Ռուսաստանը վերադարձնում է Ադրբեջանի վստահությունը

3

ԱՄՆ հետ Հայաստանի ու Արցախի կապերի հաստատումն ու ամրապնդումն անհանգստացնում է Ռուսաստանին ու Ադրբեջանին:

Ռուսաստանը Երեւան է ուղարկել խորհրդարանական պատվիրակություն Կոնստանտին Կոսաչովի գլխավորությամբ: Նա Երեւանում հայտարարել է, որ Ռուսաստանն ապրիլյան պատերազմից հետո «եզրակացություններ է արել» եւ արդեն նախկին մասշտաբներով զենք չի վաճառում Ադրբեջանին:Ըստ երեւույթին, Ռուսաստանն այդպես է փորձել պատասխանել հայերի գլխավոր «փաստարկին»:

Անգամ ռուս փորձագետներն են խոստովանում, որ Ադրբեջանին զենքի վաճառքը Հայաստանի հետ հարաբերությունների ամենացավոտ թեման է: Երեւանն ինչ-որ պահի կարող է այս «փաստարկն» օգտագործել արտաքին քաղաքականության ինքնիշխանացման եւ դիվերսիֆիկացիայի համար:Երեւանն իրոք փորձու՞մ է զարգացնել հարաբերություններն ԱՄՆ հետ: Հիշեցնենք, որ այդ օրերին ԱՄՆ-ում էին Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունը, Հայաստանի նորընտիր նախագահը եւ Արցախի նախագահը: Չնայած ԱՄՆ-ում նրանց հանդիպումների կոնկրետ արդյունքների մասին ոչինչ չի նշվում, փաստը, որ ԱՄՆ-ն շահագրգռված է Հայաստանի հետ հարաբերություններ ամրապնդմամբ եւ չի խոչընդոտում Արցախի հետ կապերին, Ռուսաստանում ու Ադրբեջանում անհանգստություն է առաջացրել:Ռուսաստանն օգտագործում է այդ առիթը նաեւ Ադրբեջանի «վստահությունը» վերադարձնելու համար:

Երեկ Ռուսաստանի ԱԳ նախարար Մարիա Զախարովան հաճոյացել է ադրբեջանական հանրությանը՝ նշելով, որ Ռուսաստանում Արցախի մշտական ներկայացուցչություն չկա:Պատասխանելով ադրբեջանական լրատվամիջոցների հարցին, որ փետրվարի 22-ին «Ազատ Արցախ. 30 տարի» թեմայով կլոր սեղան է տեղի ունեցել, որին մասնակցել են Մոսկվայում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության աշխատակիցները մշտական ներակայացուցիչ Ա. Անդրյանի գլխավորությամբ, Զախարովան ասել է. «Մոսկվայում գոյություն չունի Արցախի Հանրապետության ոչ մի ներկայացուցչություն:

Նշված հաղորդագրություններում պարոն Անդրյանն իրականում Ռուսաստանում Հայաստանի դեսպանատան խորհրդականն է: Ամեն դեպքում նա Ռուսաստանի ԱԳՆ-ում հենց այդպես է հավատարմագրված»:Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում Արցախի ներկայացուցչությունը գրանցված է արդարադատության նախարարությունում: Մշտական ներկայացուցչություն կա նաեւ Ռուսաստանում, սակայն Մոսկվան այն չի գրանցում որպես պաշտոնական մարմին: Հիշեցնենք նաեւ, որ Ադրբեջանի ԱԳՆ-ն բողոքի նոտա է ուղարկել ԱՄՆ-ին Բակո Սահակյանի այցի կապակցությամբ: Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունն իր պատասխանում Բաքվին հիշեցրել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի մասին:Ռուսաստանը Կոսաչովի «զենքի մասշտաբների» մասին հայտարարությամբ վերադարձրե՞լ է Հայաստանի «վստահությունը»:

Դա ծանրակշիռ փաստա՞րկ է Հայաստանի ու ԱՄՆ մերձեցման դեմ: Ինչպե՞ս են Հայաստանում վերաբերվում նրան, որ Ռուսաստանն Ադրբեջանի պատվերով միջամտում է Հայաստանի քաղաքականությանը:Հայկական լրատվամիջոցները հայտնում են, որ Երեւանում Ռուսաստանի եւ Հայաստանի խորհրդարանների արտաքին հարաբերությունների հանձնաժողովների համատեղ նիստը լարված մթնոլորտում է անցել: Նիստից հետո հայկական հանձնաժողովի ղեկավար Արմեն Աշոտյանը հայտարարել է, որ ռուսական կողմը պետք է սովորի լսել հայերին: Հայաստանի ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանն էլ ասել է. «Ողջունելի է այն հանգամանքը, որ ապրիլյան պատերազմից փորձում են հետևություններ անել: Այսինքն, տպավորությունն այնպիսին է, որ որոշակի եզրակացություններ արվում են»:Այս ամենը եւս մեկ անգամ հաստատում է, որ Հայաստանի միջազգային մեկուսացումը Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի համաձայենցված քաղաքականության արդյունքն է:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache