Ռուսաստանը «փակեց» Հայաստանի այլընտրանքային ճանապարհների հարցը.lragir.am

1

Հաջորդ շաբաթ Պրագայում տեղի կունենան Գրիգորի Կարասինի ու Զուրաբ Աբաշիձեի բանակցությունները, որի թեման կլինի ռուս-վրացական սահմանին բեռների մոնիտորինգի վերաբերյալ 2011 թվականի համաձայնագրի իրագործումը: Ռուսաստանը մի կողմից հայտարարում է, որ պատրաստ է ստորագրել փաստաթուղթը, իսկ մյուս կողմից քայլեր է անում, որոնք դժգոհություն են առաջացնում Թբիլիսիում:Ռուսաստանը մտադիր է մոտակա ամիսներին փաստաթուղթ ստորագրել շվեյցարական SGS ընկերության հետ, որը ռուս-վրացական համաձայնագրի իրագործման շրջանակում մոնիտորինգ է իրականացնելու, Կոմերսանտին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Գրիգորի Կարասինը:

«Մենք կփորձենք հնարավորինս շուտ ավարտել ներպետական ընթացակարգերը, որ մոտակա ամիսներին ստորագրենք անհրաժեշտ փաստաթղթերը», — ասել է Կարասինը:Հիշեցնենք, որ վրացական կողմը շվեյցարական ընկերության հետ արդեն ստորագրել է պայմանագիրը: Հարցն այն է, արդյոք դա կանի ռուսական կողմը՝ անտեսելով Աբխազիային ու Հարավային Օսիային: Բանն այն է, որ պայմանագիրը երկկողմ է՝ ռուս-վրացական, եւ Ցխինվալին ու Սուխումին համաձայն չեն այդ ձեւաչափին:

Ռուսաստանն ընտրության առաջ է հայտնվել՝ կամ «անտեսել» Աբխազիային ու Հարավային Օսիային, կամ էլ խոստովանել, որ չի կարող Հայաստանի համար այլընտրանքային ճանապարհ բացել:Լրագրողը հարց է ուղղել՝ արդյոք համաձայնագրի գլխավոր շահող կողմը Հայաստանն է, այսինքն Մոսկվան դա անում է ոչ այնքան իր, որքան Երեւանի համար: Կարասինը պատասխանել է. «Հայաստանն իրոք խնդրել է: Սակայն այս դեպքում խոսքը բացառապես Ռուսաստանի ու Վրաստանի միջեւ երկկողմ համաձայնագրի մասին է, որը ստորագրվել է Շվեյցարիայի օժանդակությամբ: Այն պարտավորություններ չի նախատեսում երրորդ երկրների, ներառյալ Աբխազիայի Հանրապետության ու Հարավային Օսիայի Հանրապետության համար»:Արդյոք դա նշանակում է, որ Ռուսաստանը պայմանավորվել է Աբխազիայի ու Հարավային Օսիայի հետ: Մյուս կողմից, երեկ Ռուսաստանի Պետդուման վավերացրել է հարավօսական ռազմական ստորաբաժանումները Ռուսաստանի զինված ուժերի կազմում ներառելու մասին համաձայնագիրը: Վրաստանի ԱԳՆ-ն արդեն բողոք է հայտնել:

Վրաստանում վրդովված են եւ պնդում են, որ «այդ անօրինական գործողությունները Ռուսաստանի կողմից Աբխազիայի ու Ցխինվալիի շրջանի փաստացի բռնակցում է, ինչը խախտում է միջազգային իրավունքի հիմնարար նորմերն ու սկզբունքները»:Ռուսաստանը յուրովի է բացատրում այդ որոշումը. «Վրաստանում ՆԱՏՕ-ի ենթակառուցվածքներ են ստեղծվում, նախատեսվում է կամ էլ արդեն սկսվել են Թբիլիսիին նորագույն սպառազինության բազմամիլիոնանոց մատակարարումները՝ ֆրանսիական ՀՕՊ համակարգեր ու ամերիկյան հակատանկային հրթիռային համալիրներ:

ԱՄՆ-ն վարժեցնում է վրացի զինծառայողներին: Այդ իրավիճակում աճում է Աբխազիայի, Հարավային Օսիայի հետ Ռուսաստանի պաշտպանական համագործակցության հիմնավորությունն ու պահանջարկը: Այդ համագործակցությունը շարունակելու է ամրապնդվել, որ այդ հանրապետությունների համար խաղաղ կյանք երաշխավորի», — ասել է Գրիգորի Կարասինը:«Մենք շահագրգռված ենք ռուս-վրացական բարեկամական հարաբերությունների վերականգնմամբ, սակայն, կրկնեմ, ոչ Աբխազիայի ու Հարավային Օսիայի վերաբերյալ ճակատագրական որոշումներից հրաժարվելու գնով», ասել է Կարասինը:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache