Լրահոս

Սահմանի ողջ երկայնքով լարված իրավիճակ է, կրակում են ականանետով. Վահան Բադասյան

 

sahman-584x375

Ղարաբաղա-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով լարված իրավիճակ է, կրակում են ականանետով: Այս մասին Araratnews.am-ին փոխանցեց ԼՂ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, ազատամարտիկ Վահան Բադասյանը:
«Հարցրեք նախագահից՝ գերագույն գլխավոր հրամանատարից, նախարարից: Ես գիտեմ, որ խփում են` լարվածություն առաջացնելու համար: Նրանք ձեռք են բերել առավելություն (նկատի ունի ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ կորցրած 800 հեկտարը.- խմբ.), իսկ մեր կողմը չի զբաղվում նրանով, որ հավասարակշռությունը վերականգնվի»,- նշեց Բադասյանը:
Հիշեցնենք՝ երեկ հայտնի դարձավ, որ նոյեմբերի 30-ին սահմանին լարված իրավիճակ է եղել, որի հետևանքով հայկական կողմից վիրավորվել են երկու պայմանագրային զինծառայողներ: Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակը, սակայն, այդ մասին որևէ տեղեկատվություն չէր հրապարակել, ավելին՝ Հայաստանի ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը պնդում է, թե նախարարությունը վիրավորների մասին պաշտոնական տեղեկատվություն չի տրամադրում:
«Պաշտպանության նախարարությունը թաղման բյուրո՞ է, որ միայն զոհերի մասին հրապարակի»,- մեզ հետ զրույցում նախարարի խոսնակին հակադարձեց Արցախի ազատամարտիկը:
«Երեկ՝ այդ լարված պահին, Արծրուն Հովհաննիսյանը «պրովոկատոր» է անվանում նրանց, ովքեր այդ մասին բարձրաձայնում են: Իսկական պրովոկատորը հենց ինքն է: Սահմանին ինչ կատարվում է` մենք իմանում ենք րոպեներ հետո: Առնվազն Հայաստանի կեսը հեռախոսազանգերով եւ համացանցով իմանում է, թե ինչ է կատարվում»,- շարունակեց Բադասյանը՝ հավելելով, որ չլուսաբանելը եւ տեղյակ չպահելը հանրության խոր մտահոգության տեղիք են տալիս, թե ինչ նպատակ է հետապնդում թաքցնելը:
Բացի այդ, Բադասյանի կարծիքով` տեղեկատվության սահմանափակումը ադրբեջանական կայքեր ավելի հաճախ մտնելու պատճառ կդառնա:
«Մինչև հիմա ոչ մի տարաձայնություն չի եղել սահմանին տեղի ունեցող դեպքերի եւ դրանց լուսաբանման միջև, հիմա դա էլ են տրորել, չգիտեմ՝ Արծրուն Հովհաննիսյա՞նն է տրորել, թե՞ նախարարը: Երբ Սեյրան Օհանյանն էր նախարար, Արծրուն Հովհաննիսյանը նման ղալաթներ չէր անում»,- նշեց մեր զրուցակիցը:
Արցախի ՊԲ մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը մեզ հետ զրույցում հորդորեց ծանոթանալ այսօր առավոտյան հրապարակած պաշտոնական հաղորդագրությանը:
«Բանակում լինում են միջադեպեր, որոնց հանրային հնչեղություն տալու անհրաժեշտություն չենք տեսնում՝ պայմանավորված զուտ ռազմական հանգամանքով»,- հավելեց ՊԲ խոսնակը:
Տեղեկացնենք, որ այսօր առավոտյան ՊԲ-ն հաղորդել էր, որ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի գրեթե բոլոր ուղղություններով հակառակորդը շարունակել է խախտել հրադադարի պահպանման ռեժիմը: Առավել ինտենսիվ խախտումներ են արձանագրվել առաջնագծի արևելյան հատվածում, որտեղ, բացի տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից (շուրջ 1400 կրակոց), հակառակորդը կիրառել է նաև 60 և 82 մմ-ոց ականանետներ (9 արկ) և հաստոցավոր ավտոմատ նռնականետ (1 արկ): Ընդհանուր առմամբ նշված ժամանակահատվածում ադրբեջանական կողմը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է մոտ 125 անգամ` հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով ավելի քան 2000 կրակոց:
– See more at: http://araratnews.am/sahmani-oghj-erkaynkhov-larvatc-iravitchak-e-krakum-en-akananetov-vahan-badasyan/#sthash.ynHSejKC.dpuf


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing