր փոփոխություններն արդեն տեսանելի են, եւ Մոսկվան «վրդովմունք» չի հայտել՝ կարծես թե դա էլ է կուլ տալիս եւ համակերպվում տարածաշրջանում նոր դերին: Դերի ցածրացումը կարելի է նկատել նաեւ Աբխազիայի օրինակով, որտեղ տեղի են ունենում բաներ, որոնք փորձագետները գնահատում են որպես Ռուսաստանից հեռանալու նշաններ:
Հաջորդը որտե՞ղ են ստուգելու Ռուսաստանի ներուժը:



Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing