good-banner
Լրահոս

Ռուսաստանը փորձ է անում հերթական անգամ ձեռ առնել հայ ժողովրդին կամ ԼՂՀ-ի վրա նոր՝ փուչ քաղաքական մոդելի փորձարկում

 

Aliev_Putin_Serj

aravot.am — Հայտնի ժողովրդական ասացվածք կա. սաղ բաները փորձել էինք, մնացել էր սարի սմբուլը: Լեռնային Ղարաբաղի ճակատագրով «մտահոգ» Ռուսաստանը նոր մոդել է ներմուծում քաղաքականության մեջ՝ հակամարտությունների կարգավորման գործընթացներում և փորձում է առաջինն այն փորձարկել Լեռնային Ղարաբաղի վրա:

Նախ, խոսենք սույն մոդելի ձևակերպման, ապա նաև դրա բովանդակության մասին: Ուղղակի մեջբերենք. հինգ շրջանի դիմաց ԼՂ միջանկյալ՝ ավելի ամուր կարգավիճակ: Սկսենք նրանից, որ Լեռնային Ղարաբաղը 26 և ավելի տարի՝ իր հազարավոր հերոսների արյան գնով արդեն կերտել է իր անբեկանելի կարգավիճակը, այն է. Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն և ինչպես Լենինն էր ասում. այդ անունը ջնջել չի լինի…: Մեր ժողովուրդը 26 տարի շարունակ անասելի զրկանքներ է կրել. սով, ավեր, գործազրկություն, արտագաղթ,…, տասնյակ հազարավոր կես մարդիկ ու որբ երեխաներ, հազարավոր զոհեր: Ցեղասպան Թուրքիայի հովանավորյալ՝ նենգ Ադրբեջանից 1990-1994թթ. կատաղի պատերազմում, վերը նշված զրկանքների գնով ետ է վերցրել հազարամյակներ իրեն պատկանող տարածքի մի մասը և խնդրեմ, այս ամենից հազարավոր կիլոմետրեր հեռու կանգնած որոշ երկրներ՝ ի դեմս Ռուսաստանի, փորձում են հայության պատիվն ու արյունը հերթական անգամ անարգել և արյամբ ետ վերցրած տարածքները բռնակցել ագրեսոր Ադրբեջանին, դրա դիմաց խոստանալով չափազանց անհեթեթ քաղաքական նորամուծություն. տարածքներ՝ միջանկյալ, ավելի ամուր կարգավիճակի դիմաց:

Հայաստանի հարգարժան ռազմավարական գործընկեր Ռուսաստան ջան, եթե արդեն կարծում ես, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը ամուր է (իրականում էլ, բոլոր հայերը համամիտ են նման սահմանման հետ, որը նաև բավարարում է նրանց), այդ դեպքում ինչո՞ւ±ես ջանում, որ այդ կարգավիճակը ամուրից դառնա ավելի ամուր (անկեղծ ասած, ավելի ամուր տերմինն ընդհանրապես ասած հասկանալի է, սակայն կարգավիճակի իմաստով, լրիվ անհասկանալի է: Կարծում եմ, որ այն ընդամենը բլեֆ է՝ լղոզում), որն էլ զարմանալիորեն՝ կարծես, թե ձեռնտու չէ հայերին, սակայն զարմանալիորեն, որոշակի վերապահումներով ձեռնտու է Ադրբեջանին:

Այլ խոսքով, Ռուսաստանը զարմանալի բան է առաջարկում. փորձում է ավելի ամրացնել Ղարաբաղի կարգավիճակը, նրան առաջարկելով Ադրբեջանին վերադարձնել ազատագրված հինգ շրջանները՝ Աղդամ, Ֆիզուլի, Ջեբրայիլ, Զանգելան, Ղուբաթլու, որին դեմ է Լեռնային Ղարաբաղը, հոգու խորքում նաև Հայաստանը, իսկ Ադրբեջանը՝ որոշակի վերապահումներով, կարծես համաձայն է:

Անհասկանալի է, թե այս ամենին ի՞նչ անուն կարելի է տալ, սակայն մի բանում համոզված եմ, որ հայերը չափազանց միամիտ են, որ մինչև այժմ տեղյակ չեն եղել և իրենց կամքով չեն փորձել ետ վերադարձնել իրենց սեփական հողերը (իհարկե, արժեր՝ ամբողջը ետ տալ), որպեսզի էլ ավելի ամրանար Ղարաբաղի՝ առանց այն էլ ամուր կարգավիճակը (բոլոր ժամանակների մեծագույն աբսուրդը):

Հարգարժան Ռուսաստան, մենք համոզված ենք, որ դու Հայաստանի նկատմամբ բարի ցանկություններով ես տրամադրված, սակայն ավելի լավ կլինի, որ նախ փորձես քո նմանատիպ հարցերը՝ քո առաջարկած մեթոդով լուծես: Մասնավորապես, Ղրիմից և Ուկրաինայից գրաված տարածքները ետ վերադարձնես Ուկրաինային, Վրաստանից գրաված տարածքները ետ վերադարձնես Վրաստանին,…, և փորձես ավելի ամրացնել քո կարգավիճակն այդ երկրների և ընդհանրապես, ամբողջ աշխարհի հետ: Երբ այդ ամենը՝ բարով-խերով ավարտես, նոր միայն անցնես Ղարաբաղին:

Չմոռանամ ասել. իհարկե, հայ ժողովուրդը չափազանց շոյված է քո ջենթլմենական և կամեցող կեցվածքի համար: Հայ ժողովուրդը դրա «պտուղները» վաղուց է «վայելում»(հեռու գնալ պետք չէ. բավական է միայն՝ Ղարաբաղը Խորհրդային Ադրբեջանին հանձնելու փաստը):

Հայտնի չէ, թե Սանկտ-Պետերբուրգում կոնկրետ ինչ են պայմանավորվել ռյակը՝ տարածքների ետ վերադարձի մասին և ինչ են մտածում Հայաստանի և ԼՂՀ-ի իշխանություններն այդ մասին ու ինչ լծակներ ունի Հայաստանի իշխանությունը մերժելու Ռուսաստանի՝ Պուտինի «ֆանտաստիկ» առաջարկը, քանզի հաստատաբար կարելի է պնդել, որ հինգ շրջանների վերադարձից հետո էլ, Ալիևի քաղաքականության մեջ՝ Ղարաբաղի հարցով ոչինչ չի փոխվելու:

Կույրին անգամ տեսանելի է, որ Ալիևի նպատակը՝ միմիայն ամբողջական Ղարաբաղն Ադրբեջանի կազմում տեսնելն է և դրանից պակաս, նա ոչ մի այլ տարբերակի հետ առ այսօր չի համաձայնվում: Ինչու ոչ, նա կստանա այդ հինգ շրջանները, դրա դիմաց ոչ մի զիջման չի գնա և կշարունակի նույն կերպ պահանջել ամբողջ Ղարաբաղը:

Ստացվում է, որ Հայաստանի իշխանությունները թուրքին, հատկապես Էրդողանին ու Ալիևին ընդհանրապես չեն ճանաչում, այնպես որ, եթե նույնիսկ առաջին փուլում բոլոր յոթ շրջանները ետ վերադարձնեն, միևնույն է դրանից բացարձակ ոչինչ չի փոխվելու: Ընդամենը, դրանից հետո Ալիևը կսկսի ավելի լկտիանալ, իր ժողովրդին կհայտարարի, որ տեսաք, թե ինչպես ստիպեցի ետ տալ այդ շրջանները և իր ժողովրդին տարատեսակ հայտարարություններով (թեկուզ, սուտ) կհավաստիացնի, որ մի քիչ էլ համբերեք, շուտով ստիպելով՝ ամբողջ Ղարաբաղը ետ կբերեմ: Այս ամենը պետք է քաջ գիտակցեն ՀՀ իշխանությունները և հայ ժողովուրդը, որպեսզի դիվանագիտական այս սարդոստայնում հանկարծ խայծը կուլ չտան և անդառնալի պարտություն կրեն;

Եվ այս ամենն ընդամենն այն պատճառով, որ Հայաստանը չափազանց խոնարհ է ծառայում Ռուսաստանին (իհարկե, թող ներեն, որ Հայաստանը դեռ չի հասցրել ամեն ինչ հանձնել)…

Հենց ամեն ինչ հանձնի, այդ ժամանակ էլ լրիվ իմաստավորված կլինի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կարգավիճակի ավելի ամրացումը…

Загрузка...

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

armhing

armhing