Սաբոտաժ. Նիկոլ Փաշինյանի նախազգուշացումը

116

lragir.am — «Կրկին անգամ խնդրում, հորդորում եւ պահանջում եմ այս պահից դադարեցնել քաղաքացիական անհնազանդության առանց բացառության բոլոր գործողությունները, եթե դրանք սաբոտաժ չեն ընդդեմ ժողովրդի վստահությունը վայելող կառավարության, հետեւաբար՝ ընդդեմ ժողովրդի», Ֆեյսբուքում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նրա խոսքով՝ ժողովրդի վստահությունը վայելող կառավարության դեմ քաղաքացիական անհնազանդության ակցիաներ իրականացնելը նշանակում է քաղաքացիական անհնազանդության ակցիաներ իրականացնել ինքներդ ձեր դեմ կամ իրականացնել սաբոտաժի գործողություններ:

Ներկայում Հայաստանում բողոքի մի քանի ակցիա է տեղի ունենում: Դրանց մի մասը կապված է բնապահպանական խնդիրների ու հանքարդյունաբերող ընկերությունների գործունեության, իսկ մյուս մասը՝ Սասնա ծռեր խմբի, Սամվել Բաբայանի եւ այլ անձանց գործերի հետ, որոնց ձերբակալությունները քաղաքական են անվանում:

Այսօր խորհրդարանում քննարկվել է վաղաժամկետ ազատ արձակման կարգում փոփոխություններ անելու հարցը: Կարծիք կա, որ այդ փոփոխությունից հետո ազատազրկվածների մի մասը կարող է ազատ արձակվել: Այլ քայլեր էլ են ձեռնարկվում, որոնք թույլ կտան իրավական մեթոդներով ազատ արձակել մարդկանց:

Սակայն ձերբակալվածների պաշտպանության ակցիաներն ու հզոր թրոլինգը համացանցում շարունակվում են:

Մինչեւ այժմ Փաշինյանը փորձում էր հետեւել ազգային համաձայնության սկզբունքին, անգամ Հանրապետկան կուսակցության հետ՝ շարունակելով առանց ցնցումների հեղափոխության քաղաքականությունը: Հեղափոխության ընթացքում, ի հեճուկս սպասումների, ոչ ոքի չեն ձերբակալել, կուլակաթափ չեն արել ու լինչի դատաստանի չեն ենթարկել: Անգամ հեռացումներն ընդգծված հարգալից են, որ ցնցումներ ու ավելորդ լարվածություն չլինի:

Ո՞վ է շահագրգռված նոր կառավարությանը սաբոտաժ անելու հարցում: Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը սաբոտաժի մասին նախազգուշացո՞ւմ է այդ ուժերին: Եթե Փաշինյանը սկսի անուններ տալ, ապա դա այդ ուժերի համար մեծ մինուս կլինի նախընտրական արշավի ժամանակ:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache