Սամվել Ալեքսանյանի «առաջին զանգը»

151

Մայիսի 19-ին լրատվամիջոցների ղեկավարների հետ հանդիպմանը Արթուր Վանեցյանը հայտնել էր, որ կոռուպցիոն շղթաների բացահայտման մասին քրեական գործեր են հարուցվել: Նա խոստացել էր, որ քննության ավարտին ապօրինի հարստացած մարդիկ պետք է վերադարձնեն գումարները պետական բյուջե: Վանեցյանն ասել էր, որ 350 մարդ տեղյակ չեն, որ իրենց անունով գրանցված կազմակերպություններ կան, որոնք իրականացնում են տնտեսական գործունեություն և հարկեր չեն վճարում:

«Ժողովուրդ» թերթի տեղեկություններով՝ ԱԱԾ կողմից ձեռնարկված գործողությունների ընթացքում ամենաշատ կալանավորվածները ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ղեկավարած ընկերություններից են, որոնց թիվը անցնում է մի քանի տասնյակը:

Ինչպես երևում է՝ Ալեքսանյանի գործերն այնքան էլ լավ չեն, և վերջինս դարձել է Հանրապետական առաջին օդիոզ օլիգարխը, ով գործնականում իր վրա զգաց հեղափոխության շունչը:

Եվ սա այն դեպքում, երբ ժամանակին Սամվել Ալեքսանյանը բոլորիս հրավիրում էր բիզնեսի դասընթացների, որտեղ ի թիվս այլ հմտությունների՝ խոստանում էր մաքուր բիզնես անել սովորեցնել: Ինչպես երևում է՝ իր աշխատակիցների հետ նման թրեյնինգներ Ալեքսանյանը չի անցկացրել, հետևանքն էլ տխուր է՝ հաշվի առնելով, որ ստուգումները դեռ նոր-նոր են սկսվել և այս խմորը, ինչպես ասում են, դեռ շատ ջուր կտանի: Այս տարիների ընթացքում բազմաթիվ հրապարակումներ են եղել՝ կապված Ալեքսանյանի «օբյեկտներում» օրինականությունից կիլոմետրերով հեռու երևույթների առկայության մասին:

Սակայն Ալեքսանյանի գրպանից սնվող Հանրապետական կուսակցությունը և նրա ենթակայության տակ գտնող պատկան, լիազոր մարմինները չտեսնելու են տվել այս ամենը: Դա էլ է հասկանալի. նախկին իշխանությունները չեն ցանկացել կտրել այն ճյուղը, որի վրա հարմարավետորեն բազմած էին:

Իսկ այժմ Ալեքսանյանին չեն օգնում ոչ հեղափոխության շրջանում Փաշինյանին ուղղված բացահայտ ռևերանսները, ոչ այն դարակազմիկ միտքը, որ «Նիկոլը մեր ախպերն ա», ոչ էլ մայիսի 8-ին Ալեքսանյանի կողմից հօգուտ Փաշինյանի սեղմած կոճակը: Սա, թերևս, դրական ազդեցություն ունենա միայն գործարարի խղճի վրա. նա հետագայում կկարողանա հպարտանալ, որ «բուռն» խորհրդարանական գործունեության ընթացքում գոնե մեկ անգամ ժողովրդի համար է կոճակ սեղմալ և ոչ թե իր բիզնեսների:

Ստելլա Խաչատրյան




Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache