Սամվել Ալեքսանյանը չի հասկացել տեղի ունեցածը

288

1in.am — Ազգային անվտանգության ծառայությունը գործողություններ է իրականացնում պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող առևտրային օբյեկտներում, ինչպես հայտարարել է ՊԵԿ նախագահի տեղակալ Ռաֆիկ Մաշադյանը: Դիմակավորված ստորաբաժանումների գործողության մասին տեղեկությունը հրապարակվել էր մամուլում: Նախօրեին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ «վենդետաների» բացակայության մասին իրենց հայտարարությունները շատերն ընկալում են թուլության նշան, ընկնելով թյուրիմացության մեջ: Փաշինյանը հայտարարել էր, որ պետության նկատմամբ պարտավորություն չկատարողները իրենց վրա կզգան իրավապահների ու թավշյա հեղափոխության ուժը: ԱԱԾ ղեկավար Արթուր Վանեցյանն էլ մայիսի 28-ին հայտարարել էր, որ շուտով կլինեն նոր բացահայտումներ, պետք է մի քիչ համբերել:

Թավշյա հեղափոխության, այսպես ասած՝ իշխանության գալուց կամ առնվազն գործադիր իշխանությունը վերցնելուց հետո Հայաստանում սկսեց հաճախ խոսվել այն մասին, որ թևակոխել ենք հակահեղափոխության վտանգի շրջան: Իրականում, սակայն, Հայաստանը կարծես թե մտել է իրավիճակի թյուրըմբռնման շրջան, ոչ թե հակահեղափոխության: Այդ թվում նաև թյուրըմբռնման հետևանք է հակահեղափոխության վտանգի չափազանցված դիտարկումը: Պարզապես մի շարք շերտեր, տնտեսա-քաղաքական, գերազանցապես նախկին՝ հեռացող համակարգից, չեն հասկացել ու հասկանում, թե ինչ է կատարվել Հայաստանում: Հեղափոխության, այսպես ասած, ագրեսիվ, կոշտ, ֆիզիկական դրսևորումների բացակայությունը շատերին տվել է հիմք կամ ավելի շուտ ստեղծել է պատրանք, մտածելու, կարծելու, որ իրականում այն, ինչ տեղի է ունեցել, ընդամենը ներքաղաքական լոկալ դիմակայություն էր, որն ավարտվել է նոր կառավարության ձևավորումով և այժմ հայտնվել, այսպես ասած, ներիշխանական շահերի ավանդական բախման տիրույթում:

Հեղափոխության ագրեսիվ բնույթի միանգամայն ողջունելի և կարևոր բացակայությունը շատերի համար տվել է խաբկանքի առիթ, նրանց դնելով, կամա թե ակամա, անհարմար ու վտանգավոր դրության մեջ: Դրանց թվում է թերևս Սամվել Ալեքսանյանը, որը կարծել է, որ իր գործն ավարտեց մայիսի 8-ին Նիկոլ Փաշինյանի վարչապետության օգտին քվեարկելով: Ու գուցե նաև այն մյուս գործարար պատգամավորները, որոնք կողմ էին քվեարկել ՀՀԿ խմբակցության որոշմամբ կամ իրենց ընտրությամբ:

Սա իհարկե, առաջին հերթին, մտածողության խնդիր է, որում գերակշռում կամ ուղենշային է բռնությունը որպես բաղադրիչ, կողմնորոշիչ: Եթե չկա բռնություն, եթե չկա ուժի կիրառում, ապա այդ մարդկանցից շատերը կորցնում են վտանգի, իրականության զգացումը: Ըստ այդմ, առաջանում է օբյեկտիվ անհրաժեշտություն նրանց մոտ այդ զգացումը վառ պահելու համար, առավել ևս, որ այժմ կա դրա միանգամայն օրինական և պետական հնարավորությունը՝ ԱԱԾ միջոցով: Պարզապես, հեռացող համակարգի սեգմենտների գերակշռող մեծամասնությունը «տիրապետում» է միայն այդ լեզվին, քանի որ նախկին համակարգային հիերարխիայում «պետական լեզուն» եղել է հենց ուժի դիրքերից խոսակցությունը: Այդ իսկ պատճառով ներկայումս սիրո և համերաշխության համար թերևս պահանջվում է խոսել նաև ուժի դիրքերից, նրանց հետ, ովքեր առայժմ չեն տիրապետում նոր՝ իրավունքի և համաձայնության լեզվին: Նրանց հետ պետք է խոսել «ուժի սինքրոն թարգմանությամբ», մինչև կսովորեն և կսկսեն հասկանալ նոր իրավիճակի լեզուն՝ իրավական և ազատ, մրցակցային պետության լեզուն:




Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache