Լրահոս

Սադրանք սահմանին. Հայաստանին չես խաբի

 

Հայաստանը դեմքով լավ գիտի իր թշնամիներին: Անցած շաբաթ ամերիկյան Միչիգան նահանգը ճանաչել է Արցախի անկախությունը: Միաժամանակ ԱՄՆ Սենատում նախագիծ է ներկայացվել, որով կոչ է արվում Ադրբեջանի ղեկավարության նկատմամբ կիրառել Մագնիտսկու ակտը, այսինքն՝ սառեցնել հաշիվներն ու սահմանափակել մուտքը:Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թյորբորն Յագլանդը խիստ քննադատել է Ալիեւի վարչակարգին՝ հայտարարելով, որ բանտերից ազատ արձակված քաղբանտարկյալներին ստիպում են խոնարհվել Ալիեւի հուշարձանի առաջ:

Անցած շաբաթ Հայաստանում էր Մեծ Բրիտանիայի Եվրոպայի եւ Ամերիկաների հարցերով պետական նախարարը, որը Հայաստանին առեւտրային եւ ներդրումային լայն համագործակցություն է առաջարկել: Ժամանել էին նաեւ ամերիկացի կոնգրեսականները, որոնք կողմ էին քվեարկել Արցախին ուղիղ օգնություն տրամադրելուն, ինչպես նաեւ Ադրբեջանի դեմ պատժամիջոցներին: Երեւանում Լեհաստանի ԱԳ փոխնախարարն առաջարկել է համատեղ ռազմական ձեռնարկություններ ստեղծել ՆԱՏՕ-ի նորագույն տեխնոլոգիաների օգտագործմամբ: ԵՄ ընդլայնման եւ հարեւանության հարցերով հանձնակատարը հաստատել է Հայաստանի հետ համագործակցությունը խորացնելու եւ Հայաստանն տրանսեվրոպական տրանսպորտային ցանցին միացնելու մտադրությունը:Սակայն Հայաստանին այդ առաջարկներով չես խաբի ու գայթակղի: Հայաստանը ոչ բոլորի խոսքին է հավատում: Առավել եւս, ԱՄՆ-ի, որը սկսել է կիրառել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրենքը:ԱՄՆ Կոնգրեսում Ադրբեջանի դեմ ներկայացված բանաձեւի նախագիծը կարող է ճնշում գործադրելու կամ էլ քաղաքական շանտաժի փորձ լինել, հայտարարել է «Ծառուկյան» դաշինքից պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Նա նշել է, որ ԱՄՆ-ն ու Եվրոպան վաղուց գիտեին Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների մասին, սակայն լուրջ գործողություններ չեն ձեռնարկել կանխելու համար:

Մի խոսքով, ԱՄՆ-ն ցանկանում է պատժել Ադրբեջանին, թող պատժի, Երեւանը սադրանքի չի տրվի: Հիմա Հայաստանը չունի դրա ժամանակը: Այ, հոկտեմբերի 24-ին Երեւանում կայանալու է ԵՏՄ վարչապետների խորհրդի նիստը, որին մասնակցելու է Մեդվեդեւը: Նախքան նրա գալն ամեն ինչ պետք է փայլեցվի: Ռեւիզորներն արդեն եկել են, ամեն ինչ ստուգել ու գնացել:Սկզբում կրթության նախարար Վասիլեւան էր: Նա ստուգեց, թե ինչպես է Հայաստանի կրթության նախարարությունը ռուսերենի զարգացման ու տարածման համար առանձին հայեցակարգ ընդունում: Պարզվում է, այն օտար լեզու է, սակայն ոչ անգլերենի ու գերմաներենի պես: Ռուսաստանը «մայրենի» օտար է եւ այն պետք է խորացված ուսումնասիրել:Հետո եկավ առողջապահության նախարարը, ով խոստացավ Ռուսաստանում հայ միգրանտներին ապահովագրություն տալ:

Հետո Հայաստանում կայացավ հիբրիդային պատերազմներից պաշտպանության մասին ռուս-հայկական համաժողով: Հայ մասնակիցներին չէին բացատրել, որ դա պարզապես համաժողով չէ, այլ հիբրիդային պատերազմի «ակնառու դաս»:Դրա հետ միասին Հայաստանում մերժեցին ԵՏՄ-ից դուրս գալու հարցով հանձնաժողով ստեղծելու Ելքի առաջարկը՝ այդպես էլ փաստարկներ չներկայացնելով: Մերժեցին ու վերջ:Կայացել է նաեւ ՀՀ եւ Ռուսաստանի արտաքին հարաբերությունների խորհրդարանական հանձնաժողովների նիստը:

Մոսկվան ստացել է Հայաստանի ստորագրությունը համատեղ հայտարարության տակ. «Կողմերն ընդգծել են մոտ կամ համընկնող դիրքորոշումների առկայությունը մասնավորապես այն հարցերի շուրջ, որոնք վերաբերում են աշխարհակարգի ձեւավորման խնդիրներին՝ հիմնված բազմաբեւեռության եւ միջազգային ինստիտուտների ամրապնդման, միջազգային իրավունքի համընդհանուր ճանաչում ունեցող սկզբունքների եւ նորմերի վրա»: Նշվում է նաեւ, որ «կողմերը հայտնել են իրենց աջակցությունը ՀԱՊԿ շրջանակում համատեղ ջանքերին՝ ուղղված Հարավային Կովկասում կայունության եւ խաղաղ զարգացման ապահովմանը»:Ռուս սահմանապահներն սկսել են սահմանախախտների որսալ: Այսօր անգամ երկու ձկնորսի են բռնել:

Մնացել է մինչեւ Մեդվեդեւի գալն ապացուցել, որ առանց 102-րդ ռուսական բազայի Հայաստանը չի կարող գոյատեւել: Ճիշտ է, դրա համար հարկ կլինի սադրանք կազմակերպել Գյումրիում կամ էլ սահմանին: Նպատակն արդարացնում է միջոցները:Վիգեն Սարգսյանն արդեն հայտարարել է, որ Ռուսաստանը մնում է Հայաստանին զենքի գլխավոր մատակարարը, իսկ ֆինանսների նախարարությունը զգուշացրել է, որ զենք գնելու համար նոր վարկի շուրջ բանակցություններ են սկսվել:Ամերիկա՞նո, թե՞ ռուսիանո, ասել էր ՀՀ վարչապետը Մեդվեդեւին:

 


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

hing.am

hing.am