Ռուսաստանը Հայաստանից պահանջում է անհնարինը.lragir.am

0

«Եթե ինչ-որ մեկը խորամանկություն է անում, ապա դա Ռուսաստանն է: Մոսկվայում լավ գիտեն, որ հակամարտությունը 2008 թվականին չի սկսվել: Նրանք քաջ գիտակցում են նաև, թե` ով, և ինչպես է նպաստել հակամարտության էսկալացիային: Այս հարցում մենք ունենք միջազգային հանրության ակնհայտ  աջակցությունը», ըստ Վրաստանի հայալեզու Ալիք-Մեդիա գործակալության՝ հայտարարել է Վրաստանի վարչապետի հատուկ բանագնաց Զուրաբ Աբաշիձեն, որը բանակցում է Ռուսաստանի հետ:

Այդպես նա պատասխանել է Ռուսաստանից բանակցող, ԱԳ փոխնախարար Կարասինի հայտարարությանը, թե Վրաստանը խորամանկում է, երբ ասում է, որ Ռուսաստանի հետ հարաբերության կարգավորման գործընթացով հույս են ունեցել հասնել նրան, որ Մոսկվան չճանաչի Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախությունը:Ռուսաստանն ու Վրաստանը պատրաստվում են Պրահայում բանակցության նոր փուլին: Ուղիղ մեկ տարի առաջ այդ փուլից հետո երկու կողմը հայտարարեցին, որ առաջընթաց է արձանագրվում 2011 թվականին կնքված երկկողմ պայմանագրի իրականացման գործում: Խոսքը Աբխազիայի եւ Հարավային Օսիայի տարածքով տրանսպորտային տարանցիկ փոխադրումների իրականացման մասին է, որ պետք է կատարվի երրորդ կողմի՝ տվյալ դեպքում շվեյցարական մի ընկերության մոնիտորինգի ներքո:

Պայմանագրով նախատեսվում է, որ կողմերը մի կողմ են թողնում այս չճանաչված սուբյեկտների կարգավիճակի շուրջ անհամաձայնությունն ու իրականացնում են տարանցիկ բեռնափոխադրումներ դրանց տարածքով անցնող ավտոճանապարհներով, սահման դիտարկելով Ռուսաստանի սահմանը:Մեկ տարի առաջ բանակցային փուլից հետո առաջընթացի մասին հայտարարությունը ոգեւորություն էր առաջացրել Հայաստանում: Դրանից մի քանի օր անց Վրաստան էր մեկնել վարչապետ Կարեն Կարապետյանը, որը հայտարարեց, թե անպայման կլինի Վերին Լարսի այլընտրանք: Բայց, դրանից հետո սառը ցնցուղ էր Զուրաբ Աբաշիձեի հայտարարությունը, որ պայմանագիրը վերաբերում է Վրաստանին ու Ռուսաստանին, եւ Հայաստանը չի կարող ունենալ դրանից օգտվելու ակնկալիք:Ինչով էր պայմանավորված այդ հայտարարությունը, դժվար է ասել:

Չի բացառվում, որ վրացական կողմն այդպիսով փորձում էր մի կողմից հավելյալ շահագրգռել հայկական կողմին ու լրացուցիչ խաղաքարտ ձեռք բերել, հնարավոր է Աբաշիձեն այդպիսով փորձում էր բավական նուրբ գործընթացը պաշտպանել թուրք-ադրբեջանական լոբբիի ապակառուցողական ազդեցությունից, որը բավական ուժեղ է Վրաստանում:Այսպես թե այնպես, թեման հանդարտվեց, իսկ Հայաստանի պաշտոնյաները հարցադրումներին արձագանքում էին, որ բանակցում են եւ աշխատում այլընտրանքի ուղղությամբ: Տարեվերջին մամուլի ասուլիսում նույնը կրկնեց վարչապետ Կարեն Կարապետյանը, ասելով, թե բանակցում են ում հետ հարկ է:Դրանից կարճ ժամանակ անց ուշագրավ հայտարարություն արեց Վրաստանի վարչապետ Կվիրիկաշվիլին, ով խորհրդարանում ասել էր լիովին հակառակը, ինչ մեկ տարի առաջ Աբաշիձեն էր հայտարարել:

Կվիրիկաշվիլին ասել էր, որ Ռուսաստանի հետ համաձայնության դեպքում կարող են Վերին Լարսում արտակարգ իրավիճակի դեպքում ճանապարհներից օգտվել Թուրքիան ու Հայաստանը: Կվիրիկաշվիլին հայտարարել էր նաեւ, որ Ռուսաստանը սակայն դնում է քաղաքական անընդունելի պահանջներ, խանգարելով վերջնական համաձայնությանն ու առաջընթացին:Կվիրիկաշվիլիի այդ հայտարարությունից հետո՝ նոյեմբերի 30-ին տարածվեց տեղեկություն, որ դեկտեմբերի 1-ին նա պատրաստվում է այցելել Հայաստան: Մինչ այդ Հայաստանը ստորագրել էր ԵՄ հետ նոր համաձայնագիրը, իսկ դրանից երկու օր անց Հայաստան էր եկել Իրանի արտգործնախարարը:Սակայն այցը տեղի չունեցավ, դեկտեմբերի 25-ին Վրաստան այցելեց Սերժ Սարգսյանը: Այնտեղ նա Վրաստանի նախագահի հետ հանդիպումից հետո հայտարարեց, որ քննարկել են նաեւ երկկողմ տրանսպորտային տարանցիկ կարողությունները բարձրացնելու հարցը:

Դեկտեմբերի 26-ին Սարգսյանը Թբիլիսիից մեկնեց Մոսկվա, ԱՊՀ Վեհաժողովին մասնակցելու համար: Արդյոք Մոսկվայում Սարգսյանը քննարկել է ճանապարհների հարց, հայտնի չէ:ՌԴ փոխարտգործնախարար Կարասինը հայտարարել էր նաեւ, որ Հայաստանը դիմել է ճանապարհների հարցով, սակայն պայմանագիրը երկկողմ է եւ նախատեսված չէ երրորդ կողմի ներգրավվածություն, լինի Հայաստանը, Աբխազիան, թե Հարավային Օսիան:Փաստորեն, մեկ տարի անց Վրաստանը հայտարարում է, որ Հայաստանը կարող է միանալ եւ օգտվել այլընտրանքից, փոխարենը այժմ Ռուսաստանն է հայտարարում, որ դա հնարավոր չէ: Կարասինի խոսքից մի բան չափազանց ակնհայտ է՝ ՌԴ փոխարտգործնախարարը չափազանց թափանցիկ տեքստով ասում է, որ Հայաստանը կօգտվի այլընտրանքից, եթե Վրաստանը համաձայնի պայմանագրում Աբխազիայի եւ Հարավային Օսիայի կարգավիճակային որեւէ ներգրավվածության:

Ռուսաստանը գործնականում Հայաստանի ներգրավվածության համար պահանջում է անհնարինը: Դե ֆակտո պահանջում է թե Վրաստանից, թե Հայաստանից: Հազիվ թե Վրաստանը համաձայնի այդ պայմանագրում կամ դրա իրականացման փուլում Աբխազիայի եւ Հարավային Օսիայի որեւէ կարգավիճակային ամրագրման:Ստացվում է փակուղի: Իսկ Հայաստանի համար հնարավո՞ր է համոզել Ռուսաստանին հրաժարվել այդօրինակ պահանջից: Հնարավոր է, եթե Ռուսաստանի համար այդ պայմանագիրը եւ գործընթացը ունի այլ շարժառիթ, բացի Աբխազիայի եւ Օսիայի «լեգիտիմացումը»:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache