Լրահոս

Սա լինելու է առաջին ընտրությունը, երբ ինչքան ուզեն, այդքան չեն խփի. հանգամանքներ են փոխվել

 

65752_w

Քաղաքական երեք ուժեր՝ «Հանրապետություն», «Քաղաքացիական պայմանագիր» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները, համագործակցության վերաբերյալ հուշագիր ստորագրեցին խորհրդարանական ընտրություններին ընդառաջ, համաձայն որի այս ուժերը համատեղ կմասնակցեն խորհրդարանական և Երևանի ավագանու ընտրություններին: Քաղաքական դաշտում այս շրջանում նոր դաշինքներ ևս ուրվագծվում են: Գլխավոր հարցը, սակայն, հետևյալն է՝ կհաջողվի՞ առաջիկա խորհրդարանական ընտրություններին պարզորոշ ուրվագծել, թե որն է լինելու այն ուժը, որը հակակշռելու է իշխանություններին, թե՞, ինչպես միշտ, ընդդիմադիր ուժերին չի հաջողվի լայն ճակատ ձևավորել, և մասնակցությունը կլինի առանձին ճակատների տեսքով:

Անդրադառնալով այս հարցին՝ ԳԱԼԱ-ի հետ զրույցում «Անտարես» մեդիա հոլդինգի նախագահ Արմեն Մարտիրոսյանը նախ որոշեց սահմանել, թե հայաստանյան իմաստով ինչ է նշանակում ընդդիմադիր:

««Անտարես» հրատարակչության գրասենյակը «Նաիրի» կինոթատրոնի շենքում է: Մենք շատ մոտ ենք ԿԸՀ շենքին: 2007-ից սկսած, երբ որ հանրահավաք էր լինում Հայաստանում, և դա անում էր Լևոն Տեր-Պետրոսյանը, ՀԱԿ-ը, հետո անում էին ԲՀԿ-ն ու ՀԱԿ-ը միասին, հետո անում էր քառյակը, արդար լինելու համար նաև նշեմ «Սասնա ծռեր»-ին, բոլոր այդ դեպքերում իշխանությունները ԿԸՀ շենքի դիմաց զորք էին կուտակում: Մարդը զգուշանում է այն ժամանակ, երբ այդ ուժն անկառավարելի է իր կողմից, կամ գոնե այդ ուժի մի կարևոր տարրն է անկառավարելի: Որպեսզի ընդդիմությունը լիարժեք կոչվի ընդդիմություն, անհրաժեշտ տարր է համարվում, որ նա լինի իշխանությունների կողմից անկառավարելի: Եվ զորքի առկայությունը դա էր ցույց տալիս: Անդրադառնամ «Սասնա ծռերին»: «Սասնա ծռերը» կամ նրա ինչ-որ մի մաս անկառավարելի էր իշխանությունների կողմից: Սակայն «Սասնա ծռերը» քաղաքական երևույթ չէր, քանի որ զենք կար այդտեղ: Դրա համար «Սասնա ծռերին» դնում ենք մի կողմ և սահմանում ենք՝ ընդդիմությունն այն քաղաքական ուժն է (ոչ զենքի միջոցով պայքարող, այլ քաղաքական), որից իշխանությունը զգուշանում է: Անցնենք այն ուժերին, որոնք անկառավարելի են և քաղաքական: Փաստորեն մենք մինչ այսօր ունեցել ենք ընդամենը մեկ քաղաքական միավոր, որն անկառավարելի է եղել իշխանության կողմից, և որից իշխանությունը զգուշացել է և զգուշանում է»,- նշում է Արմեն Մարտիրոսյանը:

Ընդդիմության սահմանումը ձևակերպելուց հետո անդրադառնում է երեք քաղաքական ուժերի ստորագրած հուշագրին:

«Երեք կուսակցություն որոշել են մեկ դաշինքով գնալ ընտրությունների: Լավ են արել: Ո՞ւմ են վնաս տվել դրանով, դա ուրիշ հարց է: Այ եթե այդ միասնությունը կխաթարի ընդդիմական դաշտը, Հայաստանի համար պրոբլեմ կլինի, բայց Հայաստանը նմա՞ն բաներ է տեսել ու կուլ տվել, նմա՞ն բաներ է մարսել»:

Արմեն Մարտիրոսյանի խոսքով՝ իշխանությունները միշտ փորձել են անել այնպես, որ կեղտոտեն դաշտը, որ չլինի սև և սպիտակ, որովհետև գիտեն՝ սևի ու սպիտակի ժամանակ Հայաստանի ժողովուրդը հստակ գիտի իր անելիքը: Հիմա, նրա կարծիքով, իշխանության խնդիրն է լղոզել դաշտը:

«Քանի դեռ լրատվական դաշտը չի խոսում ընդդիմության իսկական սահմանման մասին, որ, պարոնա՛յք, ընդդիմությունը պետք է լինի այնպիսի ուժ, որից իշխանությունը մրսի: Սահմանումը սա է՝ այն ուժը, որից մրսում է իշխանությունը, կոչվում է ընդդիմություն: Եթե չի մրսում, ուրեմն դա այդքան էլ ընդդիմություն չէ: Ընդդիմությունը պետք է միանշանակ լինի իշխանության մրցակիցը: Ու այդ մրցակցության հաղթողին որոշողը, դատավորը պետք է լինի ընտրողը»:

Անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի վերադարձին և հարցին, թե ԲՀԿ-ի՝ ընտրություններին «ընդդիմադիր» կերպարով հանդես գալն արդյոք լուրջ հարված չէ ընդդիմադիր էլեկտորատը համախմբելու գործին, Մարտիրոսյանը նշեց.

«Եթե այդ ուժը, որի ղեկավարը հիմա Նաիրա Զոհրաբյանն է, ընդունում է, որ պետք է Գագիկ Ծառուկյանը վերադառնա, լավ է անում: Եթե Գագիկ Ծառուկյանը գտնում է, որ ինքը պետք է վերադառնա, և այդ ուժն էլ ընդունում է, դա արդեն այդ կուսակցության գործն է: Ճիշտ այնպես, ինչպես երեք քաղաքական ուժերի գործն է դաշինք կազմելը: Օրինակ բերեմ. ենթադրենք երեքն իրար հետ շքամուտքի իրենց տարածքը որոշել են ներկել կարմիր գույնով: Եթե դրանից շենքի սեյսմակայունությունը չի տուժել, եթե ընդհանուր մուտքի տեսքը չի փչացել, եթե ոչ մեկին չեն խանգարում, լավ են անում: Եթե իրենց արածից տանիքը սկսել է կաթել, շենքի ամրությունը տուժել է, գոնե այդ մասում բնակվող շենքի ժողովրդի համար դա պրոբլեմ է: Նույն կերպ՝ դա հիմա «Բարգավաճ Հայաստանի» բնակարանային խնդիրն է, դա իրենց անձնական գործն է, իրենց կուսակցության գործն է: Ինչ ուզում են անեն: Ես որպես հարևանի մարդ ի՞նչ գործ ունեմ խառնվել իրենց գործերին: Հետո թող դատավորը որոշի»:

Խնդիրն, ըստ նրա, այն է, որ ժողովրդին չխաբեն, և այստեղ կարևորում է լրատվամիջոցների դերը: «Ժողովուրդը խաբվում է լրատվամիջոցի միջոցով»,- ասում է նա:

«Երբ ԲՀԿ-ն մտնում է դաշտ և ասում, որ ինքն ընդդիմություն է, դա նույնն է, եթե ես հիմա ասեմ՝ սիրուն աղջիկ եմ: Երկու պարամետրով գոնե գիտեք, որ սուտ է. առաջինը՝ աղջիկ չեմ, երկրորդը՝ սիրուն չեմ: Ի՞նչը պետք է ձեզ ստիպի, որ հավատաք ինձ: Հիմա «Բարգավաճն» այն ժամանակ ասել է՝ ես ընդդիմություն եմ, հետո՞ ինչ, որ ասել է: «Բարգավաճն» այն դեպքում կդառնա ընդդիմություն, եթե ԲՀԿ-ից սկսեն մրսել, եթե ԲՀԿ-ն դառնա անկառավարելի, ինչպես «բամփելուց» առաջ էր, և էլի մի քանի ուժեր դառնան ընդդիմություն, ու բոլորին հուզեն նույն հարցերը՝ Հայաստանում Սահմանադրության գործելը, սուվերենության, Լեռնային Ղարաբաղի հարցը, և սրանք կմիավորվեն այդ պլատֆորմի շուրջ և կկարողանան իրենց գործն անել»:

Առաջիկա խորհրդարանական ընտրությունները մեկ այլ առումով է առանձնահատուկ համարում Արմեն Մարտիրոսյանը: Նրա խոսքով՝ առաջին անգամ վերջին 19 տարիներին Հայաստանը շանս ունի անցկացնել լեգիտիմ ընտրություններ, ընտրել լեգիտիմ իշխանություն:

«Թող այդ իշխանության անունը լինի ՀՀԿ, թող այդ իշխանության անունը լինի ՀՀԿ+սև սատանա+կոալիցիա, թող այդ անունը լինի ԲՀԿ+ինչ-որ կոալիցիա, թող այդ անունը լինի ՀԱԿ+ինչ-որ կոալիցիա, լինեն հիշյալ երեք կուսակցությունները+ինչ-որ դաշինք-կոալիցիա: Հարց չկա: Ինչ ուզում է լինի, առաջին անգամ 19 տարվա մեջ դա լինելու է լեգիտիմ իշխանություն: Առաջին անգամ Հայաստանում հնարավորություն է ստեղծվել, որպեսզի մեր «վառ հերոսի» արտահայտած ֆրազը՝ «ինչքան ուզեմ՝ էդքան խփեմ», չաշխատի: Սա լինելու է առաջին ընտրությունը, որ ինչքան ուզեն, այդքան չեն խփի: Ինչի համար, որովհետև առաջին անգամ է, որ հրապարակվելու են ընտրացուցակները: Եթե դու գիտես, որ 50 կգ-անոց կարտոֆիլի պարկում 50 կգ է, 20 կիլոգրամը հանում ես, մնում է 30-ը: Մենք երբեք չենք իմացել մեր ունեցած պարկի իրական կշիռը: Առաջին անգամ Հայաստանում մենք իմանալու ենք, թե քանի ընտրող կա ու քանիսը կգան ընտրության: 500.000 ավելի ձայն իշխանությունը կարողանում էր օգտագործել, հիմա դա չի լինելու: Երկրորդը. տեսախցիկներ են լինելու բոլոր ընտրատեղամասերում: Առաջին անգամ Հայաստանում իշխանության, քաղաքացիական հասարակության և ընդդիմության միջև եղած բանակցությունների արդյունքում Հայաստանը ստացավ կարևորագույն հաղթանակ: Եվ շատ կարևոր է այս ուղերձը տեղ հասցնել: Ժողովուրդ, երբ որ դուք ասում էիք՝ սրանց դեմ հնարավոր չէ պայքարել, իրենք ինչ ուզեն, անելու են, առաջին անգամ հանգամանքները փոխվել են: Առաջին անգամ է, որ տղամարդու և կնոջ վրայից երկաթե վարտիքները հանվել են, և առաջին անգամ է, որ պետք է բեղմնավորում լինի ժողովրդի հետ: Ես դեմ եմ ընտրակաշառքին ուղն ու ծուծով, բայց եթե անգամ ընտրակաշառք բաժանեցին ու ընտրվեցին, միևնույն է, դա լինելու է լեգիտիմ իշխանություն: Սրանից այն կողմ պետության համար ավելի կարևոր բան չի լինի: Այն պետություններն են կայանում, որտեղ կա զրույց-կոմունիկացիա, երբ որ ընդդիմությունը խոսում է իշխանության հետ, երբ որ իշխանությունը խոսում է ընդդիմության հետ»,- նշեց Արմեն Մարտիրոսյանը:

Հայաստանի իշխանություններն այսօր ունեն լուրջ խնդիրներ, այլևս նրանց չեն հավատում դրսում՝ ո՛չ ռուսները, ո՛չ Արևմուտքը, նշում է մեր զրուցակիցը՝ հիշեցնելով Սերժ Սարգսյանի պաշտոնավարման տարիների աղաղակող միջադեպերը՝ Մարտի մեկի 10 զոհ, հարյուրավոր վիրավորներ և հազարավոր բերման ենթարկվածներ, քաղաքական բանտարկյալներ, հայցեր Եվրոպական դատարան և այլն:

