Ռուսները ծրագրում են հերթական պատերազմը Հայաստանի դեմ՝ ներքին և արտաքին ճակատներում

332

1in.am — Հուլիսի 11-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնելու է Բրյուսել, որտեղ նախատեսված են նրա հանդիպումները Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Հայաստանում Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկին հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանը Եվրամիության ղեկավարության կողմից կարժանանա շատ ջերմ ընդունելության։

Բրյուսել այցից հետո Նիկոլ Փաշինյանը կմասնակցի նաև ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին։ Այդ այցից առաջ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով փոխտեղակալ Ջեյմս Ապատուրայը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն ցանկանում է էլ ավելի խորացնել հարաբերությունները Հայաստանի հետ և պատրաստակամ է աջակցել Փաշինյանի կառավարությանը՝ սկսած բարեփոխումներն ընդարձակելու հարցում:

«Ես անվերապահորեն վստահ եմ, որ Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո մեր կայուն համագործակցությունը կշարունակվի։ Նախ, կուզեի նշել, որ մենք շնորհավորական ուղերձ ենք հղել նոր վարչապետին, և իմ ընկալումն է, որ Հայաստանը մտադիր է շարունակել ՆԱՏՕ-ի հետ տարիներ ի վեր հաստատված ամուր համագործակցությունը: Մենք ողջունում ենք Հայաստանի ներդրումը խաղաղապահ առաքելություններում՝ Աֆղանստանում ու Արևմտյան Բալկաններում: Հայաստանն իսկապես շատ կարևոր դերակատարություն է ունեցել, և մենք ընդունում ենք դա»,- ասել է Ապատուրայը: ՆԱՏՕ-ի պաշտոնյան այդ հարցազրույցում հաստատել է, որ Նիկոլ Փաշինյանը մասնակցելու է կազմակերպության գագաթնաժողովին։

«Այո՛, Հայաստանի վարչապետը կմասնակցի գագաթնաժողովին, ու թեև ես հստակ չգիտեմ, բայց հույս ունեմ, որ նա նաև մտքերի փոխանակման հնարավորություն կունենա ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ»,- ասել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով փոխտեղակալը՝ շեշտելով. «Մենք կուզենայինք շարունակել աջակցությունը Հայաստանին և նոր իշխանությունների սկսած բարեփոխումներին: Նոր կառավարությունը որդեգրել է բարեփոխումների քաղաքականություն, օրինակ, պայքար է տանում կոռուպցիայի դեմ: Մենք հատուկ ծրագիր ունենք՝ պաշտպանական ոլորտում կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու ուղղությամբ, որը կարող է օգտակար լինել Հայաստանի նոր կառավարության համար էլ ավելի ընդարձակելու իր պայքարը»։ Պետք է արձանագրել, որ ՆԱՏՕ-ի բարձրաստիճան պաշտոնյայի մակարդակով այս հայտարարությունն աննախադեպ է, երբեք Հայաստանի որևէ իշխանության ու որևէ ղեկավարի հետ կապված Հյուսիսատլանտյան դաշինքը նման ընդգծված վերաբերմունք չի արտահյատել։

Այս հայտարարությունները, ինչպես նշեցինք, տեղի են ունենում Նիկոլ Փաշինյանի եվրոպական այցերից առաջ, իսկ դրանից առաջ էլ իրար հետևից Հայաստան-Եվրամիություն Համապարփակ գործընկերության մասին համաձայնագիրը վավերացվեց Եվրամիության մի քանի երկրների խորհրդարանների կողմից։ Դրան էլ նախորդել էր Բրյուսելում կայացած Եվրանեսթ խորհրդարնական վեհաժողովում բանաձևի ընդունումը, որով ԵՄ անդամ երկրներին կոչ էր արվում արագացնել Հայաստան-ԵՄ Համապարփակ գործընկերության համաձայնագրի վավերացման գործընթացը։

Այսպիսով, Հայաստանի եվրոպական, ընդհանուր առմամբ արևմտյան քաղաքականության ուղղությամբ էական տեղաշարժեր են նկատվում։ Արևմուտքը հստակ ուղերձներ է հղում Հայաստանին, որ պատրաստ է համակողմանի աջակցություն ցուցաբերել նոր իշխանությանը՝ ինչպես ներքին ու արտաքին քաղաքականության ասպարեզում, այնպես էլ պաշտպանության ու անվտանգության ոլորտում։ Բայց բոլոր այս և չթվարկված իրադարձությունները պարունակում են նաև վտանգներ, որոնք պատերազմի սպառնալիքի տեսքով կանգնած են Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի առաջ։ Արդեն ավելի քան մեկ ամիս է՝ Նախիջևանի ուղղությամբ ադրբեջանական զինուժի կուտակումները նախորդ օրերին ոչ միայն ավելացել են, այլ նաև գործնական դրսևորումներ են ստացել. կրակահերթեր են արձակվել Զանգակատուն գյուղի խաղաղ բնակիչների ուղղությամբ։

Դրան զուգահեռ Ադրբեջանը 20 հազար զինվորների ու սպառազինության ներկայանալի արսենալի մասնակցությամբ զինավարժություններ է անցկացնում Լեռնային Ղարաբաղի սահմանին շատ մոտ հատվածում։ Զինավարժություններն ուղեկցվում են ոչ միայն զենքի ցուցադրությամբ, այլ նաև քարոզչական ֆոնով, որին ներգրավված են արդեն մեր ռազմավարական գործընկեր երկրի՝ Ռուսաստանի պատգամավորական, փորձագիտական կորպուսի ներկայացուցիչները։ Քաղաքագետներ Մաքսիմ Շևչենկոն, Իգոր Կորոտչենկոն, Ալեքսանդր Դուգինը, ՌԴ Պետդումայի պատգամավոր Դմիտրի Սավելևը և այլք այցելել են Ադրբեջան՝ Լեռնային Ղարաբաղի հետ սահմանին տեղակայված զորամասերից մեկը: Նրանք բարձրացել են Լելե Թեփե բարձունքը, որն ադրբեջանական ուժերի վերահսկողության տակ է անցել 2016 թվականի Քառօրյա պատերազմի ժամանակ։

Հենց այնտեղ նրանք բազմաթիվ հակահայկական հայտարարություններ են արել, ասել են, որ Ղարաբաղը Ադրբեջանի տարածքն է, որ խնդիրը կարող է լուծվել միայն ազատագրված շրջանների վերադարձից հետո և այլն։ Երկու օր է՝ Ռուսաստանի՝ համեմատաբար չեզոք փորձագետներն ու քաղաքական գործիչները, իրար հերթ չտալով, հայտարարում են, թե այդ խումբը չի ներկայացնում պաշտոնական Մոսկվայի տեսակետները, թե դրանք մասնավոր կարծիքներ են, թեև բոլորին է հայտնի, որ Ռուսաստանում մասնավոր կարծիք, որպես այդպիսին, գոյություն չունի և հատկապես քաղաքական հայտարարությունների դեպքում ամեն ինչ համաձայնեցվում է Կրեմլի հետ։

Բայց այդ բոլոր «մեղմացնող» հայտարարությունների ազդեցությունը հօդս է ցնդեցրել արդեն ուղղակիորեն Կրեմլի տեսակետները ներկայացնող մեկ այլ հայտնի քաղաքագետ Վլադիմիր Եվսեևը, որը գրեթե ուղիղ տեքստով հայտարարել է, որ այն, ինչ տեղի է ունենում այս օրերին, պատասխան է Հայաստանի եվրոպական ու արևմտյան ուղղությամբ արվող քաղաքականության։ «Հայաստանը պետք է մտահոգվի ոչ միայն ռուս գործիչների այցով Ադրբեջան, այլև Արևմուտքի և ՆԱՏՕ-ի երկրների հետ իր մերձեցմամբ»,- rusarminfo.ru-ին տված հարցազրույցում ասել է Վլադիմիր Եվսեևը՝ շարունակելով. «Արևմուտքի երկրների, ինչպես նաև ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի կապերի ընդլայնումը, մասնավորապես՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Բրյուսել՝ կազմակերպության գագաթնաժողովին, լրջորեն մտահոգում է Ռուսաստանին:

Ես կարծում եմ, որ ՆԱՏՕ-ի հետ մերձեցումը չի համապատասխանում ՀԱՊԿ-ի կազմում մնալու Հայաստանի ձգտմանը: Ինձ թվում է, որ եթե Հայաստանին այդքան մտահոգում է ռուս փորձագետների այցն Ադրբեջան, ապա նրան պետք է անհանգստացնի նաև այն, թե արդյոք չափազանց լուրջ չի համագործակցում ՆԱՏՕ-ի հետ՝ իր խաղաղարարներին ուղարկելով դաշինքի գործողություններին և մասնակցելով «Գործընկերություն՝ հանուն խաղաղության» ծրագրին»։

Այս հայտարարությունը ոչ այլ ինչ է, եթե ոչ ուղղակի խոստովանություն այն մասին, որ Ադրբեջանի կողմից ռազմական իրադրության էսկալացիայի վերջին փորձերը տեղի են ունենում Ռուսաստանի լուռ թողտվությամբ կամ գուցե հրահրմամբ։ Ռուսաստանն այսպիսով իր վերաբերմունքն է արտահայտում այլ երկրների ու կառույցների հետ հարաբերություններ հաստատելու Հայաստանի ինքնիշխան իրավունքի կապակցությամբ։

Ռուսաստանը Հայաստանի՝ ՆԱՏՕ-ի հետ երկխոսությանը պատասխանում է Նախիջևանում՝ Ադրբեջանին հրահրելով։ Սա Հայաստանի ինքնիշխանությանն ուղղված ցինիկ քաղաքականություն է, շանտաժ ու սպառնալիք, որի հեղինակը «թղթերով» մեր ռազմավարական դաշնակից պետությունն է։ Այս իրավիճակում անելիք ունի ոչ միայն ու գուցե ոչ այնքան Հայաստանի իշխանությունը, որքան արևմտյան գործընկերները, որոնց հետ համագործակցության խորացման դիմաց Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը կարող են վճարել պատերազմով, մարդկային ու տարածքային կորուստներով։

Կարծում ենք, այս խնդիրները պետք է ներառված լինեն նաև ՆԱՏՕ-ի ու Եվրամիության ղեկավարության հետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումների օրակարգում։ Արևմուտքը պետք է ցույց տա, որ աջակցությունը չի սահմանափակվում միայն գեղեցիկ քաղաքական հայտարարություններով։ Ընդ որում, այս ամենը տեղի է ունենում Պուտին-Թրամփ հանդիպման նախօերին, որի ընթացքում բացառված չէ՝ քննարկման առարկա կարող է լինել նաև հարավկովկասյան տարածաշրջանը։

Ի դեպ, «զարմանալի զուգադիպությամբ», մինչ ռուսական հրահրմամբ Ադրբեջանը զորքեր է կուտակում Նախիջևանում ու Լեռնային Ղարաբաղի սահմանին, Հայաստանում կրկին քննարկվում է ռուսական ծագմամբ հայ քաղաքական գործիչների ու ռուսահայ օլիգարխների ակտիվացման հնարավորությունը։ Այսինքն՝ ռուսները գործում են երկու ճակատներով՝ Ադրբեջանին հրահրելով սահմանի այն կողմից, Հայաստանի ներսում՝ հրահրելով սեփական քաղաքական գաստրոլյորներին։ Իրավիճակն իսկապես վտանգավոր է։



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache