Սադրանքի հիման վրա, զրպարտությամբ պատրաստվում են Երրորդ համաշխարհայինի բոցը տալ

0

Այսօր սենսացիոն բացահայտմամբ է հանդես եկել Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչը:
Սակայն, մինչ դրան անդրադառնալը, նշենք, որ ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչը տվել է այդ երկիր քիմիական զենքի մատակարարման պատասխանատուների անունները: Սիրիայում ընթացող հակամարտության ընթացքում կիրառված թունավոր նյութերն անօրինականորեն երկիր են մտցվել Լիբիայից Մեծ Բրիտանիայի, Սաուդյան Արաբիայի, ԱՄՆ-ի, Թուրքիայի և Ֆրանսիայի համագործակցությամբ, իսկ այդ գործողությունը համակարգել է ոմն Խայսամ ալ-Կասսար: ТАСС-ի փոխանցմամբ, լրագրողներին երեկ այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչ Բաշար Ջաաֆարին:

«Ահաբեկիչներն այդ նյութերը Լիբիայից ստացել են երկար ժամանակ առաջ, լիբիական պահուստներից (քիմիական զենքի),- ասել է դիվանագետը:- Այդ գործողությունն իրականացվել է թուրքական, սաուդյան, ամերիկյան և ֆրանսիական հետախուզության աջակցությամբ: Նրանք այդ քիմիկատները տեղափոխել են Լիբիայից Ստամբուլ քաղաքացիական ինքնաթիռով, իսկ այն մարդուն, որը պատասխանատու է եղել այդ նյութերի տեղափոխման համար, անվանել են Խայսամ ալ-Կասսար»:
Բաշար Ջաաֆարին ընդգծել է, որ Սիրիայի իշխանությունները «1001 անգամ, բառացի ինչպես «Հազար ու մի գիշերում», հերքել են որևէ քիմիական նյութի կիրառումը սեփական ժողովրդի դեմ»:
«Մենք ներկայացրել ենք այդ հաշվով բոլոր փաստարկները,- նշել է դիվանագետը:- Եկել է ժամանակը մարսելու, ինչ ենք մենք ասել»:
Իսկ ի՞նչ է կատարվել Դումայում անցած շաբաթ օրը, նախկինում ահաբեկիչների կողմից Սիրիա բերված այդ թունավոր նյութե՞րն են կիրառվել նրանց կողմից` դրա մեղքը Սիրիայի բանակի և իշխանությունների վրա գցելու և նրանց հարվածի տակ դնելու նպատակով, թե ընդհանրապես քիմիական հարձակում չի եղել, այլ եղել է սադրանք` բեմականացված միջոցառում` քիմիական զենքի կիրառման երևութականություն ստեղծելու նպատակով:
Ինչպես արդեն հայտնի է, Դամասկոսի հարևանությամբ գտնվող Արևելյան Ղութայում գտնվող Դումա քաղաքում ապրիլի 7-ին քիմիական զենքի կիրառման մասին հայտարարել են մի շարք ոչ կառավարական կազմակերպություններ, նրանց թվում նաև` «Սպիտակ սաղավարտներ» կոչված կազմակերպությունը: Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ «Սպիտակ սաղավարտները» տեղեկատվության արժանահավատ աղբյուր չի հանդիսանում և տարածում է շինծու տեղեկատվություն:

Մոսկվան ունի անհերքելի տվյալներ այն մասին, որ սիրիական Դումայում ենթադրյալ քիմիական հարձակումը եղել է բեմադրություն արտասահմանյան հատուկ ծառայությունների մասնակցությամբ: «РИА Новости»-ի տեղեկացմամբ, այսօր այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:
«Մենք ունենք անհերքելի տվյալներ այն մասին, որ դա հերթական բեմականացումն է և այդ բեմականացմանը կցված են հատուկ ծառայության ձեռքերը մի պետության, որն այժմ պատռվում է ռուսատյացության առաջին շարքերում լինելու համար»,- ասել է Լավրովը:

Քիմիական սպառազինության արգելման կազմակերպությունն իր քննիչներին արդեն ուղարկել է Դումայում քիմիական զենքի ենթադրյալ կիրառման վայր, սպասվում է, որ նրանք այնտեղ վաղվանից աշխատանքի կանցնեն:
«Նրանք պետք է ժամանեին Դամասկոս, կարծում եմ, վաղն առավոտյան, և մենք ակնկսլում ենք, որ նրանք առանց հապաղման կգնան Դումա, որտեղ քիմիական զենքի` քլորի կամ ինչ ուզում է լինի, կիրառման որևէ հաստատում մեր մասնագետները, որոնք հետազոտել են այդ տարածքը, չեն հայտնաբերել»,- ասել է Սերգեյ Լավրովը:
ՌԴ արտգործնախարարի ասածից հասկանալի էր, որ խոսքը, ամենայն հավանականությամբ, Մեծ Բրիտանիայի մասին է: Քիչ անց այս ենթադրությունը հաստատվեց Ռուսաստանի պաշտպանության նախարարության կողմից, որը Լոնդոնին ուղղակի մեղադրեց Դումայում իբր քիմիական զենքի կիրառման սադրանք բեմականացնելու մեջ: Ռուսաստանի պաշտպանության գերատեսչությունը գտել է այն բեմադրական տեսանյութի նկարահանման սիրիացի մասնակիցներին, որոնք պատմել են, թե ինչ է կատարվել իրականում: ՌԴ ՊՆ տիրապետում է Դումայում իբր քիմիական հարձակման վերոնշյալ սադրանքի կազմակերպման մեջ Մեծ Բրիտանիայի անմիջական մասնակցության ապացույցի: Լրագրողներին այսօր այս մասին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը:
«Այսօր ռուսական ռազմական գերատեսչության տրամադրության տակ կան նաև այլ ապացույցներ, որոնք վկայում են Արևելյան Ղութայում այդ սադրանքի կազմակերպման մեջ Մեծ Բրիտանիայի անմիջական մասնակցությունը»,- ասել է Իգոր Կոնաշենկովը:
Գեներալը պարզաբանել է, որ ապրիլի 3-6-ը «Սպիտակ սաղավարտների» վրա գործադրվել է «հզոր ճնշում հենց Լոնդոնից` նախապես պատրաստված սադրանքի շուտափույթ իրականացման համար»: «Սպիտակ սաղավարտներին» հայտնվել է, որ հենց ապրիլի 3-6-ը «Ջեյշ ալ-Իսլամ»-ի զինյալներն իրականացնելու են Դամասկոսին ուղղված հզոր հրետակոծությունների շարք, ինչը հարուցելու է կառավարական զորքերի պատասխան քայլը, որը սպիտակսաղավարտավորները պետք է օգտագործեն իբր քիմիական զենքով սադրանքի իրականացման համար:
Կոնաշենկովը նշել է, որ պաշտպանության նախարարության կողմից հարցված բեմադրական նկարահանման սիրիացի մասնակիցները չեն թաքցրել իրենց անունները, երկուսն էլ ունեն բժշկական կրթություն և աշխատում են Դումայի հիվանդանոցի շտապ օգնության բաժանմունքում: Նրանց խոսքերով, բեմականացման ժամանակ հիվանդանոց տեղափոխված բոլոր տուժածների մոտ թունավոր նյութերով թունավորվածության ոչ մի նշան չի եղել:
 «Նրանց առաջին բժշկական օգնություն ցույց տալու ժամանակ հոսպիտալի տարածք են վազել անհայտ մարդիկ,- սիրիացիների խոսքերն է վերապատմել գեներալը:- Նրանցից ոմանք եղել են տեսախցիկներով: Այդ մարդիկ սկսել են բղավել, տագնապ հարուցել և բոլորին խողովակից ջրով ողողել, աղաղակել, որ տարածքում բոլոր գտնվողներն ախտահարված են թունավոր նյութերով»:
«Շտապ օգնության բաժանմունքում գտնվող պացիենտները և նրանց հարազատները խուճապի մեջ սկսել են մեկը մյուսին ջրով ողողել,- հավելել է նա:- Դրանից հետո, երբ այդ ամենը նկարահանվել է տեսախցիկներով, անհայտ անձինք արագ հեռացել են»:
Կոնաշենկովի խոսքերով, քաղաքակիրթ աշխարհում այսպիսի փաստերը հանդիսանում են ապացույցներ: Նա հիշեցրել է, որ Ռուսաստանը նախկինում բոլոր մակարդակներում բազմիցս զգուշացրել է Արևելյան Ղութայում խաղաղ բնակչության դեմ իբր քիմիական զենքի կիրառմամբ  ու զինյալների կողմից նախապատրաստվող սադրանքի մասին:
Կարճ ասած, սադրիչները շտապ օգնության բաժանմունքում մի լավ «վարդևոր» են կազմակերպել, որից հետո ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան Սիրիայի և Ռուսաստանի դեմ այդ սադրանքի հիման վրա շինծու մեղադրանքով, զրպարտությամբ պատրաստվում էին կամ գուցե հիմա էլ, չնայած վերոնշյալ բացահայտմանը, պատրաստվում են, ուր որ է, Երրորդ համաշխարհայինի բոցը տալ: Հիմա, երբ ՌԴ ՊՆ-ի տրամադրության տակ իրականության մասին պատմող համապատասխան տեսանյութ և, որպես ապացույց, նաև այլ փաստեր կան, ԱՄՆ նախագահը ի՞նչ է անելու` հերյուրանքների հիման վրա նույնիսկ Ռուսաստանին հրթիռներով սպառնալու համար ամաչելո՞ւ է, հասկանալո՞ւ է, թե ինչպես է խայտառակվել ինքը (եթե չասենք` քաղաքական դիակ դարձել) թեկուզ միայն նրա համար, որ Մեծ Բրիտանիայի սադրանքով պատրաստվում էր աշխարհն իրար խառնել, ներողությո՞ւն է խնդրելու այդ ամենի համար, ամերիկյան զորքերը Սիրիայից դո՞ւրս է բերելու, թե դարձյալ շարունակելու է հոգեպես անհավասարակշիռ մոլագարի նման հրթիռներով սպառնալ Սիրիային և Ռուսաստանին…
Թրամփը կամ ի՞նքն է տրամաբանությունից զուրկ, կամ աշխարհին է տրամաբանությունից զուրկ հիմարի տեղ դրել: Դատեք ինքներդ. ըստ Արևմուտքի, Դումայում անցած շաբաթ օրվա քիմիական հարձակման հետևանքով շուրջ 60 մարդ է զոհվել, խաղաղ բնակիչներ, մեծամասամբ` կանայք, երեխաներ: Ի՞նչ էր տալու Ասադին կամ Սիրիայի բանակին ընդամենը 60 մարդու, այն էլ խաղաղ բնակչության սպանությունը, երբ Դումա քաղաքը գրեթե արդեն գրավված էր (ընդամենը 3-4 օրից այն գրավվեց): Ի՞նչ է` Սիրիայի բանակը թեկուզ 60, 120 կամ 180 ահաբեկչի (եթե համարենք, որ Սիրիայի բանակի թիրախը նրանք են եղել, և խաղաղ բնակիչները սպանվել են սխալ թիրախին հասցված հարվածի հետևանքով) ոչնչացնելու այլ միջոց չունե՞ր, որ քիմիական զենքից օգտվեր` այն դեպքում, երբ ԱՄՆ-ի կողմից մինչ այդ բազմիցս զգուշացված էր, որ քիմիական զենքի կիրառման դեպքում Միացյալ Նահանգների կողմից հրթիռային հարվածով խստորեն պատժվելու է: Ասադը, նրա բանակի գեներալները, մյուս սպաները հո խելագար չե՞ն, որ այդպես վարվեին: Սիրիայի իշխանություններին քիմիական զենքի կիրառում վերագրելը մի խայտառակ բեմականացում է, որի հիման վրա ԱՄՆ-ը իր որոշ դաշնակիցների հետ ցանկանում է ռազմական ծայրահեղ վտանգավոր (Երրորդ համաշխարհային և միջուկային պատերազմի սկսման իրական վտանգ պարունակող) արկածախնդրության գնալ:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache