Լրահոս

Ռուսաստանը կտրուկ փոխեց շփման գծի «սահմանը»

 

Ադրբեջանը հրապարակել է ռուսական զենքի նոր խմբաքանակի ստացման տեսագրությունը, որից երեւում է, որ մատակարարվել են նաեւ ՏՕՍ-1Ա «Սոլնցեպյոկ» ծանր հրանետի МО.1.01.04М արդիականացված հրթիռներ, որոնց հեռահարությունը 6000 մետր է: «Սոլնցեպյոկ»-ի «սովորական» հրթիռների հեռահարությունը մոտ 3500 մետր է:
Այս տեղեկությունը հետաքրքիր է հուլիսի 4-ի միջադեպից հետո ստեղծված իրավիճակի ֆոնին: Միջազգային կառույցները բուռն արձագանքեցին այդ միջադեպին, երբ հայկական զինուժը պատասխան հարված էր հասցրել ադրբեջանական կրակակետին, որը տեղակայված է եղել Ալխանլի գյուղում: Միջազգային կառույցների բոլոր այդ հայտարարություններում բացառվում էր ռազմական ճանապարհով խնդրի լուծումը: Ռուսաստանի ԱԳՆ-ն իր հերթին երկու կոշտ ու անսպասելի հայտարարություն արեց, այն առումով, որ դրանք վերաբերվում էին Ադրբեջանում հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների հանդեպ խտրականությանը:
Ահա այս ֆոնին Ադրբեջանը հրապարակում է նորագույն ռուսական զենքի ստացման տեղեկությունը: Ընդ որում, հրապարակում է Վիեննայում Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների վաղը կայանալիք հանդիպման նախօրեին:
Հանդիպման օրակարգը հայտնի չէ, իրավիճակը ներկայում «զրոյական» է այն առումով, որ չկա բանակցություն կողմերի իրարամերժ դիրքորոշումների պատճառով: Ադրբեջանը համաձայն է քննարկել միայն «տարածքային ամբողջականությունը», Հայաստանը դնում է նախապայմաններ՝ զսպման մեխանիզմներ ու Արցախի կարգավիճակ: Վիեննայից առաջ Ադրբեջանի ԱԳ նախարարը կրկին հայտարարել է միայն տարածքային ամբողջականության սկզբունքով խնդրի կարգավորման պահանջը:
Այս իրավիճակում, եթե իհարկե կողմերը մնում են իրենց դիրքերում, կա խնդրի կարգավորման երկու տարբերակ՝ կամ ճանաչվում է Արցախի կարգավիճակը միջազգային երաշխիքներով, կամ իրավիճակը մնում է նույնը՝ սահմանին պարբերաբար լարումներով: Այստեղ շատ բան կախված է Ռուսաստանի դիրքորոշումից ու միջազգային ասպարեզում նրա քաղաքական խնդիրների վիճակից: Մեր նախորդ հոդվածներում նշել էինք, որ Վիեննայից հետո գուցե պարզ կդառնա, թե որ ուղղությամբ են զարգանալու իրադարձությունները:
Մինչ այդ, Ադրբեջանը ստացել է ռուսական հեռահար հրթիռները, որը փոխում է շփման գծում դիմակայության մակարդակն ու ընդգրկումը:
Արդյոք Ռուսաստանն Ադրբեջանին մղում է ռազմական գործողությունների «Կազանի պլանի» իրագործման նպատակով, որն ըստ Սերժ Սարգսյանի՝ միակ փաստաթուղթն է, որը դեռ չի հանձնվել ԵԱՀԿ քարտուղարություն: Ադրբեջանին հանգստացնու՞մ են ռազմական ու քաղաքական վերջին հարվածներից հետո: Թե՞ գործ ունենք տրիվիալ «բիզնեսի» հետ, ինչպես պնդում են ռուսական շրջանակները:
Զենքի մատակարարումը նախեւառաջ քաղաքականություն է, ինչ շարժառիթներ էլ դրա տակ դրված լինեն: Իսկ հակամարտության գոտիներում սպառազինության մակարդակի բարձրացումը՝ առավել եւս, որն ունենում է որոշակի նպատակներ, եւ ոչ միշտ՝ պատերազմի: Կա՞ այդ քաղաքականության եւ դրան համարժեք քայլերի ընկալում:


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing