Լրահոս

Սա զուտ ներքին հարց է. ո՛չ ռուսական մատ կա, ո՛չ ամերիկյան, ո՛չ էլ եվրոպական. Կայծ Մինասյան

 

img_0913-2-7b898

1in.am – Կայծ Մինասյանը սխալ է համարում այն կարծիքը, թե «Սասնա ծռեր» խմբի հայտնի գործողություններից հետո Հայաստանում սկսված քաղաքացիական անհնազանդության ցույցերը կարող են հանգեցնել Հայաստանի «լիբանանացման»՝ ասելով, որ ճիշտ չէ համեմատել հայաստանյան վերջին երկու շաբաթների ճգնաժամը Լիբանանի քաղաքացիական պատերազմի հետ: Քաղաքագետի կարծիքով՝ վերջին դեպքերը ապրիլյան քառօրյա պատերազմի հետևանքն են, իսկ գլխավոր խնդիրն այսօր Հայաստանի համար «հետխորհրդային պետության ինքնությունից» դուրս գալն է:

«1991թ. անկախությունը նվաճելուց հետո՝ մինչ օրս մենք ապրել ենք հետխորհրդային պետության մեջ: Արդյոք ուզո՞ւմ ենք դուրս գալ այդ հետխորհրդային պետության ինքնությունից, թե՞ ոչ: Սա է իրականությունը»,- նշեց մեր զրուցակիցը:

– Կայծ, շատերը հիմա մտավախություն են հայտնում, որ եթե ճգնաժամը խորանա, Հայաստանը կարող է գնալ երկրի, այսպես ասած, «լիբանանացման» կամ «բեյրութացման» ճանապարհով: Սա կարո՞ղ է երկիրը տանել քաոսային վիճակի, քաղաքացիական պատերազմի:

– Ոչ, ոչ, սա կապ չունի Լիբանանի հետ: Չգիտեմ, թե ովքեր են այդպիսի կարծիքներ հայտնում, բայց նրանց համեմատությունները տեղին չեն. կա՛մ չգիտեն Լիբանանի պատերազմի պատմությունը, կա՛մ չեն հասկանում Հայաստանի քաղաքական, տնտեսական ճգնաժամը: Դրանք բացարձակապես կապ չունեն իրար հետ: Երեք տարբերություն կա. նախ՝ Լիբանանի պատերազմը սկսվել է սառը պատերազմի պայմաններում: Երկրորդ տարբերությունն այն է, որ Լիբանանը բազմազգ պետություն է, Հայաստանը՝ ոչ, երրորդ՝ Լիբանանը բազմակրոն պետություն է, Հայաստանը՝ ոչ: Ուրեմն չի կարելի համեմատել Լիբանանի և Հայաստանի ճգնաժամերը:

– Այս ճգնաժամն ինչպե՞ս կազդի մեր պետականության, պետության դիրքերի և Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վրա:

– Վերջին դեպքը քառօրյա պատերազմի հետևանքն է, ուրեմն շատ հավանական է, որ կապ կա: Գիտենք, որ քառօրյա պատերազմից հետո իշխանությունները հայտարարեցին, որ այլևս չի կարելի այսպես շարունակել, պետք է փոխվի կացությունը, դաշնակցային, ռազմաքաղաքական հարցերը: Ուրեմն հույս կար, որ իշխանություններն իրենց նախաձեռնությամբ կարող են պրոցես սկսել, որպեսզի փոխվի վիճակը:

Այդ տղաները և Ժիրայր Սեֆիլյանը այլ ձևով անդրադարձան խնդրին՝ ասելով, թե արդյոք իշխանությունները պատրաստվո՞ւմ են տարածքները հանձնել, նման բան կա՞. իրենց մտահոգությունը հայտնեցին Ժիրայր Սեֆիլյանի միջոցով: Մնացածը ինքներդ գիտեք:

Կարծում եմ՝ անիմաստ էր Սեֆիլյանին ձերբակալելը, որովհետև նա վտանգ չէր ներկայացնում: Եվ քանի որ ժողովուրդը տեսավ, որ իշխանությունները որևէ քայլ չեն անում վիճակը շտկելու համար, տեսնելով, որ Ժիրայրը բանտարկված է, և այսպես անկարելի է շարունակել, ազատամարտիկները փորձեցին կոշտ ձևով արթնացնել ժողովրդին՝ ասելով, որ Ղարաբաղը վտանգի մեջ է, բայց առանց որևէ փաստ ունենալու: Եթե իսկապես որևէ վտանգ կա, իշխանությունները պիտի պատասխանեն այդ հարցերին, և Հայաստանի մամուլը պիտի ցույց տա, որ՝ այո, վտանգ կա Ղարաբաղի համար: Կարծում եմ՝ ավելորդ է խոսել՝ մինչև չունենանք այդպիսի փաստեր:

– Հայաստանի ներքին վիճակը կարո՞ղ է պատճառ դառնալ Ղարաբաղի շուրջ փխրուն բանակցային գործընթացի տապալման համար:

– Քաղաքական այսպիսի ճգնաժամը չի կարող դրական լինել պատերազմի մեջ գտնվող որևէ պետության խաղաղության համար: Երկրորդ՝ ո՞վ կարող է օգտվել այս իրավիճակից. ինչպես տեսնում ենք՝ Ադրբեջանը լռում է, շատ բան չկա ադրբեջանական մամուլում Հայաստանի ճգնաժամի մասին: Կարծես թե ադրբեջանցիները սպասում են, որ Ղարաբաղի հարցով որևէ լուծում լինի խաղաղ ճանապարհով, չեն ուզում յուղ լցնել կրակի վրա: Եվ սա մի փոքր մտահոգիչ է:

– Իսկ ծանո՞թ եք միջազգային արձագանքներին, մասնավորապես՝ Միացյալ Նահանգների, Եվրամիության հայտարարություններին Հայաստանի իրադարձությունների վերաբերյալ, Մոսկվայի արձագանքին:

– Այո, տեղյակ եմ, և տեսանք երկու տարբեր կեցվածք. Ռուսաստանն ուզում է, որ այդ հարցը լուծվի որևէ միջոցով, նույնիսկ արմատական (դա բնորոշ է Ռուսաստանին), և Արևմուտքը՝ Եվրոպական միությունը և Միացյալ Նահանգները Հայաստանի իշխանություններին զգուշացնում են, որ պետք է հարգել մարդու իրավունքները և բոլոր ազատությունները, վախենում են, որ Հայաստանի իշխանությունները այլ ճանապարհով կարող են այդ հարցը լուծել: Եվ դա լավ չէ, որովհետև թե՛ Միացյալ Նահանգները, թե՛ Եվրամիությունը ուզում են լավ հարաբերություններ ունենալ Հայաստանի հետ:

Ուզում եմ մի բան շեշտել, որ 1991թ. անկախությունը նվաճելուց հետո մինչ օրս մենք ապրել ենք հետխորհրդային պետության մեջ: Արդյոք ուզո՞ւմ ենք դուրս գալ այդ հետխորհրդային պետության ինքնությունից, թե՞ ոչ: Սա է իրականությունը: Ինչպե՞ս պիտի դուրս գանք այդ վիճակից, և արդյոք իշխանությունները ուզո՞ւմ են, որ մենք դուրս գանք հետխորհրդային պետությունից, թե՞ ոչ:

– Իսկ ի՞նչ է նշանակում Հայաստանի իրավիճակի շուրջ Արևմուտքի և Ռուսաստանի բանավեճը: Եվրոպացիներն ու ամերիկացիները իշխանություններին կոչ են անում բռնություն չգործադրել քաղաքացիների նկատմամբ, խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով, իսկ Ռուսաստանը քննադատում է ԱՄՆ-ին և Եվրամիությանը այդ կոչերի համար:

– Տարբերությունը կարևոր է, և հասկանալի է՝ կապված է քաղաքական մշակույթի հետ: Եվրոպական և ամերիկյան մշակույթն ավելի ժողովրդավարական է, Ռուսաստանի քաղաքական մշակույթը ժողովրդավարական չէ, ավելի շատ պետական է կամ կայսերապաշտական:

– Իսկ ավելի հեռուն գնացող քաղաքական նպատակներ չե՞ք տեսնում այդ հայտարարություններում: Հնարավո՞ր է, որ հետաքրքրությունը Հայաստանի հանդեպ ավելի է մեծացել:

– Կարծում եմ՝ վաղ է այդպես ասելու համար: Հայերը միշտ սիրել են խոսել գաղտնի ծրագրերի, դավադրությունների մասին, բայց ես դա չեմ տեսնում, որովհետև այդ ազատամարտիկները բավական դժգոհ են Ռուսաստանի քաղաքականությունից, չեմ ասում՝ հակառուս են, բայց դժգոհ են: Մյուս կողմից՝ «Սասնա ծռերը» և Ժիրայր Սեֆիլյանը չեն կարող եվրոպամետ կամ ամերիկամետ լինել: Եթե նույնիսկ լինեն, ամերիկացիներն ու եվրոպացիները չեն կարող քաջալերել այդպիսի գործողությունները: Կարծում եմ՝ իսկապես զուտ ներքին հարց է. ո՛չ ռուսական մատ կա, ո՛չ ամերիկյան և ո՛չ էլ եվրոպական:


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

newhing

newhing