Լրահոս

Ռուսաստանը «փակեց» Նախիջեւանը

 

Հայաստանի խորհրդարանը վավերացրել է Հայ-ռուսական միացյալ զորախմբի վերաբերյալ համաձայնագիրը: Միացյալ զորախմբի մեջ են մտնում Գյումրիի ռուսական բազան ու հայկական բանակի 5-րդ կորպուսը: Համաձայնագիրը կարգավորում է այդ զորախմբի կիրառման պայմանները, կառավարումը եւ այլ հարցեր: Կան տարընթերցումներ պարունակող դրույթներ, որոնք առաջացնում են որոշակի մտահոգություններ, մասնավորապես այն մասով, որ պայմանագիրը սահմանափակում է հայկական ուժերի գործողությունները:

Ռուս փորձագետները նշում են, որ միացյալ զորախումբը նախատեսված է Հայաստանի պաշտպանության համար, մասնավորապես Թուրքիայի կամ Նախիջևանի կողմից սպառնալիքների պարագայում: Ռուս փորձագետ Վադիմ Եվսեեւն ասում է, որ անհրաժեշտության դեպքում Ռուսաստանը կավելացնի ռազմական ներկայությունը: Ընդ որում, եթե փակվի միջանցքը Վրաստանի տարածքով, ապա Ռուսաստանը կօգտվի Իրան-Հայաստան սահմանից՝ Հայաստանում ռազմական ներկայությունն ուժեղացնելու համար, այդպիսով չեզոքացնելով վտանգը Թուրքիայի ու Նախիջեւանի կողմից, ասել է նա:

Նախիջեւանը ռուսական փորձագիտական շրջանակների ուշադրության կենտրոնում հայտնվեց այն բանից հետո, երբ Թուրքիան սկսեց այդտեղ մեծացնել իր քաղաքական, տնտեսական ու ռազմական ներկայությունը: Տեղի ունեցան մի շարք զորավարժություններ, Նախիջեւանում ստեղծվել է առանձին բանակ, որը փաստացի «համակարգում» են թուրք մասնագետները: Նախիջեւանում տեղակայվել է ռուսական նորագույն զենք, որն, ըստ փորձագետների, կարող է սպառնալ ընդհուպ Երեւանին: Բացի այդ, Թուրքիան փորձում է տնտեսապես ինտեգրել Նախիջեւանը, այնտեղ բացելով էկոնոմիկայի նախարարության գրասենյակ:

Նախիջեւանի ներկայիս կարգավիճակը որոշվել է անցյալ դարասկզբի ռուս-թուրքական պայմանագրերով, մասնավորապես Կարսի պայմանագրով, որպես «Ադրբեջանի հովանու ներքո ինքնավար տարածք»: Այսինքն, դա պրոտեկտորատ է, որի երաշխավորներն են Թուրքիան ու Ռուսաստանը: Փաստացի, Ռուսաստանը երկրորդ անգամ է «հանձնել» Նախիջեւանը, այս անգամ Ադրբեջանի «պրոտեկտորատից» Թուրքիային:Նախիջեւանը յուրահատուկ տարածաշրջան է: Այն ներկայում խցան է, որը փակ է պահում տարածաշրջանը, մասնավորապես ապահովում է Հայաստանի մեկուսացումը ռուս-թուրքական ստատուս-քվոյի տրամաբանությամբ:

Տեսականում, եթե Նախիջեւանը «բացվում» է, ապա սկսում են գործել եղած հաղորդակցությունները, իսկ նորերի համար էլ այն ամենակարճ ճանապարհն է, որը կարող է կապել տարածաշրջանի երկրները Եվրոպային: Դա կարող է լինել ռուս-թուրքական ստատուս-քվոյի եւ Կովկասի ներկայիս անվտանգության համակարգի տրամաբանության ավարտը:

Թուրքիան Նախիջեւանում մեծացրեց իր ներկայությունը հատկապես սիրիական իրադարձություններից հետո, ամրապնդելով իր թիկունքը:

Ռուսաստանը, որ հիմա «վայելում» է 1920-ականների իր քաղաքականության պտուղները, որոշել է Նախիջեւանը «փակել» հայ-ռուսական միացյալ զորախմբով: Ի՞նչ նպատակով՝ «պատմական սխալն ուղղելո՞ւ», թե Կարսի պայմանագիրն «ամրացնելու» համար՝ ցույց կտան հետագա իրադարձությունները:


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

hing.am

hing.am