Լրահոս

Ռուսաստանի հակահայկական նոր օգնությունն Ադրբեջանին

 

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը ծավալուն հարցազրույց է տվել Ռուսաստանի ՌԻԱ Նովոստի գործակալությանը, որը պետական գործակալություն է, Կիսելյովի կանտորայի մասերից մեկը: Այդ հարցազրույցում Ադրբեջանի պաշտպանության նախարարն ասում է ուշագրավ բաներ Ռուսաստանի ռազմավարական դաշնակից Հայաստանի հասցեին, և եթե ընդհանրացնենք նրա խոսքերը, Հասանովը ուղղակի ասում է, որ Ադրբեջանը պատրաստ է կարճ ժամանակում լուծել Ռուսաստանի ռազմավարական դաշնակցի հարցերը: Եվ այդ բանն ասելու համար, ռազմավարական «դաշնակից» Ռուսաստանի թիվ մեկ քարոզչական ամբիոնը Ադրբեջանի նախարարին տալիս է բավական երկար ժամանակ, տալիս է այսպես ասած տանող, օգնող հարցեր: Իհարկե, հարցերը միայն այդ մասին չեն, սակայն, մյուս կողմից, ինքնին հասկանալի է, որ Ադրբեջանի բուն խնդիրը Հայաստանի հետ է և այդ մասին հարցերն է, որ պետք է գրավեին ուշադրությունն առաջին հերթին: Այսինքն՝ Ռուսաստանը փաստորեն ոչ միայն ռազմա-տեխնիկական մատակարարումներն է շարունակում, այլ նաև մատակարարում է Բաքվին քարոզչական «սպառազինություն» Հայաստանի դեմ:

Ռուս-ադրբեջանական հարաբերությունը վերջին շրջանում զարգանում է վայրիվերումներով, և, օրինակ, Հայաստանում ՌԴ սահմանապահ ծառայությունը կարող է հայտարարություն տարածել, որում օգտագործում է Լեռնային Ղարաբաղի հանրապետության վարչական սահման ձևակերպումը, իսկ երկու օր անց Ռուսաստանի պետական լրատվամիջոցում կարող է հարցազրույց տալ Ադրբեջանի պաշտպանության նախարարն ու հայտարարել, որ Ռուսաստանը Սիրիայում իր ռազմական փորձը կիսում է Ադրբեջանի հետ՝ Կովկասում կիրառելու համար: Իսկ Կովկասում ո՞ւմ հանդեպ պետք է կիրառի Ադրբեջանն իր ռազմական փորձը, դե իհարկե հայկական կողմի՝ Հայաստանի և Արցախի: Այսինքն՝ ստացվում է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը ռուսական պաշտոնական քարոզչական հարթակով հատարարում է, որ Ռուսաստանը Ադրբեջանին պաշտոնապես օգնում է Սիրիայում իր կուտակած ռազմական փորձը Կովկասում հայերի դեմ կիրառելու հարցում: Այդօրինակ երևույթները կարող էին ուղղակի շոկ առաջացնել ռազմավարական դաշնակցության ցանկացած օրինակի պարագայում, միայն ոչ հայ-ռուսական:

Ռուսաստանի «դաշնակցային» պահվածքի հարցում պատրանքներ վաղուց արդեն չկան, սակայն հարցը տվյալ պարագայում այն է, թե ուր կարող է հասնել ցինիզմը, որն է սահմանը: Թեև, ցինիզմը այս դեպքում իհարկե մեղմ բնորոշում է, քանի որ այդ ամենի ռազմական և քաղաքական հետևանքները կարող են լինել շատ ծանր: Համենայնդեպս, ռուս-ադրբեջանական մուկնուկատուն, որի ընդամենը մի դրվագը մատնանշեցինք, Հայաստանին պետք է ստիպի լինել առավել աչալուրջ, որովհետև ակնհայտ է, որ տեղի է ունենում Մոսկվա-Բաքու բավական դաժան և համառ առևտուր, մտրակի և կարկանդակի կիրառումով: Իսկ երբ Մոսկվան Կովկասում մտնում է առևտրային ազարտի մեջ՝ լինի դա Թուրքիայի, թե կրտսեր եղբայր Ադրբեջանի հետ, ապա դա հայկական  կողմի համար չի խոստանում ոչ մի լավ բան և պարունակում է բազմաթիվ ռիսկեր ու մտահոգություններ:

Իհարկե այդ առևտուրը միայն Հայաստանի դեմ չէ, որ կարող է լինել ուղղված, և ավելի մեծ հավանականություն կա նույնիսկ, որ Հայաստանն այլևս դիտարկվում է շատ փոքր խնդիր կամ ֆիգուր՝ այն արտաքին քաղաքականության հետևանքով, որ վարվեց սեպտեմբերի 3-ից ի վեր: Սակայն դա ամենևին չի նվազեցնում կամ թեթևացնում Հայաստանի ռիսկերը, թեև տալիս է դրանց դիմագրավելու լրացուցիչ հնարավորություններ: Ամբողջ խնդիրն այն է, թե արդյո՞ք Հայաստանն ունակ է իրերը կոչել իրենց անունով, հետևաբար դաշնակիցներին էլ ընտրել ըստ իր շահի, ոչ թե ըստ պարտադրվածության կամ պատմա-բարոյական միֆերի:



Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing