«Ռուսաստանը կշարունակի զենքի վաճառքի միջոցով ազդել կողմերի դիրքորոշումների վրա». բրիտանացի վերլուծաբան

0

«Գործընկերների բացակայության պայմաններում ՌԴ-ն պետք է փորձի պահպանել իր վերջին հավատարիմ գործընկերներին»,- այս մասին 168.am–ի հետ զրույցում ասաց Ռուսաստանի և Հարավային Կովկասի հարցերի փորձագետ Նեյլ Մաքֆարլեյնը՝ անդրադառնալով մարտի 18-ին Ռուսաստանում անցկացված նախագահական ընտրությունների արդյունքներին, ՌԴ գործող և վերընտրված նախագահ Վլադիմիր Պուտինի ապագա քաղաքականությանն աշխարհում:

Հիշեցնենք, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի տեղեկացմամբ, գործող նախագահը ստացել է ձայների 76.67 տոկոսը` 47-48 միլիոն ձայն, այն դեպքում, երբ 2012 թվականին նա ստացել էր ձայների 63.6 տոկոսը: Մոսկվայում, վերջին տվյալներով, Պուտինը ստացել է 70 տոկոս, Սանկտ Պետերբուրգում՝ 75, Չեչնիայում՝ 90, իսկ Ղրիմում՝ 92 տոկոսից ավելի:

Ընտրությունների արդյունքում 11,79 տոկոս ձայներով երկրորդ տեղում է Ռուսաստանի Դաշնության կոմունիստական կուսակցության թեկնածու Պավել Գրուդինինը, իսկ 5,66 տոկոսով երրորդ տեղում՝ Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին: Նրան հաջորդում է հաղորդավարուհի Քսենյա Սոբչակը՝ 1,67 տոկոս, «Յաբլոկո» կուսակցության առաջնորդ Գրիգորի Յավլինսկին ստացել է 1 տոկոս ձայն, իսկ Բորիս Տիտովը, Սերգեյ Բաբուրինն ու Մաքսիմ Սուրայկինը չեն ստացել նույնիսկ ձայների 1 տոկոսը:

Նեյլ Մաքֆարլեյնի խոսքով՝ նախագահական ընտրությունների արդյունքում ստացված ցուցանիշներն արդեն իսկ խոսում են այն մասին, որ ընտրությունների արդյունքները կամ արդար չեն, կամ ինչ-որ բան սխալ է, քանի որ Վլադիմիր Պուտինը կամ ընդհանրապես որևէ ղեկավար չէր կարող նման բարձր ռեյտինգ ունենալ: Ըստ նրա՝ պատմությունը ցույց է տալիս, որ նման բարձր ցուցանիշներ նույնիսկ ամենաֆավորիտ թեկնածուները չեն ունենում լիբերալ երկրներում, նման արդյունքներ ստացվում են միայն ավտորիտար երկրներում: «Սա ես պարզապես ասում եմ այն, ինչ ընդունված է, և բոլորն այդպես են կարծում, իսկ կեղծիքների փաստեր չունեմ»,- ասաց Մաքֆարլեյնը:

Նա նկատեց, որ նախընտրական քարոզարշավի ընթացքում ՌԴ նախագահն իր արտաքին քաղաքական անդրադարձներում բավականին համեստ էր՝ նախորդ քարոզարշավի համեմատ:

«Նրա նախընտրական քարոզարշավի գագաթնակետը ելույթն էր Դաշնային ժողովում և նրա մասին ֆիլմի պրեմիերան ռուսական ԶԼՄ-ներով: Իսկ Դաշնային ժողովում ունեցած Պուտինի ելույթը ռուսական միջուկային սպառազինության, Ռուսաստանի հզորության մասին էր, ինչը ցույց է տալիս, որ Պուտինը կցանկանար, որպեսզի առաջիկա վեց տարիների ընթացքում ՌԴ-ն զսպեր իր հակառակորդներին, սակայն դա այլևս հնարավոր չէ, քանի որ Արևմուտքի ներկայիս տրամադրվածության պայմաններում այս առճակատումը շատ հեռուն կարող է գնալ, իսկ ՌԴ նախագահը դա շատ լավ է հասկանում, և կարծում եմ նաև, որ գուցե խուսափի ռիսկի դիմել, թեև անընդհատ փորձում է սադրել Արևմուտքին, դրա վառ ապացույցը հակամարտությունն է Բրիտանիայի հետ:

Մյուս կողմից՝ պետք է նաև նշել, որ նրա այդ ելույթն ուներ նաև ներքին հասցեատեր ընտրություններից առաջ: Իմ համոզմամբ՝ ՌԴ նախագահը հասկանում է, որ այն ռազմատենչ օրակարգը, որի վրա հիմնել էր նա իր իշխանությունը՝ հատկապես նախագահության վերջին ժամկետի ընթացքում, սպառել է իրեն, քանի որ Ռուսաստանը շարունակում է գլորվել անդունդը և՛ տնտեսապես, և՛ քաղաքականապես, սակայն այդ քաղաքականությունից հրաժարվել ևս այլևս չի հաջողվի, քանի որ այդ իշխանությունը, օրերս տեղի ունեցած քվեարկությունը կառուցվել է այդ պատրանքի վրա»,- ասաց Մաքֆարլեյնը:

Անդրադառնալով Հարավային Կովկասում ռուսական քաղաքականությանը Պուտինի նոր նախագահական ժամկետի շրջանում` բրիտանացի վերլուծաբանն ասաց, որ Ռուսաստանը կորցրել է Վրաստանը 2008 թվականին: Սակայն, ըստ նրա, Հայաստանին և Ադրբեջանին կարողանում է պահել իր ազդեցության գոտում սպառազինության վաճառքի և Ղարաբաղյան հակամարտության չկարգավորման միջոցով:

«Վերջին երկու տասնամյակի ընթացքում զինելով հակամարտող կողմերին` Ռուսաստանը նրանց կախվածության մեջ է դրել, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը պայմանավորել իր դիրքորոշմամբ և միջամտությամբ: Աշխարհում լարվածության և Ռուսաստանի դիրքերի թուլացման դեպքում էլ ավելի կկարևորվի Ռուսաստանի համար ազդեցության պահպանումն այս տարածաշրջանում: Ուստի Ռուսաստանը կշարունակի զենքի վաճառքի միջոցով ազդել կողմերի դիրքորոշումների վրա»,- նման տեսակետ հայտնեց Նեյլ Մաքֆարլեյնը:

Բրիտանացի փորձագետի խոսքով, հայ-ռուսական հարաբերություններն անմիջականորեն կապված են ԼՂ հակամարտության հետ:

Ըստ նրա, հայ-ռուսական հարաբերությունները հասել են ներկայիս մակարդակի հակամարտության չկարգավորվածության և ՌԴ վերոնշյալ քաղաքականության հետևանքով: «Ուստի այդ ամենը փոխկապակցված է: Գործընկերների բացակայության պայմաններում ՌԴ-ն պետք է փորձի պահպանել իր վերջին հավատարիմ գործընկերներին, որոնցից մեկը Հայաստանն է»,- նկատեց նա:

Բրիտանացի քաղաքագետի խոսքով՝ ամենևին չդադարեցնելով հարաբերությունները Ռուսաստանի հետ, Հայաստանը պետք է նոր կապեր ու հնարավորություններ փնտրի Արևմուտքում, Արևելքում և ամենուր՝ ապահովելով իր տնտեսական, ռազմական և քաղաքական անվտանգությունը ՌԴ-Արևմուտք առճակատման խորացման դեպքում:

Թե ինչպես կզարգանան հակամարտություններն աշխարհում առաջիկա վեց տարիների ընթացքում՝ բրիտանացի փորձագետը դժվարանում է հստակ նշել: Նրա կարծիքով` կա երկու սցենար:

«Այն, ինչ հավանական է թվում՝ իրավիճակի է՛լ ավելի սրում, չափազանց վտանգավոր կարող է լինել: Երկրորդ սցենարն այն է, որ լարվածությունը կլինի միայն դեմոնստրատիվ. Պուտինը կհասկանա, որ չի կարող մրցակցել այնպիսի երկրի հետ, ինչպիսին ԱՄՆ-ն է, կամ կառույցների հետ, ինչպիսիք ԵՄ-ն ու ՆԱՏՕ-ն են»,- ասաց նա:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache