Ռուսաստանին զգուշացրին Ղարաբաղով. Չարժեր այդքան «լիզել թուրքերի համապատասխան տեղերը»

1

Վլադիմիր Ժիրինովսկին հաստատել է ավելի վաղ համաշխարհային ԶԼՄ-ներում հրապարակված տեղեկությունը, ըստ որի ԱՄՆ ավիահարվածների հետեւանքով զոհվել են հարյուրավոր ռուս վարձկաններ: Նա նշել է 300 զոհվածների մասին: ՌԴ պաշտոնական շրջանակները մինչ այժմ խոսում են մի քանի զոհի մասին, համառորեն չհրապարակելով իրական թիվը:Հասկանալի է, որ դա արվում է Ժիրինովսկու միջոցով:Փետրվարի 7-ին ԱՄՆ գլխավորած կոալիցիան ավիահարված էր հասցրել Սիրիայի ընդդիմադիր ուժերի դիրքերի վրա գրոհող խմբավորմանը, որում մեծ թվում ռուս վարձկաններ են եղել:

Ընդ որում, հարձակումից առաջ ԱՄՆ-ն զգուշացրել է Ռուսաստանին, բայց ռուսներն ասել են, որ իրենք այդ տարածքում զինվորականներ չունեն:Զոհվածները պաշտոնապես զինվորականներ չեն, այլ մասնավոր ռազմական կազմակերպության վարձկաններ, որոնք պարզվում է մասնակցում են տնտեսական օբյեկտների «ազատագրմանը»՝ ստանալով ավարի մի մասը: Այլ խոսքով, ռուսական «կանաչ մարդուկները» զբաղված են դիակապտությամբ:Սիրիայում Ռուսաստանի քաղաքականությունը խոշոր հաշվով դիակապտություն է: Ռուսները գցել են Ասադին, քրդերին, սեփական զինվորականներին, խախտել ամերիկացիների հետ պայմանավորվածությունները: Միակը, ում ռուսները «հավատարիմ» են, թուրքերն են:

Հիշվում է՝ ռուսական օդանավը խոցելուց հետո Պուտինը թուրքերին մեղադրում էր ամերիկացիների «համապատասխան տեղերը լիզելու» մեջ: Թուրքերի հանդեպ Մոսկվայի պահվածքը լիովին տեղավորվում է այս տրամաբանության մեջ: Ռուսաստանը այս տարվա սկզբից Սիրիայում անընդհատ հարվածներ է ստանում, ընդ որում՝ երեւում է հենց թուրքերի հանդեպ իրենց պահվածքի պատճառով: Ընդ որում, որքան շատ են ստանում, այնքան շատ են «լիզում»: Ինչ ասես արժե միայն թուրքերին արդարացնելը թե խոցված ինքնաթիռի եւ ուղղաթիռի, թե Աֆրինի գործողության համար:

Այս իրադարձությունների ֆոնին հրապարակվեց ԱՄՆ Ազգային հետախուզության զեկույցը, որում անդրադարձ կար նաեւ Ղարաբաղի հակամարտությանը: Դրանում ավելի շատ ուշադրություն դարձվեց Ղարաբաղում հնարավոր լայնածավալ պատերազմի վերաբերյալ պնդմանը, սակայն փորձագետներից ոմանք ուշադրություն հրավիրեցին այդ զեկույցի թերեւս ամենակարեւոր կետին: Դրանում նշվում էր, որ Ռուսաստանը լայնածավալ պատերազմի դեպքում ստիպված է լինելու պաշտպանել իր դաշնակցին: Այսինքն՝ Հայաստանին Սիրիայում Ռուսաստանի պահվածքի ֆոնին սա ուշագրավ արձանագրում է:

Բանն այն է, որ Ռուսաստանը լիովին հակառակ գործառույթն է կատարում Ղարաբաղում: Օրինակ, 1990-ականների սկզբին ռուսական զորքը տեղահանում էր հայկական բնակավայրերը եւ ամեն կերպ աջակցում ադրբեջանական բանակին: Իսկ ապրիլյան պատերազմի իրողությունները բոլորի աչքի առաջ է:Քաղաքագետ Մանվել Սարգսյանը, անդրադառնալով Երեւանի ու Զանգեզուրի մասին Ալիեւի հայտարարությանը եւ խոսելով թուրքերի էթնո-հոգեբանական պահվածքի մասին, նշում է, որ թուրքերն առանց թիկունքում որեւէ մեկին ունենալու երբեք հարձակման չեն անցնում: «Թուրքն առաջ է գնում՝ միայն ստանալով հրավերը, ինչպես նաեւ համոզված լինելով, որ իր կոնկրետ հակառակորդի ձեռքերն ինչ-որ մեկի կողմից կապկպված են», ասում է նա:Ղարաբաղում երկու պատերազմներն այս թեզի հաստատումն են:

Ըստ էության, նույնը կատարվում է Սիրիայում, որտեղ Թուրքիան ռազմական գործողություններ է վարում՝ թիկունքում ունենալով Ռուսաստանի «հրավերը»:ԱՄՆ հետախուզության զեկույցն այս առումով զգուշացում է հայերին՝ եթե ոչ սեփական, ապա Սիրիայի փորձով հասկանալ, թե ինչ է կատարվում աշխարհում եւ ինչ արժե «ռազմավարական դաշնակցի» հետ հույսեր կապելը:Առավել եւս մի ժամանակաշրջանում, երբ տեղի ունեցող իրադարձությունները փաստացի կոտրում են մեր տարածաշրջանում ռուս-թուրքական հարյուրամյա ստատուս-քվոն: Այս ֆոնին, զեկույցը զգուշացում է նաեւ Ռուսաստանին, թե ինչ իրավիճակ կարող է ստեղծվել, երբ նա «ստիպված կլինի պաշտպանել իր դաշնակցին»:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache