Ռուսաստանը մերժեց Հայաստանին. Նիկոլ Փաշինյանը չի զիջի

284

lragir.am — Ինտերֆաքս գործակալությունը տեղեկություն է տարածել, որ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի նկատմամբ միջազգային հետախուզումը Ռուսաստանի տարածքում չեղարկվել է:

«2008թ. մարտի 1-ին Երևանում տեղի ունեցած իրադարձությունների համար մեղադրվող Հարությունյանի նկատմամբ հարուցված գործն ուսումնասիրելուց հետո որոշում է կայացվել Ռուսաստանի տարածքում հետախուզումը չեղարկել»,- ասել է գործակալության աղբյուրը:

Հայաստանը միջազգային հետախուզում է հայտարարել Միքայել Հարությունյանի նկատմամբ, եւ  այն չեղարկելու Մոսկվայի որոշումը չոր մերժում է եւ Հայաստանի պայմանի չկատարում:

Թեման, հավանաբար, քննարկվելու է Մոսկվայում կայանալիք Փաշինյան-Պուտին հանդիպմանը: Կար տեսակետ, որ Հարությունյանին հանձնելը պետք է դառնար Պուտին-Փաշինյան ավելի լայն պայմանավորվածության մասը, բայց Մոսկվան փաստացի հրաժարվել է կատարել պարտավորությունների իր մասը:

Ռուսական լրատվամիջոցները հայտնում են, որ երկու հիմնական թեմա է քննարկվելու՝ Ադրբեջանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին եւ հայկական զորքի մեկնումը Սիրիա ռուսական դրոշի ներքո: Այս երկու թեմաներն ինքնին այդքան հետաքրքիր չեն, որքան որպես Կովկասում իր ազդեցությունն ամրապնդելու Կրեմլի քաղաքականության մաս:

Հայաստանի ԱԳՆ-ն մի քանի օր առաջ հայտարարել է, որ Երեւանը կկիրառի վետոյի իրավունքը ՀԱՊԿ-ին Ադրբեջանի անդամակցության դեպքում: Հայտարարվել է նաեւ, որ Հայաստանը կմասնակցի Սիրիայի հետպատերազմյան վերականգնմանը:

Միքայել Հարությունյանին հանձնելուց հրաժարվելը կապվա՞ծ է պաշտոնական Երեւանի՝ Ադրբեջանի անդամակցության վրա վետո դնելու հայտարարության հետ: Չէ՞ որ այդ մերժումը նշանակում է, որ Հայաստանը մտադիր չէ ղարաբաղյան խնդիրը դարձնել ՀԱՊԿ «ներքին գործը»:

Հայաստանը փորձում է ավելի ինքնիշխան, ազգային շահերի վրա կառուցված քաղաքականություն վարել: Սակայն Հայաստանի կուսակցությունները շարունակում են նախկին կուրսը. ՀՀԿ-ն ասում է, թե պետք է վերականգնել ՌԴ հետ հարաբերության նախկին բնույթը: Երեկ ՀՅԴ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանն ասել է, որ հայ-ռուսական հարաբերությունները պետք է ամեն ինչից վեր լինեն, որովհետեւ եթե դրանք փչանան, հետեւանքները ճակատագրական կլինեն:

Ի՞նչ է նշանակում հայ-ռուսական հարաբերությունները վեր են ամեն ինչից: Ամեն ինչից վեր Հայաստանի ազգային շահերն ու ինքնիշխանությունն են: Հայ-ռուսական հարաբերությունները բարձրագույն նպատակ չեն, այլ նպատակին հասնելու ճանապարհ:

Ռուս եւ որոշ հայ փորձագետներ Փաշինյան-Պուտին հանդիպումից առաջ դիտավորյալ լարվածություն են ստեղծում՝ փորձելով Նիկոլ Փաշինյանին զիջումների դրդել, սակայն փաստը, որ Ռուսաստանը դադարեցրել է հետախուզումը Միքայել Հարությունյանի հանդեպ, վկայում է, որ Նիկոլ Փաշինյանը մտադիր չէ զիջումների գնալ:

Վերջիվերջո, Միքայել Հարությունյանը Հայաստանի համար կենսական նշանակություն չունի: Մարտի 1-ի գործը պետք է բացահայտվի, բայց ոչ ազգային շահերը զոհելով, իսկ ազգային շահերը պահանջում են ինքնիշխանության ամրապնդում:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache