Ռուսաստանը սրեց իրավիճակը Հայաստանում. չկա ավելի ապահով այլընտրանք

0

Արցախի հարցի ու հայ-ռուսական հարաբերության որոշ խնդիրների վերաբերյալ Սերգեյ Լավրովի հայտարարությունից հետո Հայաստանում բավականին թեժացել է ներքին իրավիճակը, մի քանի ուղղություններով, վարչապետ-նախկին իշխող համակարգի խոշոր սեփականատերեր  բախումից ընդհուպ քրեա-քաղաքական միջադեպեր: Նրանց այսպես ասած միավորողը ժամանակն է, որն էլ հետաքրքիր հարաբերակցության մեջ է Սերգեյ Լավրովի հայտարարության հետ:

Փաստացի ստացվում է, որ ՌԴ արտգործնախարարն իր հայտարարությամբ Հայաստանում սրել է ներքին իրավիճակը: Ունեցե՞լ է Լավրովը այդպիսի նպատակ, կամ նրա այդ նպատակը թելադրված էր Կրեմլի՞ց, դժվար է ասել:

Միեւնույն ժամանակ, կարող է հարց առաջանալ, թե արդյոք Հայաստանի ներքին կյանքում աշխատել է այսպես ասած իմունային համակարգը, որը, թեեւ արտահայտվում է որոշակի սրացումներով եւ բախումով, այդուհանդերձ այդ ռեժիմը Հայաստանում դեռեւս խթանում է հետհեղափոխական իրադրության էներգիա եւ ուժ: Այդպես երկար շարունակվել իհարկե չի կարող, եւ Հայաստանին պետք են իմունային ինստիտուցիոնալ, համակարգային բարձիկներ, բայց քանի դեռ դրանք չկան, գործում են այսպես ասած ներքին սրացումները, կամա թե ակամա: Այլ հարց է, թե ի վերջո երբ պետք է Հայաստանն անցնի ռազմա-քաղաքական ինստիտուցիոնալ իմունիզացվածության աստիճանի: Եվ դա կարեւոր հարց է:

Իսկ առկա իրավիճակի կամ զուգահեռի հետ կապված հարցերն այլ են, եւ կարող են ընդգրկել ընդհուպ համաշխարհային իրողություններին առնչվող շրջանակ: Կորոնավիրուսի քողի տակ տեղի է ունենում արդիական հոսքերի վերախմբավորում, եւ Հայաստանն այստեղ ունի թե ավանդական, թե նոր մարտահրավերներ:

Ռուսաստանը դրանց «ունիվերսալ» աղբյուր է, եւ Լավրովի գործոնն այստեղ իրապես հատկանշական է: Նկատի է առնվում այն, որ նրա հայտարարությունը Բաքվում էլ փաստացի ստեղծեց լարվածություն, պարզապես հաշվի առնելով ամբողջատիրության պարագան՝ այդ լարվածությունը դրսեւորվեց միջիշխանական տիրույթում, արտգործնախարար Մամեդյարովի դեմ գրոհով:

Բանն այն, որ Ռուսաստանում սրվում է իշխանության հարցը, դարձյալ՝ առավելապես ներքին դրսեւորումներով: Դա տեղի է ունենում արտաքին միջավայրից եկող ճնշումների ուժգնացմամբ: Ռուսաստանի իշխանության հարցը կապված է Կովկասի իրադրության եւ հատկապես Հայաստանի դիրքավորման հետ:

Ռուսաստանը մի կողմից ունի մեծ տագնապ Հայաստանի ինքնիշխանության առնչությամբ, մյուս կողմից Ռուսաստանի տագնապների հարցում ավելի ու ավելի կենսական անհրաժեշտություն կարող է դառնալ ուժեղ, ինքնիշխան Հայաստանի առկայությունը: Հայաստանի հարցում այդ երկիմաստ վիճակը Մոսկվայում կարող է դառնալ լուրջ խմորումների առիթ: Հայաստանը պետք է դիմանա եւ դիմադրի այդ մարտահրավերին: Ռուսաստանում կհաղթի՞ Հայաստանի ինքնիշխանության կենսական անհրաժեշտությունից բխող պետական գիտակցությունը: Պետք է պատրաստ լինել վատթարին, երբ հաղթանակ կարձանագրի Ռուսաստանը փաստացի օղակած եւ «ռուսական մեծապետականության» բարակ լարը ձգող թյուրքական տարրը: Ինքնիշխանությունը Հայաստանի համար որեւէ դեպքում չունի ապահով այլընտրանք:


Բաժանորդագրվեք և ստացեքհրապարակումների ծանուցումները