Լրահոս

Ռուսաստանը կարող է զենքի ուժով ճնշել Հայաստանի ընդդիմությանը

 

ՀՀ Ազգային ժողովն այսօր վավերացրեց «ՀՀ և ՌԴ միջև՝ ՀՀ Զինված ուժերի և ՌԴ Զինված ուժերի զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին ՀՀ օրենքի նախագիծը:

Միջանկյալ նշենք, որ համաձայնագիրն ուղղված է ՀՀ Զինված ուժերի և ՌԴ Զինված ուժերի զորքերի միջև նորմատիվաիրավական բազայի կատարելագործմանը, ռազմաքաղաքական իրավիճակի վերլուծությունը, կազմի և կիրառման հետ կապված խնդիրների համատեղ պլանավորմանը:

Այս նախագիծը մի շարք մտահոգիչ կողմեր ունի: Նախագծից պարզվում է, որ հայ-ռուսական զորախումբը կարող է մասնակցել նաև Հայաստանի և Ռուսաստանի ներքին ապստամբությունների ճնշմանը:

Երեկ, Ազգային Ժողովում օրենքի նախագծի քննարկմանը «Ելք» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը ՊՆ փոխնախարար Արտակ Զաքարյանից փորձեց հստակեցնել` ներքին ապստամբությունների ժամանակ այդ միացյալ զորախումբը կարող է միջամտել, թե ոչ:

Արտակ Զաքարյանը պատասխանեց, որ ըստ համաձայնագրի դրույթների՝ նախատեսվում են նաև ներքին ռազմական սպառնալիքների դեմ համապատասխան գործողություններ, եթե կողմերը գալիս են համաձայնության։ «Միակողմանի ներխուժում չի կարող լինել»,-ասաց փոխնախարարը։

Փոխնախարարը փաստորեն հաստատել է պատգամավորի մտահոգությունը: Իհարկե Արտակ Զաքարյանը նշում է, որ հայ-ռուսական միացյալ զորախումբը կարող է ներգրավել  ներքին ապստամբությունների ժամանակ, եթե կա երկկողմանի համաձայնություն:

Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ ընդդիմադիր կուսակցությունների ցանկացած գործողություն, որը դեմ կլինի ռուսական շահերին, ՌԴ-ն կարող է դիտարկել, որպես ներքին ապստամբություն և փաստորեն օրենքի այս նախագծով մենք այդ երկրին հնարավորություն ենք տալիս արդեն զինված մասնակցություն ունենալ մեր երկրի ներքաղաքական պրոցեսին: Իհարկե ՀՀԿ-ականները կարող են ասել, որ հայկական կողմը չի տա նման քայլի համաձայնություն և, որ նման քայլի գնալու համար պարտադիր է երկկողմանի համաձայնություն, սակայն մենք դեռ չենք մոռացել, թե Հայաստանը ինչպես մեկ գիշերվա մեջ դարձավ ԵԱՏՄ անդամ: Հայաստանի այս իշխանությունները չունեն իմունիտետ դիմադրելու Ռուսաստանից եկող ճնշմանը:

Այս պարագայում, հայ-ռուսական զորախումբը դառնում է պատուհաս մեր երկրի քաղաքական համակարգի գլխին: Ընդդիմությունը պետք է մոռանա այլևս փողոցային պայքարի մասին, քանի որ պայքարի նման մեթոդը ամեն պահի կարող է մեկնաբնվել, որպես ապստամբություն ու պատժվի հայ-ռուսական զորախմբի կողմից:

Հ.Գ. Հետաքրքիր է, թե ինչու է հայ-ռուսական զորախմբին տրվում նման լիազորություն, երբ մեր երկիրը ունի ոստիկանության զորքեր, որը ավելի լավ է սպառազինված քան մեր բանակը:


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing