Լրահոս

Ռուսաստանն ապտակում է հերթական անգամ

 

Հունիսի 1-ից Ռուսաստանում ուժի մեջ մտած ճանապարհային երթևեկության կանոնների խմբագրված տարբերակը, որով առանց ռուսական վարորդական իրավունքների կարգելվի բեռնատարների, տաքսիների և ավտոբուսների վարումը, խնդիրներ է հարուցուն նաև Հայաստանի և հայաստանցիների համար` պայթեցնելով հերթական միֆը ԵՏՄ ստեղծած հնարավորությունների, այն հեռանկարների մասին, որ եվրասիական տարածքը ստեղծում է աշխատուժի, ապրանքների, ծառայությունների և կապիտալի ազատ տեղաշարժի համար: Ռուսները բացառություններ չեն արել անգամ ԵՏՄ անդամների, այն երկրների համար, ովքեր դաշնակից են կամ պարտադրանքով քարշ են տրվել ԵՏՄ:

Ռուսական նման քաղաքականությունը գետնին է հավասարեցնում քարոզչական այն թեզը, թե իբր ԵՏՄ-ն կրկնօրինակում է Եվրամիության մոդելը եվրասիական տարածքում: ԵՄ-ում բազմահարթակ, զուգահեռ հարաբերություններ են, որոնցում գաճաճ Լյուքսեմբուրգի ձայնը նույնքան լսելի է, որքան` մեծ պետություններինը: ԵՏՄ-ն, ըստ էության, ռուսական կայսրության նոր մոդիֆիկացիա է` բրգաձև կառույցով և Մոսկվայի դիկտատով:

Պարզ է, որ ԵՏՄ երկրների մեծամասնությունն ապրում է Ռուսաստանից ուղարկված տրանսֆերտների հաշվին: Գաղնիք չէ, որ խոպանչիների մեջ մեծ թիվ են կազմում վարորդները կամ նրանք, ում աշխատանքը կապված է մեքենա վարելու հետ: Այսինքն՝ ԵՏՄ անդամ երկրներն իրենց «մաշկի» վրա զգալու են ռուսական օրենսդրության «էգոիզմի» հետևանքերը և փորձելու են բանակցել Մոսկվայի հետ` լուծումներ գտնելու նպատակով: Հենց այստեղ ռուսական իշխանությունն իրեն կզգա` ինչպես «ձուկը ջրում»: Այսինքն՝ կսկսվի իսկական առևտուր, որի ընթացքում վարորդական իրավունքի խնդիրը կդառնա միջոց ԵՏՄ անդամներից զիջումներ կորզելու նպատակով: Բանակցությունների ընթացքում Մոսկվան կստանա իրենը` «հումանիստորեն» նահանջելով: Սա ռուսական օրենսդրության կայսերական «էգոիզմի» ոչ առաջին և ոչ էլ վերջին դրսևորումն է:

Սակայն խնդիրն ունի նաև այլ կողմ, որն արդեն վերաբերում է ռուսական կոռուպցիոն համակարգին: Ռուսաստանում աշխատող հայաստանցի կամ ղրղըզ վարորդների մի զգալի մասը հաստատ հույսները չեն դնելու իրենց իշխանությունների վրա և փորձելու են խնդիրը կարգավորել եվրասիական «մշակույթի» տրամաբանությամբ` «մաղարիչով»: Դա թույլ կտա, որ ռուսական չինովնիկությունը «յուղոտ» գումարներ աշխատի և օրհնի ցար Պուտինին: Կոռուպցիան այն կարևոր ցեմենտն է, որ կոնսոլիդացված է պահում ռուսական նոմենկլատուրային, որը հույժ անհրաժեշտ է Պուտինին նախագահական առաջիկա ընտրությունների շեմին:

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

1in.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

armhing

armhing