Սամվել Ալեքսանյանի «ապտակը» Կարեն Կարապետյանին. կպատժ՞ի նրան վարչապետը

 

bezymyannyj

hayeli.am — Վարչապետ Կարեն Կարապետյանի կաբինետը հետաքրքիր վարքագիծ է դրսևորում:Ոտք դնելով կառավարություն՝ նախ Կարեն Կարապետյանը, ապա նրա ամենախոստումնալից կադրը՝ Պետեկամուտների կոմիտեի ղեկավար Վարդան Հարությունյանը խոստացան բնաջնջել Հայաստանի տնտեսության պարանոցը խեղդող օջախները, ազատվել մոնոպոլիստներից, ազատականացնել ընդհանրապես շուկան: Վարչապետի աչքալուսանքից հետո, թե հավասար պայմաններ են ստեղծվելու բոլորի համար ու այսուհետ ով եւ ինչ ցանկանա, կարող է ներկրել, նրանց, ում ճանապարհին խոչընդոտներ ի հայտ կգան, վարչապետը առաջարկեց իրեն կամ օգնականներին ահազանգել: Այդ հայտարարությունից հետո Վարդան Հարությունյանը խոստանավ կարճ ժամանակում բացահայտել ստվերում գտնվողներին և պայքարել կոռուպցիայի դեմ.«Եթե կա ստվեր, պետք է ես տեղն իմանամ, կամ պայքարում ենք կամ չենք պայքարում, ես նախընտրում եմ պայքարել»,- ասաց ԱԺ-ում բյուջեի քննարկմանը ժամանած ՊԵկ նախագահը` հավելելով, որ յուրաքանչյուր հարկային ծառայության պետի հանձնարարելու է գույքագրել իր տարածքի խնդիրները: Ըստ նրա` դրա համար շատ կարճ ժամանակ է պետք: Վարդան Հարությունյանը հայտարարեց, որ նոր խաղի կանոններ է հաստատել համակարգում, և բոլոր այն աշխատակիցները, որոնք չեն կարողանա աշխատել նոր կանոններով, կհեռանան: Իսկ մոնոպոլիաների դեմ պայքարի հարցում Հարությունյանը անհավանական վստահություն էր դրսեւորել.<<Կանեմ՝ կտեսնեք>> ասել էր նա: Հարկ է նշել, որ նոր կառավարության ու վարչապետի նման հայտարարությունները ՀՀԿ-ում ընդունեցին սվիններով: Որովհետեւ տարիներ շարունակ իշխող ՀՀԿ-ականները եւ պատկան մարմինները իրենց պատռում էին, որ Հայաստանում որեւէ շուկա մենաշնորհված չէ ու խաղի նույն կանոններն են գործում բոլորի համար: Տնտեսական մրցակցության նախագահ Արտակ Շաբոյանն էլ ինքնակամ հռչակվել էր իշխանության փաստաբանի դերում ու ամեն առիթով վստահեցնում էր, որ մոնոպոլիստներ մեզանում ի չիք: Շաբոյանը պնդումներ էր անում մինչեւ անգամ հանրահայտ շուկաների մասին՝ ասելով, որ ոչ շաքարավազը, ոչ էլ ասենք բանանը մեկ հոգու մենաշնորհ չէ: Թեպետ իրականում շատերը գիտեն, որ այդ շուկաները լիակատար հանձնված են համապատասխանաբար Սամվել Ալեքսանյանին ու Սերժ Սարգսյանի մտերիմ նախկին ԴԱՀԿ պետ Միհրան Հարությունյանին: Շաբոյանը բոլորովին վերջերս հայտարարեց, որ Հայաստանում մոտ 9 ընկերություն բանանի ներկրմամբ է զբաղված: Այդուհանդեր, Կարեն Կարապետյանի թիմն ու անձամբ ինքը թերեւս սխալ հանեցին Սերժ Սարգսյանին ու նրա թիմակիցներին՝ հայտարարելով հակառակի մասին:Իսկ շաբաթներ առաջ Վարդան Հարությունյանը առանձնակի խանդավառությամբ տեղեկացրեց, որ բանան նոր ներկրող ունենք ու արդեն երկու ավտոմեքենա բանան է ներկրվել, թե ով էր ներկրողը, Հարությունյանը չպարզաբանեց: Իսկ ահա, ՊԵԿ-ն այսօր ահազանգում է բանանի ներկրման խոչընտոդների մասին: Պարզվում է՝ ԵԱՏՄ տարածքից, մասնավորապես ՌԴ-ից բանանի ներկրում իրականացնելու տնտեսվարողի փորձը օրերս որոշ խնդիրների առաջ է կանգնեցրել վերջինիս: Ըստ ՊԵԿ հաղորդագրության՝ պարզվել է, որ տնտեսվարողը պարզեցված մաքսային ընթացակարգերով հատել է սահմանը, սակայն խոչընդոտների է հանդիպել արդեն հանրապետության տարածքում, որոնց կարգավորման հարցով ներկրողը դիմել է Պետական եկամուտների կոմիտե: <<Օպերատիվ հետախուզության և Ներքին անվտանգության վարչություններում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ անհայտ անձինք փորձում են խոչընդոտել բանանի ներկրման գործընթացը: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում, օրենքի շրջանակում, տնտեսվարողը ստացել է աջակցություն և հաջողությամբ իրականացրել ներկրումը: Հաշվի առնելով միջադեպը՝ Պետական եկամուտների կոմիտեն խստագույնս նախազգուշացնում է զերծ մնալ բիզնեսի բնականոն գործունեությանը խոչընդոտելու մտադրություններից, միաժամանակ կոմիտեն տնտեսվարողներին հորդորում է խնդիրների դեպքում անմիջապես ահազանգել. ապրանքների արտահանումը, ներկրումը, արտադրությունը և առևտրի կազմակերպումն ամենօրյա հսկողության ներքո է, և ՊԵԿ-ը պատրաստակամ է, օրենսդրության շրջանակում, անհապաղ լուծում տալ ցանկացած խնդրի>> ,-տեղեկացվում է պաշտոնական հաղորդագրությամբ: Երկու ամսից ավելի է, ինչ տնտեսության ռազմավարական այս կառույցը՝ Կոմիտեն, գտնվում է Կարեն Կարապետյանի վերահկողության ներքո, Վարդան Հարությունյանի ձեռքերում , մենք հիշում ենք, որ Կարեն Կարապետյանի վարչապետ նշանակվելիս բոլոր կողմերից փաստում էին, որ նրան լիակատար ազատություն է շնորհված, հետեւաբար նաեւ իր կադրերին: Հետաքրքիր է՝ այս պարագայում ի՞նչն է խանգարում արմատախիլ անել նախկինում հաստատված արատավոր համակարգը, որի մասին փաստում է նոր Կառավարությունը, ու խաղի նոր կանոններ սահմանել: Համակարգը ձեր ձեռքերում է, գործիքաշարը՝ նույնպես,հետեւաբար անհասկանալի է՝ ում դեմ է ձեր բողոքի ձայնը, այս հաղորդագրությունը, սա ձեր գործունեության տիրույթն է, ու ըստ գործառության՝ ՊԵԿ-ն է խոչընդոտներ ստեղծում կամ դրանք հարթում տնտեսվարողների առջեւ: Հիմա ով ում դեմ է բողոքում, սա նշանակու՞մ է, որ Վարդան Հարությունյանը չի տիրապետում համակարգին ու ստորին օղակներում, այսպես ասած, չեն ենթարկվում իրեն ու ինքնագործունեություն են իրականացնում: Եթե այդպես է, ապա պետք է պարզ ասել, եթե՝ոչ,ուրեմն անուններ է պետք հրապարակել, թե մասնավորապես ինչպիսի անձիք են խոչընդոտում ներկրումը:

Իսկ եթե նման հաղորդագրություններով փորձ է արվում հանրությանը ցույց տալ, որ Կարեն Կարապետյանն ու իր թիմը հերոսական պայքար են տալիս մենաշնորհների դեմ ու այդ պայքարի ճանապարհը լի է խոչընդոտներով, ապա հանրությանը վստահաբար այդ ամենը քիչ է հուզում, քանզի Հայաստանում ապրելն այսօր ինքնին հերոսություն է արդեն:




Չմոռանաք միանալ մեր ֆեյսբուքյան էջին 😉


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
loading...

You might also like More from author