Լրահոս

Ռուսաստանը շտապ կապիտուլյացիա՞ է պատրաստում Ղարաբաղում

 

arm146100112772

lragir.am-ը գրում է. Ադրբեջանի նախագահի օգնական Ալի Հասանովը հայտարարել է, որ մոտակա օրերին հնարավոր է, ինտենսիվ բանակցություններ սկսվեն Հայաստանի հետ: Նախագահներին այդ առաջարկը ներկայացրել է Վլադիմիր Պուտինը, ասել է նա:
Հայաստանը դեռ չի հայտարարել, որ համաձայն է մասնակցել բանակցությունենրին՝ չնայած ապրիլյան պատերազմից հետո պատրաստակամություն էր հայտնել վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ:
Հայկական կողմը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ չի քննարկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով բարձր մակարդակի հանդիպման հնարավորությունն ու ժամկետները: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ի հետ զրույցում հայտարարել է ՀՀ Նախագահի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանը: Սակայն, նա չի խոսել այն մասին, թե արդյոք Մոսկվայից նման առաջարկ եղել է:
Ինչի՞ շուրջ են բանակցելու հայ դիվանագետները: Ղարաբաղը մասնակցելու՞ է բանակցություններին: Ինչպես վերջերս Երեւանում հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը, եթե կողմերն սկսեն մեծ պայմանագրի մշակումը, Ղարաբաղի մասնակցությունն անխուսափելի կլինի: Այդ առումով հետաքրքիր է, թե արդյոք Ռուսաստանը մտադիր է պարտադրել Հայաստանին ու Ադրբեջանին մեծ պայմանագիր ստորագրել:
Մի քանի օր է՝ ադրբեջանական մամուլն ու Բաքվին հավատարիմ ռուս փորձագետները պնդում են, որ քննարկվում է «Ադրբեջանին 5 շրջանի վերադարձի» հարցը: Հայկական կողմը, որն ապրիլյան պատերազմի ժամանակ պաշտպանել է այդ հողերը, ոչ հերքում, ոչ էլ հաստատում է այդպիսի բանակցությունների փաստը:
Գործընթացը կա, ինչի վկայությունն է արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի խոսքը, որը Հանրային հեռուստաընկերության եթերում ինչ-որ «լավ նորություններ» է խոստացել: Հարցն այն է, թե նախարարն ինչն է համարում լավ նորություն: Մի՞թե Ղարաբաղի մասնակցությունը բանակցություններին եւ «ինքնորոշման իրավունքի» անորոշ ճանաչումը հողերի հանձնման դիմաց լավ նորություն է:
Այն, որ Հայաստանի ղեկավարությանը փորձում են հակել կապիտուլյացիոն լուծմանը, կարելի է տեսնել ՀՀԿ անհանգիստ պահվածքում: Կուսակցությունն ապացուցել է, որ կարող է երկրի համար մահացու զիջումների գնալ, եթե երկրում իր իշխանության պահպանման երաշխիքներ ստանա: Հնարավոր է, ՀՀԿ-ն ինչ-որ ազդանշաններ է ստացել, որ եթե զիջումների չգնա, երկրում կարող են «անկարգություններ» սկսվել:
Հանուն սեփական իշխանության պահպանման՝ ՀՀԿ-ն եւ մյուս քաղաքական ուժերը մի շարք հակազգային որոշումներ են ընդունել՝ Հայաստանը մտել է ԵԱՏՄ, հրաժարվել ԵՄ հետ ասոցիացիայից, Ռուսաստանի հետ ստորագրել է ստրկական պայմանագրեր, որոնցով արգելվումէ էժան գազ գնել Իրանից եւ «այլընտրանքային» զենք երրորդ երկրներից: Այդ զիջումները հասել են սահմանագծին, եւ սեփական իշխանության պահպանման «վերջին» զիջումը կարող է լինել միայն ղարաբաղյան հողերը:
Ռուսաստանը ներկայում մեծ ճնշում է գործադրում: Կարելի է նշել ընդամենը մի քանի անուղղակի քայլ. Պուտինը Լուկաշենկոյին գործուղել է Իսլամական համագործակցության կազմակերպության նիստին, որպեսզի «վախեցնի» հայերին իսլամական մոբիլիզացիայով: Ռուս պատգամավորները եկել են Երեւան եւ ցուցադրաբար հրաժարվել համատեղ հայտարարություն ստորագրել հայ գործընկերների հետ: Մոսկվայում խիստ պատժի են արժանացրել Լեւոն Հայրապետյանին:
Ճնշումն աճում է, սակայն Հայաստանի իշխանություններն այդ մասին բացահայտ հայտարարելու եւ այլ տեղում դաշնակիցներ որոնելու փոխարեն հայտարարում են Ռուսաստանի անայլընտրանք լինելու մասին: Եթե Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից, կարող ենք առանց դաշնակիցների մնալ, հայտարարել է արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը: Այսինքն, ԱԳՆ-ն նույնիսկ չի քննարկում այլ դաշնակիցների հետ բանակցությունների հնարավորությունը՝ Հայաստանը զրկելով մանեւրից:
Եթե մինչ այժմ Ռուսաստանը պահում էր «հավասարակշռությունը» եւ ղարաբաղյան խնդրի չլուծված լինելը, որպեսզի մնա Կովկասում, հիմա Ռուսաստանին պետք է շտապ լուծել ղարաբաղյան հակամարտությունն Ադրբեջանի օգտին, որովհետեւ հակառակ դեպքում այն կարող է լուծվել առանց իր մասնակցության:
Մոսկվան բացահայստ խոսում է այն մասին, որ կան ուժեր, որոնք փորձում են ցնցել իրավիճակը Ռուսաստանի հարավային սահմաններում: ՌԴ Քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինն իր ծրագրային հոդվածում բացահայտ ասել է դրա մասին: Նա նշել է, որ Լեռնային Ղարաբաղում վերջին իրադարձությունները վկայում են Ռուսաստանին հակառակորդ ուժերի կողմից հայ եւ ադրբեջանցի ժողովուրդների միջեւ խաղաղությունը սասանելու նոր փորձեր եւ Ռուսաստանի սահմանին պատերազմի նոր օջախ ստեղծելու փորձը: Ահա այսպես:

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

hing.am

hing.am