Սահմռկեցուցիչ փաստեր են բացահայտվում

482

lragir.am — «Մանվել Գրիգորյանի ձերբակալությունը կապված է այն կասկածների հետ, որ նա մասնակցություն ունի եւ կոնկրետ ներգրավված է եղել ապրիլյան պատերազմի համար ուղարկված, հավաքված օգնությունները յուրացնելու եւ գողանալու հետ:

Մանվել Գրիգորյանը դպրոցականների կողմից ուղարկված սնունդը յուրացրել է եւ դրանով կերակրել է իր կենդանիներին` արջերին եւ վագրերին: Եվ հիմնավոր կասկածներ կան, որ նա յուրացրել է Ղարաբաղի ժողովրդին ուղարկված օգնությունները, բանակին ուղարկված օգնությունները եւ այս կասկածները հիմնավորվում են նրա առանձնատանը կատարված խուզարկությունների արդյունքներում», Ֆեյսբուքի ուղիղ եթերում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Գեներալի կենդանիների ուտելիքի պահեստարանում հայտնաբերվել են նաեւ դպրոցականների նամակները զինվորներին, ովքեր ապրիլյան պատերազմում մարտնչում էին Հայաստանի ու Արցախի, հայ ժողովրդի համար, կրելով զրկանքներ ու վտանգելով իրենց կյանքը:

Նիկոլ Փաշինյանը հրապարակեց ձերբակալության որոշ հանգամանքներ, փաստեր, այն պահին, երբ դատարանը քննում է Մանվել Գրիգորյանի փաստաբանի բողոքը, ՀՀԿ-ն հայտարարում է, թե Արցախի հերոսի ձերբակալությունը հակասահմանադրական է, իսկ գեներալի կողմնակիցները բողոքի ցույցեր են անցկացնում ԱԱԾ-ի ու դատարանի շենքի առաջ:

Քանի որ ապրիլյան պատերազմի վերաբերյալ փաստեր են հրապարակվում, արժե նշել մի շարք հանգամանքներ գեներալի ու նրա շրջապատի մասին, ովքեր այդ ժամանակ մեկնել էին Արցախ:

Օրինակ, Թալիշ գյուղը ապրիլյան պատերազմի ժամանակ, ադրբեջանական բանակի հարձակումից հետո, ըստ այդ շրջանի հրամանատարների տեղեկությունների, ասպատակվել է նաեւ երկրապահների կողմից, ովքեր լքված գյուղի տներից տարել են այն ամենը, ինչ հնարավոր է:

Մեկ այլ փաստ. Երկրապահները ապրիլյան ռազմական գործողությունների թեժ շրջանում, երբ հարավային ճակատում բոլոր սպաները գտնվում էին առաջնագծում, մտել են նրանց տները ու թալանել, Ջեբրայիլում եւ այլ վայրերում:

Այս ամենն առանց նրանց առաջնորդ Մանվել Գրիգորյանի չէր արվում: Ինքը գեներալը միայն հարավային հատվածում բանակի ստացած մի քանի ռազմական Ուազ մեքենաներ է յուրացրել:

Նիկոլ Փաշինյանն ասում է, թե Մանվել Գրիգորյանի Արցախի հերոս լինելու հանգամանքը, ասել է թե վաստակը պատերազմում, կասկածի տակ չի դրվում: Շատ շուտով նաեւ կլինեն այդ ուղղությամբ բացահայտումներ: Միայն ասենք, որ նա Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ թալանել է հարավային հատվածի հայ բնակչությանը:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache