good-banner
Լրահոս

Սահմանվել է օլիգարխիայի փրկագինը

 

iskander-m

lragir.am-ը գրում է. Արցախի դեմ քառօրյա պատերազմի հայկական զոհերի թիվը հասնում է 7 տասնյակի: Արցախի ու Հայաստանի անվտանգության համար զոհված հերոսների ընտանիքների ճնշող մեծամասնությունն ապրում է սոցիալապես անմխիթար պայմաններում, ահավոր պայմաններում: Իսկ նրանց հայրերը, որդիներն ու եղբայրներն անվտանգության համար զոհաբերում են իրենց կյանքը, պետության համար վտանգի տակ են դնում իրենց կյանքը: Բայց եթե պետության թիկունքում նրանց ընտանիքները քաղցած են, հարց է առաջանում՝ ու՞մ անվտանգությունն են նրանք պահպանում, ովքե՞ր են նույնականացվում նրանց զոհաբերությանը:
Այդ հարցի պատասխանն ակնհայտ է՝ օլիգարխիան, Հայաստանում իշխանության եկած ու հանրային ռեսուրսները յուրացրած օլիգարխիան: Արցախի քառօրյա պատերազմը բացահայտեց էլ ավելի սարսափելի մի պատկեր: Ակնհայտ դարձավ, որ այդ օլիգարխիան անապահով է թողել ոչ միայն զինվորի ընտանիքը թիկունքում, այլ նաեւ զինվորին՝ ճակատում:
Ակնհայտ է դարձել, անգամ իշխանության խոստովանության անխուսափելիության աստիճան, որ անցնող տարիների ընթացքում պատերազմի մեջ գտնվող, անընդհատ սպառազինվող հակառակորդի դիմաց կանգնած բանակը չի համալրվել անհրաժեշտ արդիական ռազմատեխնիկայով, չի ապահովվել տեխնիկական անհրաժեշտ հագեցածությամբ: Եթե այդ ամենը լիներ անհրաժեշտ մակարդակի, ապա ամենայն հավանականությամբ Ադրբեջանը չէր համարձակվի շարժվել տեղից, իսկ եթե շարժվեր, ապա հետ կմղվեր առավել արդյունավետ եւ նվազագույն կորուստներով:
Ներկայում, առանցքային խնդիր է դարձել այդ բացը շատ արագ լրացնելը, ինչը ունի թե ռազմական, թե քաղաքական ահռելի նշանակություն: Այդ նպատակով կատարվում է հանգանակություն՝ Արցախի կառավարության նախաձեռնությամբ: Ինքնին փաստը, որ հանգանակությունը կազմակերպվել է Արցախի կառավարության մակարդակով, արդեն իսկ կարեւոր քաղաքական քայլ է Արցախի սուբյեկտային պատասխանատվության տեսանկյունից, ընդ որում թե միջազգային հարթության, թե հայկական ինքնագիտակցության մակարդակում ընկալման տեսանկյունից:
Հաջորդ քայլն այդ սուբյեկտության ռազմա-տեխնիկական բաղադրիչի արագ հագեցումն ու արդիականացումն է: Դա ոչ միայն ռազմական ռեսուրս է լինելու, Ադրբեջանին զսպող գործոն, այլ նաեւ հայկական կողմի դիվանագիտական հաղթաթուղթ հետագա գործընթացում:
Տեղեկություն է հրապարակվել, որ անցած օրերի ընթացքում հանգանակվել է մոտ 3 միլիոն դոլար: Այս թիվը մի կողմից շատ մեծ է, մյուս կողմից այն ընդամենը միջին վիճակագրական հայաստանցի բարձրաստիճան պաշտոնյայի անձնական ունեցվածքի մի փոքր տոկոս է:
3 միլիոնը մեծ է, որովհետեւ այն հավաքում է մեծ հաշվով ժողովուրդը՝ իր տարբեր սոցիալական շերտերի տեսակարար կշռով: Եթե այդ հանգանակությանը մասնակցել են նաեւ օլիգարխներ, ապա նրանց մասնակցությունը խիստ ցածր է, որովհետեւ 3 միլիոնը երեւի թե պետք է լիներ միջինը մեկ, երկու կամ երեք օլիգարխի հանգանակած փող:
Դրա համար բավական է ընդամենը տեսնել, թե ինչպես են նրանք ապրում Հայաստանում, պատկերացնելու համար, որ 3 միլիոնը նրանցից յուրաքանչյուրի համար ընդամենը անձնական շքեղ ծախս է, ոչ ավելի:
Հայկական օլիգարխիան արդեն պետք է հանգանակած լիներ առնվազն 30 միլիոն դոլար: Զարմանալ պետք չէ, բացեք հայ պաշտոնյաների, նրանց կանանաց գույքի եւ եկամուտների հայտարարագրերը ու պարզ կլինի, որ 30 միլիոնը առնվազն նվազագույնն է նրանց համար: Եվ եթե այդ 30 միլիոնը չի տրվում, չի հանգանակվում մի քանի օրերի ընթացքում, ապա ինքնաբերաբար արժեզրկվում ու վերածվում է 30 արծաթի, որով հայկական պաշտոնեական օլիգարխիան վաճառում է հայ զինվորի կյանքն ու պետության անվտանգությունը:
Ներկայում յուրաքանչյուր հայ բարձրաստիճան պաշտոնյայի առաջ դրված է խնդիրը՝ ապահովել առնվազն 30 միլիոնի արագ հանգանակությունը, հետագայում այն շարունակելու աներկբա պայմանով, կամ բացահայտորեն հայտնվել հայ զինվորի կյանքը եւ պետության անվտանգությունը 30 արծաթով վաճառած լինելու հանցանքի գոտում:
30 միլիոն հայկական բանակի առնվազն առաջնագիծը հնարավորինս արագ արդիական տեխնիկայով հագեցնելու համար, հետագայում առավել ռազմավարական խնդիրների ֆինանսական կողմն ապահովելու շարունակվող ջանքով:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն օրերս հայտարարել էր, թե բանակը կստանա ինչքան փող պետք է: Վարչապետը դա հայտարարում է այնպես, կարծես լավություն կամ մեծահոգություն է անում բանակի հասցեին: Բայց, 30 միլիոնը չպետք է լինի պետական փող: Պետական փողը հանրության փողն է, որը հասարակությունը տալիս է բանակին:
30 միլիոնը պետք է լինի օլիգարխիայի անձնական փողը, որ գոյացել է մենաշնորհների եւ իշխանության յուրացման շնորհիվ: Ու 30 միլիոնը պետք է լինի կանխավճար՝ հետագայում հանգանակության իրավունքը պահելու համար, որը հայկական օլիգարխիայի համար պետք է հավասար լինի փրկագնի կամ գրավի, ազատության եւ անվտանգության համար: Այսինքն, դա օգնություն չէ բանակին, առաջնագծում կանգնած զինվորին՝ դա նրան ունեցած պարտքն է, որ պետք է վերադարձվի, թե անցյալի, թե ապագայի համար:
ՀՀԿ-ական պատգամավոր Վահրամ Բաղդասարյանը, Վարդան Այվազյանը, այլ պատգամավորներ խոսում են, թե պետք է գնալ պետական ծախսերի օպտիմալացման՝ հանուն բանակի, պատժել գանձագողերին: Իհարկե պետք է գնալ, բայց դա չի կարող լինել նրանցից յուրաքանչյուրի անձնական ներդրումը, քանի որ պետական փողը հանրության փողն է, իսկ իրենք՝ ընդամենը պետական ծառայող կառավարիչները:
Նրանք անձնական պարտք ունեն զինվորին, պետությանը: Հետեւաբար պետք է վճարեն անձնական պարտքը: Ընդ որում, ոչ միայն ֆինանսական, այլ նաեւ բարոյահոգեբանական՝ զինապարտության ենթակա բոլոր պաշտոնյաների որդիները պետք է լինեն պաշտպանական գոտում ծառայության մեջ, շարքային զինծառայողին հավասար, ինչպես զոհված 7 տասնյակ զինվորներն ու սպաներն էին:
Բանակը, առաջնագծում կանգնած զինվորը օգնություն չի սպասում՝ նա պահանջում է այն, ինչ պարտք են իրեն: Օլիգարխիային նորակառույց եկեղեցիներով «թողություն» տվողն այլեւս Հայ առաքելական եկեղեցապետությունը չէ՝ իր բարձրաստիճանների անձնական ունեցվածքով եւ բիզնեսներով հանդերձ: Օլիգարխիային թողություն տվողն այլեւս հայ զինվորն է՝ արդիական զինատեսակների մատակարարման համար անհապաղ անձնական հանգանակության դիմաց:
Հակառակ դեպքում, անցնող տարիների անտարբերության եւ անձնական անպատասխանատվության շարունակության պարագայում, անպատասխանատու յուրաքանչյուր օլիգարխի զինվորը լիովին կարող է գահատել որպես թիկունք ներթափանցած դիվերսանտ:

Загрузка...

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...