«Այս ամբողջ աղբը, այս կեղտոտ արարքները, որ արվել են Հայաստանի ժողովրդի գլխին, Հայաստանի ընդդիմության գլխին, խայտառակություն է, և դա հեշտ չէ մարսել: Առաջին անգամ է նաև, որ Եվրոպան խնդիր չունի մեր իշխանության արարքներն ինչ-որ մի բանի դիմաց փոխելու: Հայաստանի իշխանություններն այդ առումով ունեն որոշակի սահմանափակումներ: Երկրորդ, Հայաստանի տնտեսությունն էապես անկում է ապրել 2008 թվականի համեմատ, և երրորդ, որ Ղարաբաղյան պատերազմը վերսկսվեց և բացահայտեց իշխանությունների բոլոր արատները: Ղարաբաղյան պատերազմում այս իշխանությունները միանգամից տկլոր վիճակում հայտնվեցին, բացահայտվեց, որ զինվորները կոշիկ չունեին, որ կտորը բարակ էր, զենքերն 80-ականներինն էին, որ հողերի գեներալ կալվածատերերն ասում էին՝ իմ հողի վրա հրետանի մի դիր, հողերը մի փչացրու և այլն: Այս ամենը բացահայտվեց: Իշխանությունը մինչ այդ կուտ էր տալիս քվոտավորված բիզնեսին, որ, ժողովո՛ւրդ, այս ամենն արել ենք, որ Ղարաբաղը պահենք: Պարզվեց՝ չի պահել Ղարաբաղը, այլ այդ ամեն ինչը լափվել է: Բացի այդ, Ղարաբաղի հայերն էլ առաջին անգամ հասկացան, որ միայնակ, առանց Հայաստանի չեն կարողանալու տարածքը պահել, իրենք դարձել էին իրենց PR-ի զոհը: Այլևս ոչ մի ղարաբաղցի չի գա Հայաստանի դեմ հարց լուծելու, որովհետև ղարաբաղցիները հիմա գիտեն, որ Հայաստանում է Ղարաբաղի հարցը լուծվում, հայաստանցին է ղարաբաղցու հետ: Հիմա մեր իշխանությունը տկլոր է բոլոր կողմերից: Չունի արտաքին ընկեր՝ ռուսական և արևմուտքային, և Հայաստանում բոլոր՝ և՛ տնտեսական, և՛ ռազմական, և՛ բարոյական ասպարեզներում տկլոր է: Դատարկ է այն PR-ը, թե ուժեղ է իշխանությունը: Իշխանությունը եթե լիներ ուժեղ, 1000 դրամ չէր մուրա: Սա մուրացկան իշխանություն է: Կան մուրացկաններ, չէ՞, որ 10 դրամ ես տալիս, շպրտում է դեմքիդ: Հիմա մեր իշխանությունը նման է այդ մուրացկանին, որ 1000 դրամ է ուզում, չես տալիս, սկսում է քացով խփել»:

Որպես ՀՀ քաղաքացի՝ Արմեն Մարտիրոսյանի համար ամենակարևորն այն է, որ Հայաստանն ունենա ընտրված, հետևաբար՝ ուժեղ իշխանություն:

«Ում ուզում է ընտրի, բայց դա լինի իմ ժողովրդի կամքը: Ինքն այդպես է կամեցել, վերջ: Ամերիկայի ժողովուրդն ընտրել է Թրամփին, լա՛վ է արել, ընտրել է Քլինթոնին, էլի՛ լավ է արել: Ամենակարևորը ժողովրդի կամքն է, ինքն է սահմանադիրն ու ինքն է որոշում կայացնողը: Դա երանելի պահ է, որ մեր ժողովուրդը վերջապես ունենա ուժեղ կառավարություն 1998 թվականից հետո: Ունենա ուժեղ կառավարություն, որ կարողանա արտաքին խնդիրներին արձագանքել, չծախի մեր շահերը լեգիտիմության դիմաց: Ինքը լինի լեգիտիմ ու չունենա ծախելու խնդիր: Մենակ ետ բերի մեր կորցրածը: Սա իմ երազածն է, և մենք այսօր ունենք այդ շանսերը: Ասել, թե ոչ մի բան չի փոխվելու, ասել, որ գաղջ մթնոլորտ է, մեկ է՝ սրանք ինչ ուզեն, անելու են, մեկ է՝ կեղծելու են ասողներն այսօր Հայաստանի թշնամին են: Կարող է օբյեկտիվ է այդ հոռետեսությունը, մարդիկ տեսել են, փորձ ունեն, բայց ռացիոնալը չընդունել, որ առաջին անգամ Հայաստանում պարկի մեջ գտնվող կարտոֆիլի պարունակությունը բոլորը գիտեն, դա հաստատ է: Ու մեկ էլ պետք է ակտիվ մասնակցել, որ հատկապես արտերկրում ապրող հայաստանցիներին իշխանությունները չկարողանան օգտագործել: Մենք պետք է ամեն ինչ մոռանանք և գնանք ընտրության: Մոռանանք, որ այսքան տարի չենք գնացել, ակտիվ չենք եղել, բացակայել ենք Հայաստանից, ամեն ինչ մոռանանք, արձանագրենք, որ այդ օրը սուրբ օր է, ու բոլորս գնանք ընտրության: Ով որ չի գնա, նա Հայաստանի լավ օրը չի ուզում… Չգիտեմ, հույս ունեմ, որ այս անգամ հայաստանցին ցույց կտա, որ ինքը քաղաքացի է, տեր է իր պետությանը»,- լավատեսական այսպիսի շեշտադրմամբ եզրափակեց Արմեն Մարտիրոսյանը:

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

armhing

armhing