Լրահոս

Սամվել Ալեքսանյանին կձերբակալե՞ն

 

սամվել-ալեքսանյան

politik.am— Օրերս «Հայկական Ժամանակ» օրաթերթը հրապարակել է մի տեղեկատվություն, որտեղ ՀՀ ԱԺ գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանի նախկին աշխատակիցը  պատմել է իր հետ կատարվածը.«Մեզանից ազատվելու համար, որ մնացածի աչքը վախենա, դիմեց նման քայլի:Ասեց՝ ինչ ունեք չունեք պետք է վերցնեմ ձեզանից ու վերցրեց: Ես ունեցել եմ ավտոլվացման կետ, վարսավիրանոց, հացի փուռ, ավտոտնակ եւ բնակարան, որը ստեղծել եմ ես իր մոտ աշխատելով, բակներից փող վերցնելով: Ալեքսանյանն ասեց, որ դրանք պետք է տամ իրեն»,- պատմեց Արմեն Իսրայելյանը՝ նշելով, որ դրանից հետո իրեն մի քանի օր պահել են Ալեքսանյանի ընկերություներից մեկում: Ղազարյանը խնդրել է, որ թողեն գնա տուն եւ սեփականության վկայականները բերի եւ անվանափոխություն կատարի, սակայն ազատվելով հսկողությունից, մեկնել է Վրաստան, որտեղից էլ խոսել է Սամվել Ալեքսանյանի հետ՝ ասելով, որ կվերադառնա Հայաստան, սակայն Սամվել Ալեքսանյանը զգուշացրել է, որ սահմանը չանցնի, քանի որ իրեն իրավապահները կբռնեն: Հաջորդ օրը վրացի իրավապահները Իսրայելյանին բերման են ենթարկում ոստիկանություն, որից հետո բերում հայ-վրացական սահման՝ հանձնելով հայ սահմանապահներին: «Իրենք 15-20 րոպե պահելուց հետո անցկացնում են հայկական սահմանը եւ տալիս են ինձ ոստիկանության աշխատակիցներին: Իրենք ինձ դնում են իրենց մեքենայի մեջ, զանգահարում են ինչ-որ տեղ, որ ինձ թողեն: Իմ հետեւից էլ Սամվել Ալեքսանյանն արդեն մարդ է ուղարկել, որ ինձ հետ բերեն: Իր ամենավստահելի հուդային, անունը հետո կասեմ: Զանգում են վերեւներից, իրենց ասում են, որ տվեք այդ մարդկանց, ովքեր եկել են, թող տանեն: Ինձ տալիս են այդ մարդկանց, որոնց հետ գալիս եմ քաղաք»,- մանրամասնել է Արմեն Իսրայելյանը` ավելացնելով, որ իրեն առևանգել և պահել են մի տեղում, որտեղ մշտապես պահում են այն մարդկանց, ովքեր խնդիրներ են ունենում  Սամվել Ալեքսանյանի հետ:

Փաստորեն Արմեն Իսրայելյանի խոսքերի համաձայն պատգամավորը հաճախ է մարդկանց առևանգել և պահել ինչ որ անհայտ վայրում: Իրականում առաջին անգամ չէ, որ գրվել կամ խոսվել է Սամվել Ալեքսանյանի նման կրիմինալ գործունեության մասին, սակայն այստեղ արտառոցն այն է, որ պատգամավորի կրիմինալ շղթայի մասնակիցն է ներկայացնում կատարվածը: Վստահորեն կարելի է ասել, որ նա գիտի շատ ավելին և կարող է օգնել իրավապահ համակարգին բացահայտել այս տարիներին Սամվել Ալեքսանյանի կողմից իրականացված օրինախախտումները:

Իշխանությունները քառօրյա պատերազմից հետո խոսում են, որ երկրում իրավիճակ է փոխվել և այլևս օրենքը գործելու է բոլորի համար: Սամվել Ալեքսանյանի հետ կապված այս պատմությունը լավագույն հնարավորությունն է, որպեսզի իշխանությունները ապացուցեն իրենց խոսքի և գործի համարժեք լինելը:

Դեռևս պաշտոնական որևէ արձագանք չի եղել Սամվել Ալեքսանյանի նախկին աշխատակցի հայտարարության առնչությամբ: Անհասկանալի է, արդյոք հարուցվել է քրեական գործ` սույն անձի հայտարարությունների հիման վրա: Եվ եթե պարզվի, որ իրականում պատգամավոր Ալեքսանյանը մեղավոր է, արդյո՞ք դատախազությունը կառաջարկի ԱԺ-ին զրկել Ալեքսանյանին պատգամավորական անձեռնամխելիությունից և կձերբակալի: Թե՞ այս անգամ էլ իշխանության հովանավորյալին հնարավորություն կտրվի կոծկել գործը:

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

armhing

armhing