Ռուսաստանի ակամա խոստովանությունը. երեքը Մարտի 1-ից

69

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից Յուրի Խաչատուրովի ազատվելուց հետո նրա առնչությամբ առաջանում է հարց, ի՞նչ է լինելու նրա հետ Մարտի 1-ի գործով: Եթե Խաչատուրովը չլիներ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար, ապա նա արդեն կալանավորված կլիներ, կասկած թերեւս չկա: Հետեւաբար, գրեթե անկասկած է դառնում, որ վերադառնալով Երեւան՝ նա կկալանավորվի: Հատկապես Մարտի 1-ի գործով վերջին տեղեկատվությունից հետո, երբ ասում են, որ քննչական նախկին խմբի ղեկավարը կեղծել է ապացույցները, որոնք վկայում են զինվորական ստորաբաժանումների անմիջական մասնակցությունը ուժային գործողությանը:

Ըստ այդմ, Խաչատուրովը մեծ հավանականությամբ կմնա Մոսկվայում: Մոսկվայում են նաեւ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը, որը Մարտի 1-ի գործով առաջին մեղադրյալն է նախկին բարձրաստիճան պաշտոնյաներից, ու նաեւ Վահագն Հարությունյանը, որն էլ ըստ ՀՔԾ-ի կեղծել է ապացույցները:

Այդպիսով, Մարտի 1-ի գործով անցնող առանցքային երեք պաշտոնյա գտնվում են Մոսկվայում: Ինչպես հայտնի է, Միքայել Հարությունյանի առնչությամբ ռուս իրավապահները հանել են ՌԴ տարածքում հետախուզումը նրա հանդեպ, որ հայտարարել է Հայաստանը: Վահագն Հարությունյանը եւս հետախուզվում է, նա ասել էր, թե չգիտե՝ գալու է Հայաստան, թե ոչ: Խաչատուրովի հանդեպ կհայտարարվի՞ հետախուզում: Ի՞նչ կանեն ռուս իրավապահները Խաչատուրովի եւ Վահագն Հարությունյանի դեպքում: Եվ արդյոք որեւէ այլ պաշտոնյա, որ անցնում է կամ կարող է անցնել Մարտի 1-ի գործով, կհայտնվի Մոսկվայում:

Օրինակ, ինչպես հայտնի է, Ռոբերտ Քոչարյանն էլ ունեցել էր Հայաստանը մի քանի օրով լքելու ցանկություն, բայց ՀՔԾ-ն չէր տվել նրա անձնագիրը, իսկ փաստաբաններն էլ հայտարարել էին, որ անձնագիրը պահում են ապօրինի:

Ռուսաստանն այդ առումով արդեն իսկ հետաքրքիր դեր է ստանձնել Մարտի 1-ի գործում, կամա, թե ակամա: Արդեն երեք առանցքային պաշտոնյա այնտեղ են, իսկ նրանցից մեկին փաստորեն արդեն իսկ վերցրել են հովանու տակ՝ հանելով նրա հետախուզումն իրենց տարածքում:

Միեւնույն ժամանակ, Հայաստանի հանրության մի զգալի մասն այդ հանգամանքը կապում է Մարտի 1-ի զարգացումներում Ռուսաստանի անմիջական դերի մասին: Հայաստանում 2008 թվականից հետո եղել են այդպիսի ինտենսիվ խոսակցություններ, նաեւ մամուլում որոշակի հրապարակումներ:

Չի բացառվում, որ Ռուսաստանը փորձում է գործով անցնող նախկին որոշ պաշտոնյաների պատսպարել, որպեսզի գործի հայաստանյան քննությունը չանցնի այն սահմանը, որից այն կողմ կարող են դուրս գալ ռուսական որեւէ հետքի վրա:

Մյուս կողմից, իհարկե, Հայաստանում կարող է հարց առաջանալ՝ իսկ արդյոք հայաստանյան իրավապահները կանեն այդպիսի քայլ, արդյոք իշխանությունը դա թույլ կտա քաղաքական առումով, գնալով ՌԴ հետ կոնֆլիկտի: Հայաստանում դա անհնար է թվում, բայց գուցե լոկ նախկին համակարգի իներցիայով: Ի վերջո, նոր իրավիճակում Հայաստանն իրեն կարող է թույլ տալ Ռուսաստանի հետ խոսել այլ կերպ: Իհարկե, բանն այստեղ քմահաճույքը չէ, այլ ամուր փաստարկների առկայությամբ այլ կերպ խոսելու, իսկ այլ կերպն էլ ընդամենը որպես պետական շահի սպասարկում դիտարկելու առումով:

Այսինքն, երբ խոսում են Ռուսաստանի հետ այլ կերպ խոսելու մասին, ապա դրա հոմանիշը հանդուգն տոնը չէ, այլ ընդամենը պետական շահի եւ ինքնիշխանության դրսեւորումը: Եվ դա ոչ միայն Ռուսաստանի, այլ բոլոր այն կենտրոնների հետ, որոնց հետ հարաբերությունը շոշափում է այդ հարցերը:

Եվ դա ներկայում նկատելիորեն իր ըմբռնումն ունի այդ կենտրոններում, այդ թվում Ռուսաստանում: Ավելին, խոշոր հաշվով դա ունի նույնիսկ իր խորքային պահանջարկը, այդ թվում նաեւ Ռուսաստանի քաղաքական իշխանության ամենաբարձր մակարդակում, մի շարք հանգամանքների բերումով:

Եվ այդ իմաստով, գուցե տարօրինակ հնչի, սակայն Մարտի 1-ի գործով տարբեր նախկին պաշտոնյաների «ապաստարանի» դեր ստանձնելը Ռուսաստանի համար ոչ թե Հայաստանի հանդեպ ուժի, այլ թերեւս հակառակը՝ խոսելու հավելյալ փաստարկների կարիքի վկայություն է: Հատկապես նկատի ունենալով այն պարզ ու անզեն աչքով նկատելի հանգամանք-հարցադրումը, թե արդյոք Մոսկվային պետք է դառնալ այդպիսի «ապաստարան»՝ Հայաստանի հանրության մոտ ավելորդ հակադիր արձագանք առաջացնելու գնով:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache