good-banner
Լրահոս

Սա դեռ ՀՀԿ-ի երազած Հայաստանը չէ

 

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, ի թիվս մյուս կուսակցությունների ու դաշինքների, իր հերթական նախընտրական ծրագիրն է ներկայացրել հանրության դատին: Ի տարբերություն մյուս կուսակցությունների և դաշինքների՝ ՀՀԿ-ի   ծրագիրը  պետք է ներկայացվեր «ընթացքի մեջ», քանի որ վերջին 15-20 տարիներին այս կուսակցությունը ղեկավարելով երկիրը, այնուամենայնիվ, ինչ-որ բաներ է արել, որ ծրագրերի հետ կարող է աղերսներ ունեցած լինեն:  Հետևաբար ՀՀԿ-ն պետք է հանրությանը ցույց տար իրականում անկախ ու հպարտ երկրի կառուցման ճանապարհին  ինչ և ինչպես է արել  ու ինչ չի հասցրել անել:

Եվ քանի որ իրականում ազատ ու անկախ երկիր կառուցելու համար ոչինչ էլ չի  արվել, բնականաբար,  ՀՀԿ-ն խուսանավել է անցյալի իր ծրագրերի իրականացման մասին իր ընտրողին որևէ բան տեղեկացնելուց և «25 ամյա երկրի անկախության խորհուրդում» գերադասել է պոստուլատներով ներկայացնել  Հայաստանի հզորացման իր տեսլականը (արդեն 20 տարի է՝ միայն տեսլական է), որ, ցավոք,  ավելի շատ դպրոցական շարադրություն է  հիշեցնում:

«Մենք դեռևս չենք կառուցել մեր երազած երկիրը: Բայց մեր ժողովուրդն իր ողջ պատմության ընթացքում երբեք չի հրաժարվել իր երազած երկիրն ունենալու գաղափարից, առավել ևս հիմա դժվարություններն ու սխալները չեն կարող խոչընդոտ հանդիսանալ մեր երազանքն իրականություն դարձնելու համար: Չէ՞ որ չի սխալվում միայն նա, ով ոչինչ չի ձեռնարկում: Դասեր քաղելով մեր սխալներից՝ անմնացորդ աշխատանքով մենք շարունակելու ենք կառուցել մեր երազած երկիրը՝ ԱԶԱՏ, ԱՆԿԱԽ, ԱՐԴԱՐ և ԻՆՏԵԼԵԿՏՈՒԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԸ»:

Իսկ ինչո՞վ էր զբաղված կուսակցությունը  անցած տասնամյակների  ընթացքում, երբ  էլի  ինքն էր  ազատ, արդար ու ինտելեկտուալ Հայաստանի կառուցման գլխավոր ճարտարապետը: Ի՞նչ թիմով էին կառուցում, ի՞նչ էին կառուցում, ո՞ւր են հասել, ի՞նչը չի ստացվել, ի՞նչ թիմով են շարունակելու կառուցել, ի՞նչ մոտեցումներ են վերանայվել: Լռում են:  Մինչդեռ բոլորին է հայտնի, որ մինչև հիմա երկրի անկախությունն ու ապագան կառուցել են նախընտրական ցուցակի 10-15-րդ հորիզոնականներից հետո թաքցրած «ինտելեկտուալներով»:

Այս անգամ առաջին մի քանի անունները փոխելով՝ շպարել, թաքցրել են կուսակցության իրական դեմքը և շպարված դեմքով փորձում են իշխանություն վերցնելով շարունակել իրենց պատկերացրած ինտելեկտուալ Հայաստանի կառուցումը նույն «ճարտարապետներով»: Իսկ այս կուսակցության «ինտելեկտուալ ճարտարապետների»  մոտ այնքան  մեծ է ԱԶԱՏ, ԱՆԿԱԽ, ԱՐԴԱՐ ՀԱՅԱՍՏԱՆ կառուցելու ցանկությունը, որ չեն երկնչում անգամ փողոցներում, մարդաշատ վայրերում զենքի գործադրմամբ միմյանց` ՀՀԿ-ականների ու այլոց նկատմամբ հաշվեհարդար տեսնել, ժողովրդին ամենաստոր ձևով կաշառել և ցանկացած անօրինականության գնալ միայն մի նպատակով՝ որ հենց իրենք՝ նժդեհի անմնացորդ գաղափարակիրները լինեն ազատ, արդար ու ինտելեկտուալ Հայաստան կառուցողները:

Չորս տարի առաջ այս  կուսակցությունը «հերթական անգամ ժողովրդի քվեն ստացավ» ապահով Հայաստան կարգախոսով: 2016թ. ապրիլին 2 օրվա ընթացքում սահմանի վրա ավելի քան 100 երիտասարդի «մատաղ արեցին»  այդ կարգախոսին: Եվ բոլորովին էլ զարմանալի չէ, որ երկրի ու Հանրապետական կուսակցության ղեկավարությունը, որ նույն ապահով Հայաստանի հեղինակներն ու «ջատագովներն» են, թուրքերի հարձակումից դեռևս օրեր առաջ տեղյակ են եղել սպասվող հարձակման մասին: Վկան՝ Կոմանդոսը: Բայց այդ հարձակումից «հանկարծակիի եկան»:  Պարզվում է նաև, որ բանակի վառելիքին կերոսին է խառնվում,  և դրան տեղյակ է ամբողջ վերնախավը: Փաստորեն նաև այդ պատճառով սահմանին կանգնած տղաները առաջին պահին չկարողացան պաշտպանություն կազմակերպել, ու այդքան զոհեր ունեցանք:

Այդպես է մինչև հիմա ՀՀԿ-ն ապահով Հայաստան կերտել, ու հիմա էլ նույնը փորձում են անել այլ՝ «հայրենիքի անվտանգությունն ապահովելու պարտականություն» ձևակերպմամբ: Իրենց նախկին գործունեության, իրականացրած ու չիրականացրած ծրագրերի մասին ոչինչ չխոսելով՝ հանկարծ ՀՀԿ-ականները հայտարարում են՝ «Ժամանակն է, որ փոխվենք և փոխենք մեր իրականությունը»։

Ստացվում է, որ, այնուամենայնիվ, ՀՀԿ-ականներն ընդունում են, որ իրենք այն չեն, պետք է փոխվեն, ու իրենց ստեղծած միջավայրը նույնպես փոխվելու պետք ունի: Դա, իհարկե, լավ է: Բայց ժողովրդական ասացվածք կա՝ մարդը ինչպիսին կա, այնպիսին էլ մնում է, ու «իր կաշին երբեք չի փոխում»: Այնպես որ՝ առաջ Հայաստան:

Загрузка...
Մանրամասն սկզբնաղբյուրում՝

1in.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

armhing

armhing