Սա հնարավորություն կտա խուսափել դպրոցներում այսպես կոչված «էլիտար» դասարանների ձևավորումից. ԿԳ նախարար

35

Օգոստոսյան խորհրդակցությունների շրջանակում Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը մարզային վերջին քննարկումն անցկացրել է Արարատի մարզում: Նախարարն անդրադարձել է դպրոցների ապաքաղաքականացման, համազգեստի, դրամահավաքության, միասնական ավարտական քննությունների, դասագրքերի և կրթական ծրագրերի խնդիրներին:

Անդրադառնալով նախատեսվող բարեփոխումներին` նշել է, որ գալիք ուսումնական տարվանից սկսած առաջին դասարանցիների ընդունելությունը դպրոցներում տեղի կունենա էլեկտրոնային գրանցման եղանակով, իսկ դասվարների ընտրությունը ոչ թե ծնողի ընտրությամբ, այլ վիճակահանությամբ:

Նախարարի խոսքով` սա հնարավորություն կտա խուսափել դպրոցներում այսպես կոչված «էլիտար» դասարանների ձևավորումից: Նախատեսվում է էլեկտրոնային գրանցմամբ իրականացնել նաև ուսուցիչների մրցութային ընտրությունը, ինչպես նաև փոփոխություններ իրականացնել դպրոցների կառավարման խորհուրդների ձևավորման և մի շարք այլ կարգերում:

Անդրադառնալով դպրոցներում աշխատանքային տետրերի օգտագործմանը` նախարարը նշել է, որ աշխատանքային տետրեըը պարտադիր չեն և ուսուցիչն իրավունք չունի պահանջել, որ բոլորն ունենան նման տետրեր:

Դպրոցների ներկայացուցիչները բազմաթիվ հարցեր են ուղղել Արայիկ Հարությունյանին, որոնք վերաբերել են դպրոցների շենքային պայմանների բարելավմանը, ֆինանսավորման բանաձևին, կրթական ծրագրերին, ավարտական քննությունների կազմակերպմանը և այլ խնդիրների:

Խորհրդակցությանը ներկա է եղել Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը:




Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache