Լրահոս

Սամվել Ալեքսանյանն առաջ է մղում քրոջ որդուն

 

«Երեւանի Նոր Նորք վարչական շրջանում շուտով կբացվի ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Մեգա Մոլ Մասիվ» բազմաֆունկցիոնալ առեւտրի կենտրոնը: Armtimes.com-ն ավելի վաղ գրել էր, որ այդ մոլը Երեւանի ամենամեծ մոլն է իր չափսերով, ընթակառուցվածքներով եւ նախատեսված գործառույթներով:

Պարզվում է, որ մոլի կառուցապատումն իրականացվել է պատգամավորի քրոջ որդու՝ Արթուր Պետրոսյանին պատկանող «ԷՅ ԸՆԴ ՓԻ ԳՐՈՒՊ» ընկերության միջոցով: Պետրոսյանը ընկերությունը հիմնադրել է 2014 թվականին: Արթուր Պետրոսյանը Երեւանի ավագանու 2017 թվականի մայիսի 14-ի ընտրությունների ժամանակ եղել է ՀՀԿ-ի համամասնական ցուցակի 139-րդ համարը:

Հանրապետական կուսակցության ավագանու ընտրությունների համար բացված կայքում Արթուր Պետրոսյանի կենսագրականում բացակայում է նրա բիզնես գործունեության մասին հատվածները: Պարզապես գրված է, որ Պետրոսյանը սովորել է Երեւան քաղաքի 179 միջնակարգ դպրոցում (Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան), ապա ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում, ծառայել է ՀՀ զինված ուժերում, ՀՀԿ անդամ է եւ ակտիվ հասարակական գործիչ:

Սամվել Ալեքսանյանի քրոջ որդու հետ քաղաքապետարանն ամենամեծ գործարքը կնքել է 2016 թվականի հունվարի 21-ի՝ Տարոն Մարգարյանի որոշման հիմքով: Գայի պողոտայի 14/1 հասցեում, «Էյ Ընդ Փի Գրուպ» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող հողամասին կից 1172.98 քմ մակերեսով տարածքը ուղղակի վաճառքի միջոցով քաղաքապետարանն օտարել է ընկերությանը` կադաստրային արժեքով, որը կազմում է 8 միլիոն 163 հազար դրամ:

Արթուր Պետրոսյանը կամ «Էյ Ընդ Փի Գրուպ»-ն «Մեգա Մոլ Մասիվ» առեւտրի կենտրոնի հսկայական տարածքի համար վճարում է փոքրիկ գումար: Քաղաքապետարանից մեր մյուս հարցին ի պատասխան հայտնել են, որ Երեւան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի Սաֆարյան 14 հասցեում գտնվող՝ դեռեւս շինարարական աշխատանքները չավարտված, առեւտրի կենտրոնի համար վճարվում է 1 միլիոն 397 հազար ՀՀ դրամ գույքահարկ:

Արթուր Պետրոսյանը ժամանակին եղել է նաեւ «Լուս Աստղ շուգր» (Ախուրյանի շաքարի գործարան) ընկերության փոխտնօրենը: Ախուրյանի շաքարի գործարանը Սամվել Ալեքսանյանին պատկանող անթիվ բիզնեսներից մեկն է: «Հետք» էլեկտրոնային պարբերականը դեռեւս 2013 թվականին գրել էր, որ Արթուր Պետրոսյանին պատկանող հողամասերից 4-ը, ինչպես նաեւ 2 բնակարան եւ 2 ավտոկայանատեղին գտնվում են Հյուսիսային պողոտայում: Հյուսիսային պողոտայում գտնվող բնակարաններից մեկի մակերեսը 140 քմ է, իսկ այդ վայրում մեկ քառակուսի մետր անշարժ գույքի շուկայական գինը սկսվում է 600 հազար դրամից: Նա ունի նաեւ «ԳԱԶ 33021-212» եւ «Ռենջ-Ռովեր Սպորտ V-8» մակնիշի 2 ավտոմեքենա: 2013 թվականի ապրիլի 3-ի դրությամբ` Արթուր Պետրոսյանի հաշվին եղել է 350 միլիոն դրամ, 3 միլիոն 500 հազար դոլար եւ 1 միլիոն 400 հազար եվրո»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

newspress.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

armhing

armhing