«Սա հիանալի պահ է հայ ժողովրդի և այս երկրում ժողովրդավարության ոգու համար»․ ԱՄՆ դեսպան

0

azatutyun.am — Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի կարծիքով ցուցարարներն ու հայ ժողովուրդը գովեստի խոսքի են արժանի խաղաղ, կանոնավոր կերպով Նիկոլ Փաշինյանի առաջնորդությամբ փողոց դուրս գալու համար։

«Պետք է գովեստով արտահայտվեմ նաև անվտանգության պաշտոնյաների, կառավարության մասին, որոնք վերջին 11 օրերի ընթացքում մեծ զսպվածություն ցուցաբերեցին», — ասել է դեսպանը:

Դեսպան Միլսն ավելացրել է, որ այնուամենայնիվ եղել են արժանահավատ հաղորդումներ ցուցարարների, լրագրողների դեմ բռնությունների մասին, և այդ դեպքերով պետք է իրականացվի համապարփակ քննություն, իսկ մեղավորները պետք է պատժվեն սահմանված կարգով:

Հայաստանում ԱՄՆ դեսպան Միլսը ճեպազրույցի ընթացքում անդրադարձավ նաև Հայաստանի արդեն նախկին վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականին, նշելով, որ նա իրական առաջնորդի նման գործեց՝ լսելով Հայաստանի ժողովրդի ձայնը և կայացնելով այդ բարդ որոշումը:

«Առաջիկա օրերին մենք կաշխատենք վարչապետի պաշտոնակատար պարոն Կարապետյանի հետ։ Բոլոր հայերի նպատակը հիմա պետք է լինի համախմբված շարունակել երկխոսությունը, գալ ընդհանուր հայտարարի առաջիկա քայլերի շուրջ։ Սա հիանալի պահ է հայ ժողովրդի և այս երկրում ժողովրդավարության ոգու համար», — իր խոսքն ամփոփեց դեսպանը։

Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին ընդգծեց, որ ԵՄ-ն այժմ ևս կարևորում է այս գործընթացում ներգրավված բոլոր կողմերի միջև երկխոսությունը քաղաքական ճգնաժամը հաղթահարելու համար․ — «Եվրապական միությունը կլինի Հայաստանի և հայ ժողովրդի կողքին այս ողջ գործընթացի ընթացքում»:

Անդրադառնալով ԵՄ-Հայաստան պայմանագրին, նշեց, որ Հայաստանն ու Եվրամիությունը այժմ հավակնոտ ծրագիր ունեն և պետք է աշխատեն դրա իրականացման ուղղությամբ․ — «Վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ Հայաստանի ժողովուրդը շատ կարևորում է այն բոլոր արժեքները, որոնք դրված են մեր համաձայնագրի հիմքում, այժմ անգամ էլ ավելի ջանասիրաբար պետք է աշխատենք դրա կետերի իրականացման շուրջ»։



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache