Ռուսաստանի հայկական վախերը. Իրավիճակը կտրուկ փոխվեց

77

Արեմտյան լրատվամիջոցները նկատել են, որ երեկ Մոսկվայում ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ԱՄՆ-ին խնդրել է պահպանել սպառազինությունների մրցավազքը զսպող պայմանագրերը: Նա ասել է, որ Ռուսաստանն առաջարկում է վերականգնել ԱՄՆ հետ կապի ալիքները եւ լիաձեւաչափ երկխոսությունը:

Առաջարկը հնչել է Փարիզում Ռուսաստանի եւ ԱՄՆ նախագահներ Պուտինի եւ Թրամփի հանդիպումից մեկ շաբաթ առաջ: Հատկանշական է, որ հանդիպումը կայանալու է Առաջին համաշխարհային պատերազմի ավարտի 100-ամյակի առթիվ կազմակերպված վեհաժողովին: ԱՄՆ-ն 100 տարի առաջ չէր կարողացել ազդել դրա ձեւավորման վրա, եւ հիմա Վաշինգտոնը նոր աշխարհակարգի ձեւավորման գործում գերիշխողի հայտ է ներկայացնում:

Քաղաքագետ Մանվել Սարգսյանը նշում է, որ ԱՄՆ-ն նկատելիորեն ակտիվացրել է արտաքին քաղաքականությունը, այդ թվում՝ մեր տարածաշրջանում: Նրա խոսքով, Հայաստանի բոլոր հարեւան երկրները համատեղ ռեդուտներ են կառուցել՝ տարածաշրջանում ԱՄՆ գործողություններին սպասելով, որոնցում սպառնալիքներ են նկատում իրենց ինքնիշխանությանն ու սահմաններին:

Դա Ռուսաստանն էլ է զգում, եւ պատահական չէ, որ Լավրովը փոխել է տոնը եւ ԱՄՆ-ին խնդրում է դուրս չգալ պայմանագրերից: Պատահական չէ նաեւ այն, որ Ռուսաստանը մեկը մյուսի հետեւից հայրենակիցների, «ռուսական աշխարհի» ֆորումներ է անցկացնում՝ պարզեցնելով Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու կարգը ընդհուպ մինչեւ ԺԷԿ-ի թղթի մակարդակ:

Քաղաքագետ Պավել Դալլաքյանը կարծում է, որ իրականում Ռուսաստանը պատրաստվում է «ԽՍՀՄ փլուզման» երկրորդ փուլին եւ փորձում է հետխորհրդային հանրապետություններից հնարավորինս շատ մարդ տեղափոխել Ռուսաստան՝ հասկանալով, որ հանրապետությունները կորցնելու է: Դալլաքյանը նշում է, որ դասական գաղութատիրական ոգով նախկին կենտրոնի ազդեցության պահպանման նպատակով հանրապետություններում հետագա ներկայությունն աննպատակահարմար է ճանաչվել. կառավարման ռեժիմը փոխվում է նորգաղութատիրական տեսակի, գրում է նա:

Դոյչե վելլե թերթը գրում է, որ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի վերջին պատժամիջոցներից հետո «Ռուսաստանի եւ Ուկրաինայի բաժանումը ձեւակերպված է»: Երբ Կոնստանդնուպոլիսը հաստատեց Ուկրաինական եկեղեցու ավտոկեֆալիան, իսկ ՆԱՏՕ-ն հայտարարեց ռուսական սահմանի երկարությամբ պաշտպանական գծի մասին, Մոսկվայում հասկացան, որ Ուկրաինան անվերադարձ կորսված է:

Հաջորդը, ամենայն հավանականությամբ, Հայաստանն է: Չնայած փոքր չափերին՝ Հայաստանը Ռուսաստանի ամենասակրալ «ցավն» է: Այդ պատճառով է Մոսկվան զարմանալիորեն զգույշ վերաբերվել Հայաստանում հեղափոխությանը՝ այն «մայդան» չանվանելով: Ինչպես նշում է Արա Պապյանը, ռուսները չեն ընդունում դաշնակցի կարգավիճակը՝ կամ վասալ ես, կամ թշնամի: Եթե Հայաստանը թշնամի հայտարարեն, կդադարի վասալ լինելուց:

Մինչդեռ, հայկական տարրի դուրսբերումը ռուսական պետականությունից Մոսկվայի համար շատ ցավոտ կլինի: Բավական էր երեկ նայել ռուսական մարզական նորությունները դա հասկանալու համար՝ ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովը մտել է ինչ-որ մրցաշարի կիսաեզրափակիչ, Արթուր Դալալոյանը դարձել է մարմնամարզության աշխարհի չեմպիոն, Մեդվեդեւան (Բաբասյան) կպայքարի գեղասահքի աշխարհի առաջնության ոսկե մեդալի համար:

Հայաստանն արդեն սկսել է ինքնիշխան գործել: Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն արդեն ոչ թե Եկատերինբուրգ է գնում դիտելու ՀԱՊԿ խաղաղարարների վարժանքները, այլ Կոսովո (որը Ռուսաստանը չի ճանաչել) եւ Լիբանան: Հայաստանը պահանջներ է ներկայացնում Ռուսական երկաթուղիներին եւ երկաթուղու զարգացման հայեցակարգ է մշակում՝ անգամ Հարավկովկասյան երկաթուղուն չհարցնելով, ինչի մասին հենց ռուսներն են խոսում: ՀԿԵ-ն կդառնա՞ առաջին ռուսական ընկերությունը, որի հետ Հայաստանը կվերանայի վասալային պայմանագիրը:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache