Լրահոս

Սամվել Ալեքսանյանի հարցը վաղը հարկայինը կպարզի. ՊԵԿ նոր նախագահը վճռական է

 

2016-12634_am_2_725094831

lragir.am — Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը Ազգային ժողովում պատասխանեց լրագրողների հարցերին: Ներկայացնում ենք հարց ու պատասխանը:

Պարոն Հարությունյան, ի՞նչ եք նախատեսում անել բիզնեսի համար բարենպաստ պայմաններ ու միջավայր ստեղծելու ուղղությամբ:

Ես բազմիցս էդ հարցին պատասխանել եմ: Մեկ ամիս է, ինչ ես բիզնեսի ներկայացուցիչ չեմ, բայց 25 տարի եղել եմ բիզնեսի ներկայացուցիչ, խոշոր բիզնեսի ներկայացուցիչ և շատ լավ գիտեմ բիզնեսի ունեցած պրոբլեմները, որոնք պետք է լուծել բիզնեսի համար, որպեսզի դաշտն ավելի բացվի: Այնպես որ, քայլերը կանենք, կտեսնեք:

Որո՞նք են նախկինում եղել բիզնեսի զարգացման խոչընդոտները, ուսումնասիրե՞լ եք:

Հայտարարել եմ՝ ստվերի դեմ կպայքարեմ, կտեսնեք: Կամ պտի պայքարենք, կամ չպայքարենք: Ես միտված եմ պայքարելու:

Բայց կկարողանա՞ք, տնտեսությունն օլիգարխների ձեռքում է:

Այո, կկարողանանք: Ո՞նց ենք պայքարելու, պայքարելու ենք պայքարելով:

Դուք ասում եք, որ պայքարելու եք, բայց, օրինակ, վերջերս հայտնի դարձավ, որ խոշոր ընկերություններից Ալեքս Գրիգը (Սամվել ալեքսանյանի ընկերությունը. խմբ) 2 մլրդ դրամով պակաս հարկեր է վճարել:

Կներեք, դա կարող է իրենց շրջանառությունն է իջել, ինչի՞ եք դուք ըտենց գնահատական տալիս: Բերեք հասկանանք, թե հարկերն ինչի արդյունքում են իջել, ներմուծումներն ու շրջանառությո՞ւնն է նվազել, թե դա ստվեր է: Եթե դա ստվեր է, ես ձեզ հավաստիացնում եմ, որ պայքարելու եմ: Իսկ եթե դա ընդամենը շրջանառության նվազման արդյունքում է, դա այլ խնդիր է: Հիմա ես չեմ կարող այդ հարցին պատասխանել, ձեզ կպատասխանեմ վաղը:

Վարչապետի հայտարարությունից հետո, թե ով ինչ ուզում է, կարող է ներկրել Հայաստան, ո՞ր ոլորտներում են նոր ներկրողներ հայտնվել:

Դիզելային վախելիք ներկրող ունենք, բանան ներկրող ունենք:

Ո՞վ է բանան ներկրողը:

Չգիտեմ ով է, ես չեմ հիշում: Մեկ-երկու մեքենա արդեն ներկրել է, հարկային ու մաքսային մարմինների կողմից ոչ մի խոչընդոտ չի եղել:

Գործարարներից ներկրումների արգելքի մասին բողոքներ ստացե՞լ եք:

Որ բողոք լինի, դուք էլ ինձ օգնեք: Կարող ենք ասել, որ խոչընդոտ չկա, ով ուզում է ամեն ինչ թող ներկրի, ինչը ՀՀ օրենսդրության շրջանակներում է:

Ասում են՝ Միհրան Պողոսյանի մարդիկ խոչընդոտել են բանանի ներկրման հարցում, ասել, թե կառավարության ներկայացրածը հեքիաթ է:

Միհրան Պողոսյանից հարցրեք, ես իրա մամուլի քարտուղարը չեմ:

Առաջին ՊԵԿ նախագահը չեք, որ խոսում եք ստվերի դեմ պայքարի մասին, ձեզ ինչքա՞ն ժամանակ է պետք, որպեսզի ուսումնասիրեք ու հայտարարեք, թե ովքեր են ստվերում և ինչ գործունեություն են իրականացնում:

Ես իմ փոխարեն եմ պատասխան տալիս, կարող եմ ասել էն, ինչ ես եմ անելու: Իհարկե, պետք է յուրաքանչյուր հարկային տեսչության պետ իր տարածքում գույքագրի, հասկանա, ներկայացնի, եթե կա ստվեր, պետք է ես տեղը իմանամ: Շատ կարճ ժամանակ է պետք դրա համար, երկար ժամանակ պետք չէ: Իմանալուց հետո պետք է պայքարել դրա դեմ, որը և անելու եմ: Ասում եք՝ ո՞նց եք պայքարելու, տարբեր ձևեր կան, միակ ձևը՝ պետք է պայքարել:

Ասում են՝ երկար ժամանակ ձեզ համոզել են, չեք համաձայնել դառնալ ՊԵԿ նախագահ, ինչո՞ւ:
Նման բան չկա:
ՊԵԿ-ում կադրային փոփոխություններ եք անում, թիմը ձեր մարդկանցո՞վ եք համալրում:
Իմ մարդկանցով է համալրվում, համալրվում է պրոֆեսիոնալ մարդկանցով, և էլի են կատարվելու փոփոխություններ: Էն մարդիկ, որոնք իմ կողմից դրված խնդիրները չեն կարողանալու կատարել, միանշնակ լքելու են թիմը:
Այսինքն՝ նախկին թիմը պրոֆեսիոնա՞լ չէր:
Պրոֆեսիոնալ էր, բայց բան է փոխվել, եկեք հասկացեք, որ բան է փոխվել: Էսօր խաղի կանոն է փոխվել, և էդ խաղի կանոնը ես եմ ֆիքսում: Ես ունեմ իմ ֆիքսած խաղի կանոնը և պետք է աշխատեմ էն թիմի հետ, որը ես եմ ընտրել:
Խաղի ի՞նչ կանոն է փոխվել, կմանրամասնե՞ք: Հնարավո՞ր է հարկահավաք մարմնից իսկապես հարկային մարմնի վերածեք այս կառույցը:
Մենք պետության ներկայացուցիչն ենք յուրաքանչյուր բացված բիզեսի մեջ՝ հարկերի տեսքով: Պետությունը հանդիսանում է փայատեր յուրաքանչյուր բիզնեսում, և այդ փայի ներկայացուցիչը հարկային մարմիններն են: Եթե բիզնեսմենը պարկեշտ և առանց խաբելու պետության փայաբաժինը վճարում է, մենք պետք է ուղղակի խթանենք էդ բիզնեսի զարգացմանը: Իսկ եթե կլինեն բիզնեսմեններ, որոնք կփորձեն թաքցնել, պայքարելու ենք նաև էդ բիզեսմենների դեմ:
Դուք բիզնես ունե՞ք:
Ես բիզնես ունեցել եմ, իմ ընտանիքն ունի՞, իհարկե, ունի:
Իսկ ձեր կողմից հովանավորչություն կամ խտրական վերաբերմունք չի՞ լինի ձեր ընտանիքի բիզնեսի հանդեպ:
Ոչ, բացառվում է:
Մաքսային հսկիչ գների հետ կապված լուրջ խնդիրներ կան, երբ կլուծվի:
Էդ բոլոր պրոբլեմներից տեղյակ եմ, ժամանակ տվեք, շտկեմ: Ժամանակ, էդքան բան, կարճ, կարճ, կարճ:
Ձեր հայտարարագրում ներկայացրած հարստությունը ձեր բիզնեսի միջոցո՞վ եք ձեռք բերել:
Իսկ ձեզ ո՞նց է թվում, եթե ես բիզնեսմեն եմ եղել, հաջողակ բիզնեսմեն 25 տարի, ի՞նչ պետք է լիներ, պետք է վաստակ չունենայի այդ բիզնեսո՞ւմ: Եթե ես հաջողակ չլինեի, ուրեմն հայտարարագրումս չէր լինի այն, ինչ կա:
Ձեր նախորդների խոստումները չեն կատարվել:
Ես նախորդների փոխարեն չեմ խոսում: Հիմա երաշխիքը իմ անձն է: Եթե վստահում եք, վստահեք ու պահանջեք:

Չմոռանաք միանալ մեր ֆեյսբուքյան էջին 😉


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
loading...

Հրապարակող՝

hing.am

hing.am